Գուցե կնամեծարության չափաբաժինը մեծ է եղել, բայց մենք ոչ մի սահման չենք անցել. Մկո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, «Տնփեսա» սիթքոմի ավարտից հետո աշխատելու է նոր նախագծերի վրա: Հումորիստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ հայ հասարակության համար ամենասուր հումորը, սովորաբար, սոցիալական եւ քաղաքական բնույթ ունի: Մկրտիչը կիսվել է նաեւ իր զավակների ապագային առնչվող մտահոգություններով` նկատելով, որ ինչքան էլ ինքը նրանց համար ապահովի կայուն կյանք, կան գործոններ, որոնք առավել որոշիչ են:

-Մկրտի՛չ, «Տնփեսա» սիթքոմի ավարտից հետո Ձեզ նոր նախագծում, անսպասելի կերպարում կտեսնե՞նք:

-Իհարկե, կտեսնեք. պատրաստվում են նոր նախագծեր, կան մի քանի գաղափարներ, որոնց վրա մտածում ենք եւ աշխատում: Ինքս փորձում եմ ամեն անգամ նոր կերպարով ներկայանալ, աշխատում եմ, որ հաջորդ կերպարս կտրուկ տարբերվի նախորդնեից. եթե այդպես չլինի, աշխատանքի արդյունքը կդառնա անհետաքրքիր թե՛ ինձ համար, թե՛ հեռուստադիտողի:

-Սիթքոմում Անուշավան պապիկի կերպարը ոմանց կողմից շատ սիրվեց, ոմանց կողմից էլ` քննադատվեց. վերջիններս պատճառաբանում էին, թե կնամոլ պապիկի կերպարը կարող է դիտվել որպես անհարգալից վերաբերմունք տարեցների նկատմամբ: Ի՞նչ կասեք:

-Պապիկի այս կերպարը դարձավ հոգեհարազատ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, պատճառներից մեկն այն է, որ այն իր մեջ անիմացիոն էլեմենտներ հիշեցնող տարրեր էր պարունակում, եւ հեռուստադիտողին երբեմն կարող էր թվալ, թե ինքը մուլտֆիլմի հերոսի է դիտում: Ես նախկինում էլ բազմիցս խաղացել եմ պապիկների կերպարներ, բայց այս սիթքոմում ինձ հաջողվեց ստեղծել պապիկի նոր կերպար: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ մարդիկ տարբեր են: Կնամոլությունն իմ կերպարին բնորոշող ամենավառ գծերից մեկն էր: Համաձայն եմ, որ գուցե որոշ դեպքերում կնամեծարության չափաբաժինը մեծ է եղել, բայց մենք ոչ մի սահման չենք անցել եւ ոչ ոքի չենք վիրավորել:

mko5

-Լավ, իսկ առաջիկայում գեղարվեստական ֆիլմերում Ձեզ կտեսնե՞նք:

-Այո, հիմա «Շարմ» ընկերությունը նկարահանում է ֆիլմ, որին մասնակցություն ունեմ նաեւ ես, բացի այդ` լինելու է եւս մեկ ֆիլմ, որի շրջանակում կերտելու եմ գլխավոր հերոսի կերպարը, նաեւ հանդես եմ գալու որպես պրոդյուսեր: Շատ եմ ուզում ուժերս կենտրոնացնել եւ լրջորեն զբաղվել նոր աշխատանքներով:

-Իսկ մեր քաղաքական դաշտում կա՞ն երեւույթներ կամ կերպարներ, որոնց կուզենաք ինչ-որ կերպ անդրադառնալ:

-Մեր երկիրը «հարուստ» է թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական բնույթի նման երեւույթներով, որոնք ակտուալ են եւ, ցավոք սրտի, դեռ երկար տարիներ ակտուալ կմնան: Համենայն դեպս, հայ հասարակության համար ամենասուր, ակտուալ թեմաները սոցիալական եւ քաղաքական թեմաներն են:

-Բայց այդ բնույթի հումորները մի տեսակ նույնական չեն դարձե՞լ, երբեմն այնպիսի տպավորություն է, թե հումորիստներն անընդմեջ պտտվում են նույն թեմաների շուրջ:

-Եթե, օրինակ, քաղաքական դաշտը մեռած է, որեւէ թեմա մեկ-երկու անգամ արծարծելուց հետո այլեւս իմաստ չունի անդրադառնալ դրան, այլապես հետաքրքրությունը կորչում է, դու ինքդ քեզ սահմանափակում ես: Ուստի ինքս ամեն անգամ նոր բան ստեղծելիս հաճախ մտածում եմ այս մասին եւ անում եմ հնարավորը` չկրկնվելու համար:

Mko-1

-Դուք երկու զավակ ունեք, նրանց ապագայի հետ կապված ո՞րն է Ձեր առաջնային մտահոգությունը:

-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նրանք ապրեն ապահով երկրում: Յուրաքանչյուր երկրում էլ կարող ես հանդիպել խնդիրների, բայց երբ քո սեփական երկրում պրիմիտիվ հարցերի լուծումը 180 աստիճանով տարբերվում է մյուս երկրներում ընդունված լուծման եղանակներից, կամ երբ զգում ես, որ կայունության կարիք ունես, մտածում ես` վաղը քո երեխաները ինչ պետք է անեն…Իհարկե, փորձում ես ուժերիդ ներածին չափով անել հնարավորը, որ նրանք իրենց ապահով զգան, բայց, ամեն դեպքում, կան ավելի որոշիչ գործոններ, որոնք Չինական պատի պես խոյացել են մեր առջեւ, եւ փոխանակ, ինչպես մյուս երկրներում է լինում, այդ պատը փլվի, այն ավելի է մեծանում…

Աննա Բաբաջանյան




Լրահոս