ՄԻ ԱՆԿՅՈ՛ՒՆ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցրտերն ընկել են, եւ մենք այլեւս այսպես չենք կարող շարունակել: Մի՞թե մարդկանց խիղճը կորել է, մնացել ենք անտուն, օգնե՛ք մեզ»,-երեկ կառավարության շենքի դիմաց 50-ամյա Հասմիկ Դավեյանն ու նրա միակ դուստրը՝ 14-ամյա Անին, փորձում էին ամեն կերպ փող խնդրել կառավարության շենքից դուրս եկող նախարարներից:
Հասմիկի ամուսինն «Արաբո» ջոկատից է եղել եւ ծանր հիվանդության պատճառով մահացել է. «Հիմա մնացել ենք ես ու դուստրս: Ամեն անգամ գալիս ենք այս շենքի մոտ, որ մեր խնդրին ընդառաջեն»: Հասմիկի պարզաբանմամբ՝ նրանք ապրում են Շորբուլախում, որը Կաթի կոմբինատի հարակից տարածքում է գտնվում. «Ամռանը մեր գոմի նման խցում մնալ մի կերպ է լինում, բայց հիմա սկսվել են անձրեւները, եւ ապրել հնարավոր չէ: Դիմել եմ ուր ասես, ում ասես, էլ չգիտեմ՝ ինչ անեմ, մի հանրակացարան տան` իմ երեխայի հետ կարողանանք ապրել»:
Հասմիկի պատմելով՝ իր միակ դստերը պայմաններ չունենալու պատճառով տվել է գիշերօթիկ դպրոց եւ այս դաժան կյանքում անհոգ է մի հարցում, որ տնօրինությունը հոգատար վերաբերմունք է ցուցաբերում իր հաշմանդամ երեխայի նկատմամբ. «Գիշերօթիկի տնօրեն Խաչիկ Մուրադյանը մեր սոցիալական վատ պայմանները շատ լավ գիտի ու փորձել է մեզ օգնել, բայց, ցավոք, այդպես էլ ոչինչ չստացվեց»:
Մեր զրուցակիցը նաեւ պատմեց ամիսներ առաջ իր դստեր հետ տեղի ունեցած պատահարի մասին. «Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ դուստրս՝ Անին, նույնպես վնասվածքներ ունեցավ: Պարզվում է, երբ հրապարակում հրդեհ է բռնկվել, իրավիճակից սարսափած երիտասարդների բազմության խառնաշփոթի ժամանակ հաշմանդամ դուստրս չի կարողացել փախչել, եւ ձեռքը մնացել է երկաթի տակ: Դե հետո տարան երեխայիս, բժշկական օգնություն ցուցաբերեցին ու էլ ուրիշ ոչինչ»: Հասմիկի պատմելով՝ իր տեսողությունը լավ չէ, եւ այդ պատճառով չի կարողանում աշխատել: «Դե նպաստ ենք ստանում եւ մեր հաշմանդամության թոշակը: Մի կերպ ապրում ենք: Եղբայրներ ունեմ՝ մեկը Ռուսաստանում է, մյուսն այստեղ է ապրում, բայց նա էլ տաքսի է քշում, հազիվ իր ընտանիքին է կարողանում պահել»,-նշեց  ազատամարտիկի կինը: Նա մի խնդրանք ուներ կառավարության նիստի ավարտից հետո դուրս եկող նախարարներից. մի փոքր գումար տան, մինչեւ կստանան իրենց հասանելիք թոշակն ու նպաստը:
«Եղել են նախարարներ, որ օգնել են մեզ, փող են տվել, բայց մեր խնդրանքն այն է, որ մի դոմիկ կամ մի հանրակացարան տրամադրեին, որ գալիք ցրտերին կարողանանք դիմանալ»,-լացակումած ասաց նա: Իսկ թե որ նախարարներն են օգնել, Հասմիկը դժվարացավ նշել, քանի որ  նրանց միայն  դեմքով է ճանաչում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս