ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին իշխանական լրատվամիջոցներում պարբերաբար կարելի է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գովազդին: Սա արվում է այն լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ պաշտպանության նախարարը համարվում է Սերժ Սարգսյանի հիմնական «թագաժառանգի» թեկնածուն: Իշխանական լրատվամիջոցները ջանք չեն խնայում՝ Սեյրան Օհանյանին դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը «Գործից դուրս» խորագրով ֆիլմ հեռարձակեց՝ պատմելով, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում Օհանյանը եւ ինչպես չի հոգնում: Սակայն ամենակարեւոր հարցը, որ իշխանական PR մասնագետները չեն տալիս, հետեւյալն է՝ ինչ գործ ունի ազնիվ, աշխատասեր մարդը ուղնուծուծով կոռումպացված պետական կառավարման համակարգում, կամ ինչպես կարող է պաշտպանության նախարարն ազնիվ մարդ լինել, եթե նրա ենթակայության գեներալիտետի մեծ մասը բանակին զինելու եւ զինվորներին կերակրելու համար հատկացված գումարների հաշվին միլիոնատերեր են դարձել: Նույն Օհանյանի ստվերային կարողությունների մասին եւս լեգենդներ են շրջում: Սակայն այս հարցերի մասով իշխանական քարոզիչները լռում են. նրանք բավարարվում են գովազդով՝ հույսով, որ ինչքան սուտը շատ պտտվի, այնքան իրական կթվա:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ Արցախի եւ Հայաստանի հին ու նոր իշխանությունները մայիսի 7-ից 9-ը հավաքվել էին Ստեփանակերտում: Մասնավորապես, նշված երեք օրերին ԼՂՀ-ում էին գտնվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված պաշտոնյաներն այդ օրերին պարբերաբար հանդիպել են եւ ինչ-որ հարցեր քննարկել, բնականաբար, նրանց զրույցի թեման եղել է նաեւ Հայաստանի քաղաքական անցուդարձը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարոնայք հանդիպել են Ստեփանակերտում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը, ինչպես նաեւ Երեւանի համանուն համալիրը, պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ շփվել է բացառապես Շուշիի ազատագրմանը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված պաշտոնական արարողությունների շրջանակներում:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա սպանությունն է ցանկացել նախապատրաստել: Ըստ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, եւ քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեն, որ սպասողական իրավիճակ է ձեւավորվել, եւ ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը:

 

 

 

 
ՀՀ իշխանությունները շարունակում են վարկի ետեւից նոր վարկ վերցնել: Երեկ հերթական վարկային պայմանագիրն է ստորագրվել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտինի միջեւ: Վարկի չափը կազմում է 4 մլն դոլար: Վարկի նպատակը Երեւանում էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանցի կառուցումն է: Ծրագրի ընդհանուր արժեքը 6 միլիոն դոլար է, որով մայրաքաղաքի 28 փողոցների հենասյուները պետք է փոխարինվեն եւ ստորգետնյա մալուխներ անցկացվեն: Իսկ պակասող 2 մլն դոլարը տրամադրելու է «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը» որպես դրամաշնորհ: Թե ինչքանով է արդիական այդ աշխատանքը, եւ ինչ երաշխիքներ կան, որ 4 մլն դոլարը մենք կկարողանանք վերադարձնել, դժվար է ասել: Փաստ է միայն, որ որքան շատ գումար է ծախսվում՝ մայրաքաղաքի տարբեր կարիքները հոգալու համար, դրանք, միեւնույն է, չեն վերանում, փոխարենը քաղաքային իշխանություններն են հարստանում:

 

 

 

 

ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է

Մայիսի 21-ից 22-ը Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ օրս հստակ չէ, թե այդ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանն ինչպիսի ակնկալիքներ կարող է ունենալ: Այս կապակցությամբ վերջին օրերին եղան հակասական հայտարարություններ: Ընդ որում, ուշագրավ է, որ եվրոպական կողմից, մասնավորապես՝ Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը հայտարարեց, թե Ռիգայում ընդունվելիք հռչակագրում կընդգրկվի ՀՀ-ի հետ ստորագրելիք փաստաթուղթը: Իսկ հայկական կողմից այդ մասին հստակ ուղերձները բացակայում են բոլոր մակարդակներով:
Հայկական կողմի լռությունն, իհարկե, զարմանալի չէ: Նախ` քանի որ ՀՀ հետ համագործակցության շարունակության որոշումը պետք է կայացնի ԵՄ-ն, ապա՝ հայկական կողմի համար պետք է հստակ եւ առարկայական լինի այն շահը, հանուն որի ՀՀ-ն պատրաստ կլինի հարուցել Ռուսաստանի դժգոհությունը: Առայժմ, կարծես թե, նշված ասպեկտներից որեւէ մեկն առկա չէ: Փոխարենը հայտնի է, որ ՌԴ-ն խիստ բացասական է մոտենում Ռիգայի գագաթնաժողովին: Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալ. Լուկաշեւիչը հայտարարել է, որ Մոսկվայի արձագանքը Ռիգայի գագաթնաժողովին «խիստ եւ սկզբունքային» է լինելու, քանի որ «այդ հանդիպումն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունի»: Ինքնին հասկանալի է, որ «հակառուսական ուղղվածություն» ունեցող այդ հանդիպման ընթացքում Հայաստանը դժվար թե իրեն թույլ տա ավելորդ տեղն «աչքի ընկնել»: Առավել եւս, որ հայտնի չէ, թե դիմացն ինչ է ստանալու: Ընդ որում, այս անհստակությունը եւ ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության անդամ երկրներին հուսախաբ անելու գործելաոճը հետզհետե առավել ակնառու է դառնում: Մենք տեսանք, որ չնայած հստակ խոստումներին եւ արդեն գրեթե իրողություն համարվող ակնկալիքներին, ԵՄ-ն հայտարարեց, որ առայժմ չի պատրաստվում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ անցնել առանց վիզայի ռեժիմի, քանի որ այս երկրները բավարար ջանասիրությամբ չեն կատարել ԵՄ-ի պահանջները: Մինչդեռ թե՛ Վրաստանը եւ թե՛ առավել եւս Ուկրաինան, այնպիսի ռիսկերի գնացին հանուն ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների, որ այդքանից հետո, անկեղծ ասած, հարց է առաջանում՝ արժի՞ Հայաստանին հույսեր կապել ԵՄ հետ:
Ամեն դեպքում, գործընթացը գնում է, եւ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յ. Բրատկեւիչին եւ Թ. Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Է. Նալբանդյանը վերահաստատել է ՀՀ-ի մոտեցումը` զարգացնելու եւ խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը` հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում:




Լրահոս