ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ ԳՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու փուլն այսպիսով ավարտված է, եւ նախագիծը մշակելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այլեւս կարող է ձեւականությունների հետեւից չընկնել եւ առաջիկայում հրապարակել բուն փոփոխությունների բովանդակությունը: Առավել եւս, որ նշված հանձնաժողովը վաղուց գիտի, թե սահմանադրական փոփոխությունների ինչպիսի տեքստ պետք է պատրաստի:

Մյուս կողմից արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հանրության մեծամասնությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ անտարբեր է. կանեն, չեն անի, մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում: Սահմանադրական փոփոխությունների հարցը հետաքրքրում է, թերեւս, միայն քաղաքական ուժերին: Մասնավորապես, դրանց շարունակում են դեմ արտահայտվել միայն հին ընդդիմադիրները, կամ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ կուսակցությունը: Վերջիններս շարունակում են պնդել, որ գործող Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, եւ որ այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը հերթական հարվածն է հասցնելու Հայաստանի ժողովրդավարությանը: Հին ընդդիմությունից ԲՀԿ-ն, որը մինչեւ փետրվարյան հայտնի դեպքերը սահմանադրական փոփոխություններին դեմ էր, այժմ պատրաստ է վերջնական տեքստի շուրջ քննարկումներին մասնակցել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարին դեմ չեն:
Ավելին՝ ՀՅԴ-ն դեռեւս հունվարին հրապարակեց սահմանադրական փոփոխություններին վերաբերող առաջարկությունները, որոնք հետագայում ուղարկվել են սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովին: Այդ առաջարկություններին մենք անդրադարձել ենք, դրանք հիմնականում վերաբերում են խորհրդարանական կառավարմանը եւ Ազգային ժողովի դերի բարձրացմանը:
Ընդամենը երեք օր առաջ հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՕԵԿ-ը եւս առաջարկներ ունի, որոնք այդ կուսակցությունը օրերս հրապարակել էր: Առաջարկությունը հինգ կետից է բաղկացած, որոնցից թերեւս միայն մեկն է ուշադրության արժանի: Մասնավորապես, ՕԵԿ-ն առաջարկում է խորհրդարանական կառավարման պայմաններում խորհրդարանի կողմից ընտրված հանրապետության նախագահին օժտել ներկայիս գործող Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների մի մասով: Այսինքն՝ ՕԵԿ-ն առաջարկում է անմիջապես ժողովրդի կողմից չընտրված անձին օժտել պետության ղեկավարի լիազորություններով, ինչը հակասում է խորհրդարանական կառավարման մոդելի սկզբունքներին:
Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը տենչում է, որ իր պաշտոնավարումից հետո գործադիր ողջ իշխանությունը կենտրոնանա վարչապետի ձեռքերում, իսկ մյուս մասն էլ անցնի խորհրդարանին, ուստի ՕԵԿ առաջարկը դժվար թե ընդունվի:
Տեղեկացնենք, որ պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն ընդհանուր 14 կուսակցություններից առաջարկություններ է ստացել: Նրանցից միայն վերը բերված երկուսն են իրենց առաջարկները հրապարակել:
Ամեն դեպքում, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած մասնագիտական հանձնաժողովը նախօրեին տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների առաջին երեք գլուխները արդեն պատրաստ են: Տվյալ դեպքում խոսքն այն դրույթների մասին է, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, ինչպես նաեւ՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատությանը: Իսկ ինչ վերաբերում է կառավարման կարգին եւ, մասնավորապես, նախագահին, խորհրդարանին եւ Կառավարությանը վերաբերող գլուխներին, ապա դրանց տեքստերը դեռ նոր պետք է պատրաստ լինեն: Հիշեցնենք, որ ներկայիս Սահմանադրությունն ընդհանուր բաղկացած է 9 գլխից:
Մյուս կողմից էլ արդեն իսկ հայտնի է, որ մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստում է խորհրդարանական կառավարմանը համապատասխան: Այսինքն՝ կառավարման համակարգը փոխելու քաղաքական որոշումը, կարելի է ասել, կայացված է, քանի որ մասնագիտական հանձնաժողովը, առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, նման պատասխանատու քայլ չէր անի:
Ինչեւէ, Գագիկ Հարությունյանը պատրաստվում է մայիսի 18-ից 19-ը հանդիպել Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ մայիսի 22-ին նա եւ հանձնաժողովի անդամները պետք է հրապարակեն սահմանադրական փոփոխությունների՝ այս պահին պատրաստ տեքստը: Այնպես որ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը շարունակվում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՔԱՎՈՐԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հարազատ քավորին իրեն տեղակալ է նշանակել: Ըստ նույն տեղեկությունների՝ Է. Մինասյանը քավորին է տվել նաեւ ԱԺ-ի ավտոպարկին հատկացված 888 ՕՕ 01 համարանիշները ու մի շարք արտոնություններով օժտել: Է. Մինասյանի հետ կապված լուրերի առնչությամբ մեկնաբանության համար երեկ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին: «Պարոն Մինասյանին ԱԺ-ում բոլորն են ճանաչում: Ով էլ լսի, թե իբր պարոն Մինասյանն աշխատողներին, կամ նույնիսկ որեւէ մեկին չի ընդունում, ընդամենը կծիծաղի: Ինչ վերաբերում է տեղակալին, ապա նա վաղուց է աշխատում ԱԺ-ում: Համարանիշները հնարավոր է հատկացնել, երբ ԱԺ-ում արարողակարգային միջոցառումներ կան: Դուք գիտեք, որ վերջին ամիսներին, հատկապես մարտին, ԱԺ-ում իրար հաջորդող բազմաթիվ կարեւորագույն միջոցառումներ տեղի ունեցան: Ի դեպ, այդ միջոցառումների կազմակերպման բարձր որակը հենց պարոն Մինասյանի ջանքերով է ապահովվել: Ընդհանրապես, հայտնի չգրված կանոն կա, երբ որեւէ մեկն սկսում է աչքի ընկնել իր լավագույն որակներով, աշխատանքի բարձր ցուցանիշներով, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնց դա դուր չի գալիս: Բնական է, որ պետք է այսպիսի բամբասանքներ տարածեն պարոն Մինասյանի հասցեին»,- ասաց Արսեն Բաբայանը՝ իր խոսքում, ըստ էության, հաստատելով մեր տեղեկությունները: Հետո էլ ԱԺ-ում կոռուպցիա են փնտրում, ամբիոնից աղաղակում են: Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով չի՞ լինում. քավոր-սանիկներն իրար «պաս տալով»՝ գործում են եւ օգտվում պետության բարիքներից:

 

ԱՆՄԱՀ ՑԵՑԵՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վնասատուների դեմ պայքարի ծառայություններ իրականացնելու համար «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է 18 մլն 886 հազար դրամ՝ ընդամենը մոնիթորինգ անցկացնելու համար: Պարզվում է՝ նախարարությունը պայմանագիր է կնքել նշված ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի նրանք ՀՀ պետբյուջեի միջոցներով Հայաստանի որոշ մարզերում ֆերոմոնային թակարդների կիրառմամբ լոլիկի ականող ցեց եւ կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգ իրականացնեն: Տեղեկացանք, որ մոնիթորինգը իրականացվելու է 6-7 օր պարբերականությամբ: Իսկ թե մոնիթորինգից հետո էլ ի՞նչ մեթոդներ անհրաժեշտ կլինեն կիրառել, որպեսզի ցեցերը վերանան, դեռ պարզ չէ: Անհասկանալի է նաեւ, թե ինչքան հավելյալ գումար անհրաժեշտ կլինի «դուրս գրել» պետբյուջեից՝ այս անգամ էլ ցեցերին սատկացնելու անվան տակ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները եւ համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը: Ս. Սարգսյանը կարեւորել է սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը:

 

ԴԱՇՆԱԿՆԵՐՈՎ
«Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում երեկ տեղի է ունեցել ՀՅԴ գերագույն մարմնի հերթական հանդիպումը Դաշնակցության 11 մարզային եւ 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ գնահատականները, խոսել քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակի եւ հնարավոր վերադասավորումների մասին:

 

ՄԱՅՐԱՑԵԼ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը դուստր է ունեցել, որին անվանել են Արիանա: «Իմ աղջիկը որոշեց ցույց տալ մեզ, թե որն է իսկական «Հարսանիք լեռներումը», հենց մայիսի 9-ն էլ ծնվեց»,- NEWS.am-ին ասել է երջանիկ մայրիկը:

 

ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ԲԱՇԽՎԵՑԻՆ
ԼՂՀ ԿԸՀ-ն երեկ հաստատել է 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը։ Ըստ այդմ, մանդատները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. «Ազատ հայրենիք» կուսակցություն` 11 մանդատ, «Ազգային վերածնունդ» կուսակցություն` 1 մանդատ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 4 մանդատ, «Հայ հեղափոխական Դաշնակցություն»` 4 մանդատ, «Շարժում 88» կուսակցություն` 2 մանդատ: ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին։

 

ԵՂԵԼՈՎ` ԴԵՂԵՑ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին այցելել է Մոսկվա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին: Նա հերթական անգամ ներողություն է խնդրել Ռուսաստանի ժողովրդից` ընդգծելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատասխանատվությունը ֆաշիստական Գերմանիայի վրա է: Մերկելը, սակայն, Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ղրիմի բռնակցումը հետ է գցել ռուս-գերմանական հարաբերությունները: «Ղրիմի հանցավոր անեքսիան, որը խախտում է միջազգային նորմերը եւ Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող ռազմական հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել մեր երկրների հարաբերություններին: Սա միջազգային կանոնների, միջազգային կարգի լուրջ խախտում է, եւ մենք պետք է հնարավորինս անենք՝ հակամարտությունները կարգավորելու համար», – ասել է Մերկելը:




Լրահոս