Ռիփփին` քարտուղարուհու դեր խաղալու, Հայաստանից դուրս ավելի հեշտ կյանքով ապրելու և իր բարդ բնավորության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` մեր շոու-բիզնեսի վառ կերպարներից մեկը` Ռիփփին, չի երեւում էկրաններին. նա իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է նրա ռուսական կենսակերպի մասին: Ռիփփին նշել է, որ Հայաստանից դուրս ամեն բան շատ ավելի հեշտ է իր համար: Նա անդրադարձել է նաեւ իր բարդ բնավորությանը` կարծիք հայտնելով, որ այն շատ հարցերում իրեն օգնում է:

-Ռիփփի՛, երկրպագուներին հետաքրքրում է` Ձեզ հայկական էկրանին էլի՞ կտեսնենք: Հիմա Մոսկվայում ինչո՞վ եք զբաղված:

-Կարծում եմ` որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական հեռուստատեսությունը բարձր վարկանիշ չունի, այնպես որ, հայկական էկրանին երեւալու ուղղությամբ որեւէ բան անելն անիմաստ եմ համարում: Իսկ Ռուսաստանում զբաղվում եմ երգելով, ելույթ եմ ունենում ռուսական r & b երեկույթների ընթացքում: Տեղեկացնեմ նաեւ, որ նկարահանվել եմ մի քանի գեղարվեստական ֆիլմերում, կատարել եմ էպիզոդիկ դերեր, դրանից մեկում, օրինակ, խաղացել եմ քարտուղարուհու դեր:

received_863069357107465

-Իսկ ռուսական միջավայրին, կենսակերպին հարմարվե՞լ եք, Հայաստանը չե՞ք կարոտում:

-Այո՛, իհարկե, կարոտում եմ նախ` ինձ համար թանկ էակներին, եւ հետո, ինչպես գիտեք, ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ուստի կարոտում եմ Հայաստանի մրգերը, բանջարեղենը եւ այլն… Իսկ ռուսաստանյան կյանքին շատ հեշտ հարմարվեցի եւ սիրեցի այդ երկիրը:

-Եթե Հայաստանում Ձեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում ճանաչում ստանալ, ապա Ռուսաստանում, թերեւս, նույնին հասնելն ավելի բարդ է. դրա համար Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ:

-Հայաստանից դուրս ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ինձ համար, ինձ անհրաժեշտ է այն ամենը, ինչ ես ունեմ, իսկ ուրիշների մասին չեմ կարող խոսել:

-Մի առիթով նշել եք, որ բարդ եւ փակ բնավորություն ունեք. այս հանգամանքը որքանո՞վ է օգնում եւ որքանո՞վ է վնասում Ձեզ:

-Շատ հարցերում օգնում է, կարծում եմ` չի խանգարում:

received_863069340440800

-Մարդկային ո՞ր տեսակների հետ չեք կարող ընկերանալ:

-Ժլատ, անհավատ, փոքրոգի, նեղացկոտ, տգետ տեսակների, կարծում եմ` ամենամեծ չարիքը ծնում են հենց տգետ մարդիկ:

-Ձեր արտաքինը շատերը համարում են կատարյալ, ոմանք էլ ասում են, որ յուրահատուկ շարմ ունեք. ըստ Ձեզ՝ ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը:

-Այդ հարցում շատ մեծ նշանակություն ունի մարդու ներքին հոգեվիճակը, քանի որ հենց դա է արտացոլվում նրա դեմքին: Շատ կարեւոր եմ համարում հոգու մաքրությունը: Թերեւս, գիտեք, որ ես տարված եմ տիբեթյան ուսմունքով, իհարկե, չեմ կարող մանրամասնել մեդիտացիաների մասին, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ամեն բացասական էմոցիա, միտք, արարք շատ մեծ ազդեցություն է ունենում մարդու արտաքինի վրա եւ ոչ միայն:

received_863069273774140

-Նշել եք, որ պլաստիկ վիրահատության երբեւէ չեք դիմի. ինքներդ հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ:

-Այո՛, սիրում եմ իմ արտաքինը. նույնիսկ հոնքերիս ձեւը, մազերիս գույնը մանուկ հասակից չի փոխվել. չեմ սիրում արհեստական ոչինչ, հատկապես, երբ «արհեստական» դառնում են ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ ընկնում են նորաձեւության ետեւից: Երբ Մոսկվայում էի, մի ռեժիսոր նկարահանման ժամանակ ինձ ասաց` շնորհակալ եմ, որ հավատարիմ ես ինքդ քեզ, յուրահատուկ ես եւ ինդիվիդուալ, ստանդարտները հիմա խեղդում են անհատականությունը. այն կորել է:

-Ռիփփի՛, հետաքրքիր է` տղամարդու ո՞ր տեսակը չեք հանդուրժի Ձեր կողքին, ունե՞ք բնավորության նախընտրած գծեր:

-Կարծում եմ, որ այս դարում կնոջը տրված են շատ-շատ մեծ հնարավորություններ, այսինքն` կինը կարող է ամեն ինչ: Ինքս շատ ուժեղ եմ ինձ համարում եւ չեմ ուզենա թույլ որեւէ մեկին տեսնել իմ կողքին: Այս դարում տղամարդը շատ ավելին պետք է անի` սիրած կնոջը հասնելու համար, քան երբեւէ:

received_863069417107459

-Եվ վերջում` Ձեր առջեւ դրված ի՞նչ նպատակներ ունեք եւ ի՞նչ կասեք Ձեր երկրպագուներին, ովքեր Ձեզանից նորություն են ակնկալում:

-Նպատակները գաղտնիք են, չեմ ցանկանում այս պահին այդ մասին խոսել: Իսկ երկրպագուներին, ովքեր սիրում են ինձ, շատ շնորհակալ եմ, սերը միշտ վերադառնում է, ուստի ես էլ նրանց եմ սիրում…

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` bravo.am-ի




Լրահոս