ՃՈ-ն դատի է տալիս դատավորներին. վերջիններս ևս խախտում են օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր դատավորների եւ ճանապարհային ոստիկանության միջեւ առկա դատական քաշքշուկին: Պարզվում է՝ բացի ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից, ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2013թ նոյեմբերի 21-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դատավոր Արայիկ Մելքումյանից գանձել 50.000 դրամ:

Ինչպես փորձն է ցույց տալիս՝ դատավորը ձեռնունայն չի նստել եւ ի սկզբանե նպատակ է ունեցել չվճարել 50.000 դրամ: Հակընդդեմ հայցով դիմել է դատարան եւ հայտնել, որ տուգանքի գումարն ամբողջությամբ վճարել է, սակայն գործը նախագահող դատավոր Ռաֆիկ Խանդանյանը դատավորի հակընդդեմ հայցը հետ է վերադարձրել եւ 2014թ փետրվարի 13-ին ճանապարհային ոստիկանության պահանջի հիման վրա դատաքննություն նշանակել: Եվ, ահա, 50.000 դրամ տուգանքի շուրջ քննությունը տեւել է շուրջ մեկուկես տարի, որն էլ իր հանգուցալուծումը ստացավ 2015թ մարտի 26-ին: Տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանը պարզել է՝ իրոք, դատավորը վճարել է ՃՈ տուգանքը, եւ, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանություն ծառայության հայցն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին մերժել է:

Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արայիկ Մելքումյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի միակ դատավորը չէ, որ ճանապարհային ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել:

2014թ հոկտեմբերի 15-ին նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն էլ է դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչել: Ավելին՝ Մեսրոպ Մակյանը միջնորդություն է ներկայացրել արգելել դատարան ԴԱՀԿ ծառայության որոշակի գործողություն կատարումը, սակայն գործը նախագահող դատավոր Հրաչյա Այվազյանը դատավորի միջնորդությունը մերժել է:

Իսկ ինչո՞ւ է դատավորը դիմել դատարան եւ, առհասարակ, ինչ խնդիր է ունեցել, որ գործը հասել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:
Պարզեցինք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը եւս ճանապարհային ոստիկանության հետ տուգանքի հետ կապված խնդիր է ունեցել եւ, ըստ էության, դատավորը չի կատարել իր պարտավորությունը, եւ ԴԱՀԿ ծառայությունը դատավորի գույքի վրա արգելանք է դրել, որպեսզի գանձի տուգանքը:

Եվ, ահա, Մեսրոպ Մակյանն էլ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ԴԱՀԿ-ի բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչել:

Սակայն երկու ամիս անց ԴԱՀԿ ծայառությունը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայտնելով, որ կատարողական վարույթի ուսումնասիրության արդյունքում պարզել է՝ դատավորի կողմից «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական ակտը ենթակա չէ կատարման, եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերացրել են պարտապանի գույքի վրա դրված արգելանքը:

Եվ այս ամենը հիմք է հանդիսացել, որպեսզի ՀՀ վարչական դատարանը Մեսրոպ Մակյանի պահանջը բավարարի եւ ԴԱՀԿ բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կարճի:

Ինչպես նկատում ենք՝ բոլոր դեպքերում էլ դատավորները ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված հայցերը «ընկերաբար չեն բավարարել»: Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը մշտապես պարտվել է դատարաններում (գոնե այն դեպքերում, որոնք մենք ուսումնասիրել ենք): Պատկերացնո՞ւմ եք, եթե վերոնշյալ դատավորները լինեին հասարակ քաղաքացիներ: Դժվար թե դատարանում հաղթեին այնպես, ինչպես հիմա` դատավորի կարգավիճակում: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ բոլոր դատավորների դեպքում ՀՀ ՃՈ-ն մշտապես սխալ է գործել: Մինչդեռ ՀՀ շատ քաղաքացիներ իրականում շարունակում են կքել տուգանքների բեռի տակ: Վարորդներ կան, որ արդեն կիլոգրամով են կշռում իրենց ստացած տուգանքների մասին ծանուցումներն ու դատական հայցերը: Նրանք չեն էլ կարողանում ապացուցել իրենց ճշմարտացիությունն ու անմեղությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս