«ՆՈՒՅՆԻՍԿ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՍ ԵՄ ԿՈՏՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զրույցի առաջին մասում (նախորդ համարում) պարզեցինք ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` հեռուստաեթերում չերեւալու պատճառները: «Չգիտեմ՝ հեռուստաընկերություններն ինչ լոգիկայով են շարժվում»,-նշեց նա: Այս ամենից երգչուհու մոտ հիասթափության պահեր են լինում:
-Վիրավորանքը հիասթափություն չի՞ առաջացնում:
-Բնականաբար, բոլոր երգիչներն են հիասթափություն ապրում` անկախ նրանից՝ իրենց ունկնդիրն ով է: Ինձ լսողը մի քիչ ավելի տարիքով, կայացած, կյանք տեսած ու հասկացող, հասուն հանդիսատես է: Ինձ ասում են՝ տե՛ս, 15-16 տարեկան երեխաները քեզ համար մազ չեն պոկում: Օքեյ, ես չեմ էլ ուզում, չեմ էլ ձգտում, որ 15 տարեկան էրեխեքը ինձ համար մազ պոկեն: Բայց այդ նույն էրեխեքը ժամանակի ընթացքում հասունանալու են ու հասկանան այն, ինչ ես ներկայացնում եմ:
-Այսօր շատ երգչուհիներ, երգից բացի, սկսում են նաեւ բիզնեսով զբաղվել: Ձեզ մոտ չկա՞ նման ցանկություն:
-Շատ է եղել, երբ որոշել եմ այլ գործ անել, նույնիսկ ձայնասկավառակս եմ կոտրել ու ասել՝ վերջ, ես էլ չեմ երգելու, որովհետեւ ոչ մեկին չի հասնում, չեն հասկանում: Նորից եմ կրկնում՝ ես ունեմ այդ խնդիրը, մարդիկ լավ չեն ընկալում սառը դեմքով երգող երգիչներին: Չնայած այդ նույն Խվորոստովսկին իր սառը դեմքի արտահայտությամբ աշխարհում առաջինն է:
-Կարծում եք, որ մարդիկ չեն ընկալում Ձեր երգը միայն այն պատճառով, որ սառը դեմքո՞վ եք երգում:
-Շատ հաճախ` այո՛:
-Բայց չէ՞ որ երգչին առաջին հերթին լսում են, ապա միայն` նայում:
-Ա՛յ այդ առաջին հերթին լսողների թիվը շատ քիչ է, հիմնականում նայում են: Այդ դեպքում նույնիսկ ձայնը կարեւոր չէ: Ու դա չի նշանակում, որ ես չունեմ այն ամենը, ինչին կարելի է նայել, ուղղակի ես համարում եմ, որ եթե լուրջ բան ես երգում, չարժի այն երգել այնպես հագնված, որ ոչ ոք չուզենա քեզ լսել, միայն նայի: Բայց շատ ու շատ երգիչ-երգչուհիներ դա չեն հասկանում, չեն ընկալում: Մարդիկ կան՝ երգում են, բայց չգիտեն՝ տեքստն ինչի մասին է, չեն հասկանում՝ ինչի մասին են երգում, բայց երգում են ու ինչ-որ շարժումներ ու միմիկաներ անում, որ հասկացող մարդու համար շատ ծիծաղելի է: Երգի հետ կապ չունեցող էմոցիաներ են արտահայտում:
-Միգուցե Դո՞ւք էլ մի քիչ միմիկա ավելացնեք, որ Ձեր երգերն էլ ավելի շատ լսեն:
-Ինչո՞ւ ես պետք է ինչ-որ մեկին նմանվեմ: Ես բավական կայացած ու գրագետ երգչուհի եմ, որ ձեւական բաներ անեմ, ինչ է թե ինձ հավանեն: Ինձ հավանողը հավանում է: Ես երգում եմ ոչ թե լայն մասսաների համար, այլ հասկացող հանդիսատեսի:
-Հիմա որտե՞ղ եք երգում:
-Արդեն 7-րդ տարին է՝ աշխատում եմ «Բելաջիո»-ում, հիմա էլ շաբաթվա մեջ մի քանի օր երգում եմ «Հավանա»-ում: Ու ես տեսնում եմ մարդկանց ռեակցիաները, շատ հետաքրքիր է լինում, շատ: Մարդիկ կան՝ անսպասելիությունից քարանում են, այս վերջին շրջանում մի քիչ ավելի թեթեւ երաժշտություն եմ ներկայացնում՝ չհաշված վերջին գործս: Մարդիկ երեւի արդեն մոռացել են, որ ես շատ ավելի լուրջ երգչուհի եմ, քան «Տարան, տարան» երգի Աննան, որը, ի դեպ, հումորային էքսպերիմենտ արեցի ու շատ լավ աշխատեց:
-Այնուամենայնիվ, հանդիսատեսի պահանջարկը ստիպում է որոշ ժանրային փոփոխությունների գնալ:
-Հիմա, ցավոք, այդպես է, բոլոր երգիչները, որ երգում են ու չունեն կողմնակի եկամուտ, բիզնես, իրենց հիմնական եկամուտը գալիս է խնջույքներից, հարսանիքներից, ծնունդ-կնունքներից… Իսկ ծնունդին ու կնունքին չես կարող լուրջ գործ երգել: Խնջույքին գնում ես մարդկանց ուրախացնելու:
-Կրկին եկանք այն կարծիքին, որ մարդիկ երաժշտությունն այսօր լսում են զուտ լիցքաթափվելու համար:
-Բնականաբար: Ավելի լուրջ բաները կարծես ձանձրացնում են նրանց: Չնայած պատահում է, որ «Բելաջիո»-ում ջազ երգեմ, դա էլ կախված է այն մարդկանց քանակից ու որակից, որ այդ պահին հավաքված են դահլիճում: Ի դեպ, կա մասսա, որ շատ մեծ հաճույքով լսում է հենց նման կատարումները:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս