Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելը կարելի է համարել Սերժ Սարգսյանի կողմից երբեւէ ընդդիմությանը մատուցած ամենամեծ նվերը: Բանն այն է, որ իր գործունեության ընթացքում Տիգրան Սարգսյանը միայն լրջագույն ձախողումներ է գրանցում, ամենազավեշտալի ու անհեթեթ հայտարարություններն անում: Եւ այդ ամենով ընդդիմությանը լավ հնարավորություներ տալիս` իրեն ու իշխանությանն անխնա քննադատելու համար: Օրինակները շատ են. թեկուզ այս հինգ տարիներին ՀՀ-ում աղքատության շեշտակի աճը, արտագաղթի աննախադեպ ծավալները, տնտեսության փոշիացումը կամ Տ. Սարգսյանի հավաստիացումները, որ համաշխարհային ճգնաժամը կշրջանցի Հայաստանը:
Բայց Տիգրան Սարգսյանն ունի նաեւ արժանիքներ: Երբեմն-երբեմն լրագրողների հետ զրուցելիս նա այնքան է անկեղծանում, որ բացահայտում է ներիշխանական գաղտնիքները: Հավանաբար շատերն են հիշում արտագաղթի մասին վարչապետի հայտարարությունները, երբ խոստովանել էր. «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն»: Ճիշտ է, հետո նա փորձեց արդարանալ, թե այս ամենն ասել է կատակով: Սակայն արդեն ուշ էր. նա բացահայտել էր իշխանությունների իրական մտածելակերպն ու ծրագրերը: Տ. Սարգսյանի բացահայտումները, բնականաբար, այսքանով չեն սահմանափակվում:
Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում էլ նա շատ ավելի սկանդալային հայտարարություն է արել՝ այս անգամ անհարմար դրության մեջ դնելով Սերժ Սարգսյանին: Երբ «Ժողովուրդ»-ը Տ. Սարգսյանին հարցրել էր, թե հայտնի խորհրդակցության ժամանակ կառավարության հասցեին Ս. Սարգսյանի քննադատությունից հետո մի՞թե ճիշտ չէր հրաժարական ներկայացնելը, վարչապետը պատասխանել էր. «Մենք Ս. Սարգսյանի քննադատությունը դիտարկում ենք որպես քարտ-բլանշ, որը տրվել է կառավարությանը գնումների բնագավառում կարգուկանոն հաստատելու ու ավելի խիստ մոտեցումներ դրսեւորելու համար, ինչն էլ տեսնում եք։ Կարծում եմ՝ նախագահի քննադատությունը տեղին էր, եւ այսօր մենք հնարավորություն ունենք օգտվելու այդ քարտ-բլանշից ու վճռական գործողություններ իրականացնել»:
Փաստորեն, Տ. Սարգսյանը խոստովանում է, որ ե՛ւ Ս. Սարգսյանը, ե՛ւ ինքը, ե՛ւ իշխանության մյուս ներկայացուցիչները տարիներ շարունակ իմացել են պետական գնումների «ոլոլորտում» կատարվող ապօրինությունների մասին: Միայն թե մինչեւ հիմա այդ չարաշահումների դեմ պայքարելու եւ վճռական գործողություններ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել, որովհետեւ նախկինում Ս. Սարգսյանը «քարտ-բլանշ» չի տվել: Նշենք, որ խոսքը միլիոնավոր դրամների յուրացման ու փոշիացման մասին է: Եւ Տ. Սարգսյանի խոստովանությունից ստացվում է՝ միայն «քարտ-բլանշ» տալուց հետո է ինքը հնարավորություն ստացել «թեւերը քշտած» վճռական գործողություններով աջ ու ձախ պայքարել այդ ամենի դեմ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի այս հայտարարություններին, ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ Ս. Սարգսյանը պետք է քարտ-բլանշ տա նման հարցերը լուծելու համար: Բոլորը սպասեն, որ նախագահն ասի՝ եկել է պահը, սկսե՛ք այդ գործերով զբաղվել, ծիծաղելի է: Վարչապետը եթե «քարտ-բլանշ» արտահայտությունն է օգտագործում, նշանակում է՝ մինչեւ հիմա այդ «քարտ-բլանշը» չկար, այդպես նա մեղադրանք է ներկայացնում նաեւ ՀՀ նախագահին: Իսկապես, չի կարելի այս ձեւով կառավարում իրականացնել»:
ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, փորձում էին հակառակն ապացուցել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը գիծ է քաշել՝ անթույլատրելի են արատավոր դեպքերը, ու պայքարը պետք է այնպես տանել, որ հանրությունը զգա դրական փոփոխությունները: Իսկ Կարինե Աճեմյանն ասաց, թե կոռուպցիայի դեմ նախկինում էլ են պայքարել, պարզապես հիմա դա անում են ավելի մեծ տեմպերով:
Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով՝ «Հանցագործության մասին չհայտնելը», հանցակազմի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
ԻՄԱՑԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ