Հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Բերդում խոշոր չափերի գողության գործով դատավարությունը: Գործով ամբաստանյալները երկուսն են՝ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանը եւ Վանաձորի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանը: Երկուսն էլ նախկինում դատված են եղել: Դատարան ներկայացված մեղադրական եզրակացությամբ Կ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է իր համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը:
Նշված օրը Վանաձորի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել Բերդ քաղաքի բնակիչ Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ոսկյա զարդեր եւ գումար՝ Վանեսյանին պատճառելով ընդհանուր առմամբ 38 մլն 488 հազ. 75 ՀՀ դրամի նյութական վնաս: Այս գողության 3-րդ մասնակցի՝ Վ. Թումասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կ. Ալավերդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, իսկ Մ. Խաչատրյանը՝ 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով: 2 ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Ուշագրավ է, որ ավելի քան 38 մլն դրամ գողոնից՝ կանխիկ գումարից եւ ոսկե զարդերից, ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացվում է միայն մեկ ոսկե մատանի: Ի դեպ, նախաքննական փուլում խոսակցություններ կային, որ այս գործով գողացվածի չափն ավելի մեծ է` 37 մլն դրամ գումար եւ 25 հազ. դոլարին համարժեք ոսկե զարդեր, այսինքն՝ մոտ 48 մլն դրամ:
2012թ. օգոստոսի 14-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Բերդ) ընթանում է եւս մեկ խոշոր` 20 միլիոն դրամ արժեքով ոսկեղենի գողության դատը: 2010թ. սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Բերդի բնակիչ Սերյոժա Մեջլումյանի խանութ-կրպակից գողացել էին տարբեր տեսակի 420 ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն դրամ: Այս գործով ոստիկանության կողմից ձերբակալվել է Բերդի 30-ամյա բնակիչ, նախկինում ՌԴ-ում դատապարտված Էդուարդ Սերժիկի Քոսակյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն), նաեւ 235 հոդվածով (ապօրինի զինամթերք պահել): Սերժիկ Քոսակյանը դատարանում պնդում է, որ ինքն անմեղ է եւ նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանության ճնշման տակ:
Տավուշ