ԳԱԶԻ ԳԻՆԸ ՎԱՂՈՒՑ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը հաստատել է այն տեղեկությունները, ինչ նախօրեին հերքում էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրել էր, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ գազի սակագինը ռուսական կողմը բարձրացրել է, եւ այդ գումարները վճարվել են «Հայռուսգազարդ»-ի՝ հայկական կողմի մասնաբաժինը ռուսներին վաճառելով, իսկ կատարվածն էլ գաղտնի է պահվում: Արմեն Մովսիսյանն էլ կիսաձայն ասել էր՝ «ոչ»: Այնինչ, երեկ պարզվեց հակառակը. «Ազատություն» ռ/կ-ի համաձայն՝ ՊԵԿ-ի մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալներով 2012թ. 3-րդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել մոտ 304.6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որի մաքսային արժեքը կազմել է ավելի քան 74.4 միլիոն ԱՄՆ դոլար: Ու եթե այսքանից հետո նշված գինը բաժանում ենք ներմուծված գազի ծավալի վրա, ապա ստացվում է, որ հազար խորանարդ մետր բնական գազը 2012-ի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 244 ԱՄՆ դոլարով նախկին 220 դոլարի փոխարեն: Այսինքն՝ ՌԴ-ն ՀՀ սահմանի մոտ գազի սակագինը բարձրացրել է, իսկ թե ինչի հաշվին է երկրի ներսում պահպանվել  նույն գինը, դժվար չէ կռահել:




Լրահոս