ՀԱՐՑ. Եղբայրս մոտ 1,5 տարի ծառայում է հայոց բանակում: Հարսանիքիս օրն արդեն նշանակված է, եւ ցանկանում եմ, որ նա նույնպես ներկա լինի պսակադրության արարողությանը: Խնդրում եմ ասել, թե ես ինչ փաստաթղթեր կարող եմ ուղարկել զորամաս՝ համապատասխան թույլտվությունը (արձակման թերթիկ) ստանալու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի քահանաները որեւէ փաստաթուղթ չեն կարող տրամադրել՝ զինծառայողին զորամասից ժամանակավոր արձակուրդ կանչելու համար՝ անգամ պսակադրության, մկրտության կամ հուղարկավորության պարագաներում: Ժամանակին եղել են դեպքեր, երբ չարաշահվել է քահանայի վստահությունը, եւ կեղծ պսակադրություն է գրանցվել մատյանում, որը հետագայում, բնականաբար, տեղի չի ունեցել, եւ այս ամենը՝ զինվորին ծառայությունից կանչելու համար: Բնականաբար, կեղծարարություններից խուսափելու համար հետագայում որոշվեց որեւէ միջնորդագիր չտրամադրելու մոտեցումը: Մենք սիրով պատրաստ ենք հոգեւոր ցանկացած աջակցություն ցուցաբերել թե՛ պսակադրվողներին, թե՛ նրանց ընտանիքներին: Սակայն վերջիններս էլ պետք է հասկանան, որ այս տեսակ հարցերում հոգեւորականը պաշտոնապես չի կարող հանդես գալ: Սիրով Աստծո օրհնությունն ենք հայցում սուրբ պսակի խորհրդին պատրաստվող զույգերին, բարի ու անփորձանք ծառայություն բոլոր մեր քաջարի մարտիկներին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ժողովրդական ասացվածքի՝ մի գիժ քարը նետում է փոսը, 100 խելոք այն չեն կարողանում հանել: Տվյալ պարագայում մեկ խեղկատակի կամ զեղծարարի պատճառով բոլոր զինծառայողները տուժում են. ինչպես տեսնում եք՝ հանվել է զինծառայողին արձակման թերթիկ տրամադրելու այդ հնարավորությունը: