«ԷՍ ԴՊՐՈՑԸ ՂԱՅԴԻՆ Ա, ԲԱՅՑ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնախնդիրները բազմազան են: Դպրոցի երկու մասնաշենքերն էլ նորոգման կարիք ունեն: Թեեւ դպրոցն ապահովված է դասասենյակներով, սակայն սարքավորումները եւ դիդակտիկ պարագաները չեն համապատասխանում արդի պահանջներին: Իսկ ձմռանը ջեռուցման հարցը գերխնդիր է դառնում:
«Էս դպրոցը ղայդին դպրոց ա, դասատվեքերն էլ ընտիր մասնագետնի են: Բուհերին հազարավոր ուսանողներ է տվել էս դպրոցը, ամեն տարի մի երկու ոսկի մեդալակիր է տալիս: Բայց գեշն էն ա, որ ո՛չ կարգին շենք ունեն, ո՛չ կարգին դուռ-լուսամուտ, ո՛չ էլ դիդակտիկ նյութեր: Խեղճ դասատվեքերի հոգին դուս ա գալիս, դաս պարապելիս կա՛մ կոշիկի կրունկներուն ա պոլի ծակըմը մնում, կա՛մ էլ պոլը էնքան ա ճռճռում, որ էրեխեքի գլուխը գնում ա: Ափսո՞ս չի էս լավ կոնտիգենտը, խի՞ չի էս կառավարությունը մի բանով մեր դպրոցին օգնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկի ծնողը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ:
Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972թ.: Դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանի տեղեկացմամբ՝ ստեղծման օրից մինչ այսօր դպրոցը չի հիմնանորոգվել:
«Կատարվել են մասնակի վերանորոգումներ: Շենքը վթարային չէ, սակայն կապիտալ վերանորոգման կարիք կա: Նախորդող տարիներին հարդարել ենք պատերը, տանիքն ենք փոխել, բայց հատակն անմխիթար վիճակում է: Դպրոցի հատակագծային ընդհանուր մակերեսը 3980 քառ. մետր է: Մի քանի տարի առաջ համագյուղացի բարերարների հովանավորությամբ սալիկապատել ենք դպրոցի գլխավոր մասնաշենքի առաջին հարկի 300 քառ. մետր մակերեսով հատակը: Սակայն ամբողջը հիմնանորոգման կարիք ունի, ինչի առթիվ բազմիցս դիմել եմ տարբեր ծրագրերի: Սակայն էս պահի դրությամբ արձագանք չկա»,-պարզաբանեց տնօրենը: Վերջինս դպրոցի հիմնախնդիրների մեջ առանձնացրեց նաեւ ջեռուցման հարցը. «Մենք դպրոցը դեռեւս ջեռուցում ենք վառարաններով»:
Դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար, սակայն այս պահին սովորում է 271 աշակերտ: Նախորդ տարիների համեմատությամբ այդ թիվը նվազել է 54-ով, չնայած դրան՝ անցյալ տարվա դրությամբ առաջին դասարանցիների թիվն աճել է 4-ով: Այժմ դպրոցում կա 25 առաջին դասարանցի: Տնօրենն այս աճը կապում է համայնքում սոցիալական վիճակի բարելավման եւ ծնելիության աճի հետ:
Ուսուցման դասընթացը կազմակերպում են 47 ուսուցիչ, որոնցից 97%-ն ունի համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն եւ անցել է մասնագիտական որակավորում: Դպրոցում որակյալ մասնագետների առկայությամբ են պայմանավորված հանրապետության բուհերի ընդունելության քննություններում շրջանավարտների բարձր գնահատականները: Ներկայում դպրոցի 128 շրջանավարտներ սովորում են ՀՀ տարբեր բուհերում:
«Տարրական դասարանն ըրեխանցն ինչ-որ ծրագրով սնունդ են տալիս, ինչի հըմար իրանց պարտադրըմ են փող հըվաքել»,-տեղեկացանք դպրոցի ծնողների հետ զրույցում: Այս առթիվ Նազարյանը պարզաբանեց, որ 2010թ.-ից տարրական դասարաններն ընդգրկվել են ՄԱԿ-ի համաշխարհային «Պարենի դպրոցական սնունդ» ծրագրում, եւ գումարների հավաքագրումը կատարվում է սննդակարգի փոփոխության եւ սննդի հավելման նպատակով՝ բացառապես ծնողական խորհրդի միջոցով:
«Ոչ մեկը ոչ մի ծնողի չի պարտադրում: Սա կազմակերպության առաջարկն է, ժողով ենք հրավիրել, խոսել ենք ծնողների հետ ու նշել, որ գումարների հավաքագրումը կատարվում է կամավոր սկզբունքով: Նրանք համաձայնել են ներդրում ունենալ իրենց երեխաների սննդի բազմազանության համար: Իսկ թե ինչով է պայմանավորված նրանց բողոքը, չեմ կարող մեկնաբանել»,-զարմացած նշեց տնօրենը:
Մի խոսքով, ինչպես հանրապետության մյուս դպրոցներում, այնպես էլ Կողբի թիվ 2 դպրոցում հիմնախնդիրները բազմազան են, որոնց լուծման ճանապարհին տնօրինությունը գործնական քայլեր է ձեռնարկում: Երբեմն այդ ջանքերը գոհացուցիչ են լինում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս