Պարզվում է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ճկույթը կտրած եւ հոկտեմբերի 22-ից հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 20-ամյա երիտասարդ է: Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել գողության համար:
Սերոբի մայրը հայտնել է, որ որդուն դատապարտել են կոչումով մայոր Արմեն Գաբրիելյանի որդու՝ Անդրանիկի փոխարեն: Վերջինիս հայրը կարողացել է, իր կապերն օգտագործելով, որդուն ազատել պատժից, իսկ նրա փոխարեն ճաղերի հետեւում է հայտնվել սրտի, զարկերակային ճնշման խնդիր ունեցող Ս. Մխիթարյանը` ՔԿՀ-ում մնալով անօգնական վիճակում՝ առանց բուժօգնության: Եւ այդ ամենը ստիպել է դատապարտյալին կտրել ճկույթը եւ ուղարկել «Հենարան»-ի խմբագրություն:
Նշենք, որ Ս. Մխիթարյանի հետ միասին հացադուլ են հայտարարել նաեւ նրա խցակիցները. երկուսը կարել են բերանները, մեկն էլ սպասում է իր դատավճռին, որպեսզի ի նշան բողոքի՝ նաեւ իր ճկույթը կտրի եւ ուղարկի դատախազին՝ իրենց խնդրով լրջորեն զբաղվելու համար: Նրանք խմբագրություն ուղարկած նամակում ներկայացրել են կալանավայրում տիրող վիճակը: Նշել են, որ իրենք բուժօգնության կարիք ունեն, սակայն այնտեղ իրենց «շան տեղ» չեն դնում: Եւ բուժանձնակազմն այնքան է անտեսել իրենց պահանջները, որ Սերոբ Մխիթարյանը ՔԿՀ-ի ադմինիստրացիային զգուշացրել է իր ճկույթը կտրելու որոշման մասին եւ իրագործել:
Ավելի ուշ ՔԿՀ է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը՝ իրավիճակը պարզելու:
Հիշեցնենք, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում տույժի տարբեր միջոցներ են կիրառվել ՀՀ ՔԿՀ-ների 82 աշխատակիցների նկատմամբ: Աշխատանքից ազատված վերջին անձանցից մեկը կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմից է՝ Ներսես Մարտիրոսյանը, ում վերաբերյալ տեղեկություններ կային, որ նա դանակով հարձակվել է դատապարտյալի վրա:
ՃԿՈՒՅԹԸ ԿՏՐԵԼԸ` ԲՈՂՈՔԻ ՆՇԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ