Երեկ ազատ են արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյանները, ովքերԵրևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են: Armlur.am-ի հետ զրույցում հայտնելով այս մասին, Արմեն Երեմյանը հավելեց, որ գործի առնչությամբ շատ մանրամասների դեռևս չի տիրապետում, քանի որ չի հասցրել այդ թեմայով զրուցել եղբայրների հետ:
Նշենք, որ նրանց բերման էին ենթարկել մարտի 17-ին` իրավապահ մարմինների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
«Իրենք ընդհանրապես առնչություն չեն ունեցել գործին: Որքանով, որ ես եմ տեղյակ, ընդամենը տաքսի սերվիսն է պատճառ եղել, որի մեքենայից էլ օգտվել են կասկածյալները: Ընդամենը դա է եղել պատճառը», – նշեց Երեմյանը:
ՀՀԿ խմբակցության անդամը ընդգծեց, որ եղբայրների` կալանավորված լինելու ժամանակ բազմիցս սխալ տեղեկություններ են շրջանառվել: «Նշում էին, որ իմ եղբայրները զենք են մատակարարել իրենց, դրանք բոլորը սուտ են: Այդպիսի բան ընդհանրապես չկա: Նախաքննությունը շարունակվում է, սակայն երկու ամիս նրանց պահելուց հետո տեսան, որ մերոնք ընդհանրապես կապ չունեն այդ դեպքերի հետ: Պարզ է դառնում, որ եթե նրանք զենք մատակարարած լինեին, այդքան շուտ բաց չէին թողնի», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կրակոցներ էին հնչել, որի հետևանքով զոհվել էին երեք հոգի: Կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը Լևոն Ղազարյանն էր, ով հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, Դրաստամատ Թադևոսյանը, ով հայտնի է «Դերո» անունով և Մեսրոպ Նազարյանցը: ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվում են 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ): Նշենք, որ բացի ավագանու անդամի եղբայրներից ազատ են արձակվել նաև Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը և Նարեկ Հովսեփյանը: