Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրեր առաջ տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված էր նախարարների մակարդակով:
Գագաթնաժողովի շրջանակներում «Ժողովուրդը» զրուցել է Եվրոպայի խորհրդարանում Բոլոնյան գործընթացի վերաբերյալ ստվերային զեկուցող, «Greens/EFA group»-ի անդամ էռնեստ Մարագալլի հետ:
-Հայաստանում շատերը դեմ էին 12-ամյա կրթությանը, անգամ մեր որոշ պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան կրթության նման ձեւաչափի անցման կապակցությամբ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ԵՄ-ն հորդորում Հայաստանին անցնել 12-ամյա կրթական համակարգին:
-Կարծում եմ՝ մենք պետք է հայերին շնորհավորենք նման քայլ կատարելու համար, քանզի կարծում եմ, որ հենց Բոլոնյան համակարգն է կառուցում հայ երիտասարդության համար լավագույն ապագան, իսկ կրթությունը պետության համար լավագույն հիմքն է: Շնորհիվ Բոլոնյան համակարգի՝ մասնավորապես երեխաները դպրոց են գնում այնքան շուտ ու այնքան երկար, որքան հնարավոր է՝ ստանալով որակյալ տարրական, միջին ու միջնակարգ կրթություն: Կարծում եմ՝ հենց սա է ավելի օրինական, ավելի ժողովրդավար պետություն կառուցելու հիմնական գործիքը:
-Ի՞նչ մարտահրավերների են հանդիպել այն պետությունները, որոնք արդեն անցել են 12-ամյա կրթության:
-Գլխավոր մարտահրավերը եղել է համապատասխան, լավ պատրաստված ուսուցիչներ գտնելը, ովքեր կկարողանային համապատասխան կրթություն տալ: Իսկ սա նշանակում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս պետք է աշխատեն այս նպատակի համար: Ողջ Եվրոպայի կրթական համակարգի խնդիրն է համատեղ դարձնել սոցիալականացումը գլոբալիզացիայի հետ, որն առնչվում է բոլորին: Սակայն այս ամենն անհրաժեշտ է անել այնպես, որ հնարավոր լինի առաջարկել նույն որակը, նույն հասանելիությունն ու նույն արդյունքը բոլոր ուսանողների համար:
-Իսկ հիմա կցանկանայի ավելի ընդհանրական հարց տալ: Փաստացիորեն աշխարհում նվազել է ինտելեկտի մակարդակը…
-Ես այդքան էլ դրանում վստահ չեմ…
-Նկատի ունեմ, որ ցանկացած ոլորտում գերիշխում են տեխնոլոգիաները: Այս հարցին անգամ World forum of democracy-ի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ այսօրվա երիտասարդությունը դժվարանում է սեփական միտքը շարադրել ու աշխարհում մտքի պակաս է զգացվում: Ի՞նչ է անում համաշխարհային կրթական համակարգը՝ այս բացը լրացնելու համար:
-Եթե այս իմաստով, ապա սա նշանակում է, որ մենք պետք է վերանայենք ինովացիոն համակարգերի մեթոդներն ու բովանդակությունը, քանի որ աշակերտները դպրոցից դուրս այլ արտաքին տեղեկատվություն են ստանում հանրությունից, մամուլից, տեղեկատվական տեխնոլոգիաներից, համացանցից, որոնք բացասական ազդեցություն են ունենում: Այնպես որ, դպրոցը պետք է ստեղծված այս նոր իրավիճակին համընթաց գնա ու չմնա հին դասագրքերով, դասավանդման հին մեթոդներով ու բովանդակությամբ, որոնք միայն զուտ տեսական գիտելիքներ են փոխանցում: Երիտասարդներն այժմ գտնվում են այդ ամենի ազդեցության տակ: Մենք շատ դրական միտումներ ենք նկատում աշխարհի տարբեր ծայրերից, որտեղ ականատես ենք լինում կրթության բարձր որակի, այդպիսի երկրներից են Ֆինլանդիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Կանադան: Այնպես որ, մենք շատ այլ օրինակներ ունենք, երբ հնարավոր է եղել հակազդել այդ բացասական ազդեցությանը: Սակայն մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ անցնելու այս նոր ինովացիոն դպրոցի համակարգին, որը կօգնի ավելի հեշտ հարմարվել գլոբալ փոփոխություններին:
-Որո՞նք են Բոլոնյան համակարգի առավելությունները:
-Կարծում եմ՝ դրա առավելությունները մենք դեռեւս պետք է տեսնենք: Բոլոնյան համակարգն ընդամենը 15 տարի է, որ կիրառվում է: Այնպես որ, դեռեւս շատ երկրներ կան, որոնք հետ են մնում սահմանված մակարդակից:
-Իսկ կա՞ն երկրներ, որոնք հասել են սահմանված մակարդակին:
-Այո՛, ինչու ոչ: Լավագույն կրթական համակարգ ունեն, օրինակ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, սակայն պետք է նշեմ, որ սա նաեւ կախված է պետության ֆինանսական կարողությունից, այնպես որ, սա չափազանց հարաբերական է:
Տաթեւ Ֆռանգյան