“Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում։
“27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում “Լենտեքստիլ” կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևանքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:
Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է:
Այդ կիսախարխուլ քառահարկում մինչև օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն:
Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, և մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ”,- ասվում է “Շիրակ կենտրոնի” հաղորդագրությունում:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: