Կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը հրաշալի առիթ էր ընդդիմադիր գործիչների համար, որպեսզի իրենց քննադատական ելույթներում հիշատակեին Սերժ Սարգսյանին ու նրա փեսա Միքայել Մինասյանին:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծը նշանակում է հերթական անգամ մտնել քաղաքացու գրպանը: Անդրադառնալով կառավարության առաջարկին, որ կենսաթոշակի համար քաղաքացու վճարած գումարները պետք է կուտակվեն մասնավոր ֆոնդերում, Փաշինյանը նշեց. «Իրադարձությունների իշխանական սցենարի հաջող ավարտի դեպքում մեր ֆոնդերի պահապանները կլինեն հիմնականում Սարգսյան ազգանունով մարդիկ»: Ու մինչ դահլիճում անհանգիստ շարժումներ կանեին, Փաշինյանը հանգստացրեց, թե «խոսքը դահլիճում նստած Մինասյանների մասին չէ»: Իսկ ելույթի վերջում նա դիմեց Սերժ Սարգսյանին. «Ձեռքներդ ե՛տ տարեք ՀՀ քաղաքացիների գրպանից: Ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի ձեռքը դուք ինքնե՛րդ ետ տարեք ձեր գրպաններից, այլապես կարող եք օր առաջ ոչ միայն գրպան, նաեւ շալվար չունենալ: Ի դեպ, սա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քաղաքականությունն է՝ նոր մոդիֆիկացիայով»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե կուտակային կենսաթոշակային համակարգը ներմուծվելու է ոչ թե ինչ-որ վերացական մի տնտեսության, այլ այսօրվա ՀՀ-ի արատավոր ու անառողջ տնտեսական եւ քաղաքական համակարգի մեջ: «Եթե չլինի մրցակցություն, կուտակային ավանդներից առաջացած հիմնադրամները կկառավարվեն ծայր աստիճան անարդյունավետ, լավագույն դեպքում կսպասարկեն ներմուծող օլիգարխիայի շահերը կամ, ինչը ավելի հավանական է, ուղղակի կյուրացվեն հիմնադրամների կառավարիչների կողմից: Բնակչությունից վերցված հսկայական միջոցները, այսպիսով, կընկնեն Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող ֆինանսական երիտօլիգարխների՝ Միքայել Մինասյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Գեւորգյանի եւ այլոց ձեռքը, եւ ամբողջ այս ծրագիրը կդառնա պարզապես ժողովրդին թալանելու եւ գործող ռեժիմը վերարտադրելու եւս մեկ միջոց»,-նշեց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը եւս դեմ էր այս նախագծին: Ըստ նրա՝ նման մեծ կարեւորություն ունեցող հարցը պետք է դրվի հանրաքվեի, առավել եւս, երբ ԱԺ մեծամասնությունը պատկանում է միայն մեկ իշխող կուսակցության։ «Քանի դեռ 2014թ. հունվարի մեկը հեռու է, հետաձգե՛ք կենսաթոշակային փաթեթի ընդունումը, գործադրումը։ Պահանջենք հասարակական լայն քննարկումներ, փաթեթն ընդունենք հանրաքվեի միջոցով»,-ասաց նա:
ՁԵՌՔԴ ՀԵ՛Տ ՏԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՐՊԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ