Գաղտնիք չէ, որ շատ քաղաքական վերլուծաբաններ ամեն օր տարաբնույթ պատվերներ են ստանում՝ վերլուծելու, ներկայացնելու քաղաքական իրավիճակը Հայաստանում, նաեւ կանխատեսելու ապագա զարգացումները: Իհարկե, ոմանց մոտ ստացվում է, հետաքրքիր նրբերանգների վրա «խաղալով», որեւէ նոր միտք հայտնել: Բայց իրականում պետք է խոստովանենք, որ նորանկախ Հայաստանում երբեւէ իշխանությունը չի փոխվել: Փոխվել են ընդամենը նախագահների դեմքերը: Հիմա փորձենք բացատրել պնդումը՝ ներկայացնելով ՀՀ պետական իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրած երեք կարեւորագույն պաշտոնյաների անցած ուղին: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1998թթ.) Սերժ Սարգսյանը՝ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1993-1995թթ.՝ ՀՀ ՊՆ, 1995-1996թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ԱԱ նախարար: 1996-1999 թթ՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք 1999 թվականին` ՀՀ ԱԱ նախարար, 1999-2000թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2000-2007թթ.՝ ՀՀ ՊՆ, 2007-ին ՀՀ վարչապետ (այսօր նախագահ): ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Տեր-Պետրոսյանի օրոք 1995-1999թթ. ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: Ռ. Քոչարյանի օրոք 1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ, 2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, 2001-2002թթ. ՀՀ ՏԿՆ, 2002-2005թթ. ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 2005-2007թթ. ՀՀ ՏԿՆ` համակարգող նախարարի գործառույթներով, 2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿՆ: Սերժ Սարգսյանի օրոք 2008-ից մինչ օրս ԱԺ նախագահ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տեր-Պետրոսյանի օրոք 1990-1995թթ. – ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1998թթ. – Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1995-2008թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն: Ռ. Քոչարյանի օրոք 1998-2008թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ: Սերժ Սարգսյանի օրոք 2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ: Այսպիսով՝ հայ հասարակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքը պարզապես «կրակն է ընկել»: Նրանք պարբերաբար տարբեր եղանակներով իշխանությունը 21 տարի է՝ փոխանցում են միմյանց՝ շարունակելով պայքարել իշխանության սեփական չափաբաժինը պահելու համար: Եւ այսօր խոսել Հայաստանում քաղաքական գործընթացների մասին, մի տեսակ անիրական է: