ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԸ Հ1-Ի ԵԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծես թե սկսել է նախագահական ընտրությունների իր քարոզարշավը: Նրա մասին Հ1-ն արդեն ճանաչողական ֆիլմ է նկարահանել՝ պատմելու, թե ինչպես է «գործից դուրս» իր կիրակին անցկացնում Սեյրան Օհանյանը:

Մեր գործընկեր Էրիկ Անթառանյանն անում է հնարավորը՝ բացահայտելու Սեյրան Օհանյանին ոչ միայն որպես նախարարի, այլ հոր, մարդու եւ ընկերոջ կարգավիճակում: Եւ ակնհայտ երեւում է, որ իշխանական էլիտայում արդեն որոշել են՝ Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդների շարքում պետք է դոմինանտ դառնա հենց Օհանյանը:
Եւ այսպես, ֆիլմը սկսվում է մի երկու կարծիքներով, թե ով է նախարարը որպես ընկեր կամ մարտական ընկեր: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պատմում է, թե ինչպես է քաջությամբ սառցակալած ջուրը մտնում Օհանյանը կամ «լիցքավորվում» իր երկու անչափահաս երեխաներով: Տեսանյութի թերեւս ամենաանհարմար պահը Սեյրան Օհանյանի՝ առավոտյան մարմնամարզության կադրերն են. նա «տուռնիկի» վրա ձգվում է, մարզում մարմինը: Ճիշտ եւ ճիշտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նման: Թե ինչքանով դրական ազդեցություն կունենա Քոչարյանի հետ ասոցացիան Օհանյանի վրա, ցույց կտա ժամանակը: Բայց մի բան փաստ է՝ ՀՀ պաշտպանության նախարարը փորձում է ընդգծել, որ առողջ է, մարտունակ եւ չի հոգնում: Նա լողավազանում լողում է ավագ որդիների հետ, որոնցից մեկը սպա է, մյուսը՝ քաղաքացիական կյանքով է ապրում: Եւ հենց լողավազանում մեկնաբանի հետ խոսում է զորամասերի մարտունակությունից: Այնուհետեւ Էրիկը վարում է նախարարի մեքենան, եւ կիրակի օրով գնում են Տավուշի մարզի զորամասերից մեկը՝ ստուգումների: Հ1-ի նկարահանող խումբը նախարարի հետ ստուգում է զորամասը, ճաշում զինվորների հետ եւ գնում խրամատ: Այստեղ Օհանյանը ծանոթանում է զինծառայողների հետ, պարզում է, որ մի 30-ամյա զինվոր դեռ չի ամուսնացել, եւ հենց տեղում խոստանում է «լավ աղջիկ գտնելու» պարագայում օգնել ամուսնության հարցում:
Այնուհետեւ նախարարն իջնում է գյուղամեջ: Մարդիկ հավաքված՝ տարբեր հարցեր են բարձրացնում, սակայն նա օդամղիչ հրացան է նվիրում ավագ լեյտենանտին, եւ կադրերն այդքանով ավարտվում են: Այսինքն՝ նախարարի գովազդը դեռ կառուցվում է ՊՆ-ի շրջանակներում, այլ ոչ թե գյուղի ճանապարհաշինարարության կամ այլ հարցերը լուծելու միջնորդությամբ:
Մի խոսքով, ողջ ֆիլմի մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ նախարարն օրնիբուն աշխատում է՝ առանց հանգստի, նույնիսկ ընտանիքի հետ անցկացնելու ժամանակը զոհելով: Դրա համար էլ երբեմն նախարարի տիկինը՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, ստիպված է լինում անչափահաս երեխաների հետ «հետապնդել» Ս. Օհանյանին եւ նրան հանդիպելու համար հասնել սահմանամերձ առողջարանում գտնվող նախարարի առանձնատունը (պաշտոնական): Եւ, ահա, այստեղ Սեյրան Օհանյանը ընդգծված հայտնում է, որ տան դիզայնի հարցերով «զբաղվել է գեղեցկուհի Ռուզաննան»: Այստեղ նախարարը մի «բացթողում» էլ է անում՝ հայտնելով, որ ամեն մարդ պետք է հրամանատար լինի իր գործում՝ արձանագրելով, որ տան հրամանատարը տիկին Ռուզաննան է: Սակայն տիկինը անմիջապես գլխի է ընկնում եւ «փրկում» իրավիճակը՝ հայտարարելով, որ տան գերագույն գլխավոր հրամանատարը Սեյրան Օհանյանն է, որին ինքը ենթարկվում է:
Միմյանց գովաբանելուց հետո նախարարի կինը թեյի սեղան է պատրաստում, եւ ֆիլմում երեւում են թեյախմության կադրեր: Իսկ վերջնակորդը հնչում է արդեն բիլիարդի սեղանի շուրջ: Նախարարը Էրիկ Անթառանյանի հետ բիլիարդ է խաղում, հասցնում 2 «գնդակ նետել» դեպի «դարպասը», եւ այդպես ավարտվում է ֆիլմը:
Մնում է տեսնենք՝ քաղաքական դաշտում ինչ հաջողությամբ «գնդակներ կնետի» նախարարը: Առայժմ նրա թիմի մոտ հակագովազդն է լավ ստացվում, եւ այս ֆիլմով նախարարի իմիջը բավականին անլրջացավ:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում ի սկզբանե որոշված է եղել «Գործից դուրս» խորագրով հաղորդաշար պատրաստել մի շարք նախարարների հետ , որպեսզի Սեյրան Օհանյանի գովազդը ցցուն չերեւա: Սակայն ՀՀ Կառավարության անդամներից որեւէ մեկը չի համաձայնել իր առօրյան կիսել Հ1-ի հետ՝ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի: Նրա մասին պատմող ֆիլմը շուտով կցուցադրվի: Իսկ թե ինչպես է շարունակվելու հաղորդաշարը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հաղորդման վարող Էրիկ Անթառանյանից. «Դեռեւս այսքանն է եղել, թե հետագայում ինչ կլինի, այս պահին որոշված չէ, ես չեմ կարող ասել՝ ուրիշները կլինեն, թե ոչ: Միտքը միայն նախարարներին նկարահանելը չէ, այլ ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում կարեւոր նշանակություն ունեցող մարդկանց»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ՀԱՏԱՏԵՂԻ

Մի քանի օր առաջ Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն նյութեր են ուղարկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում անհայտ անձանց կողմից 162 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի ծառերի հատման վերաբերյալ: Այդ հատումների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 3 միլիոն 349 հազար դրամ:

Տավուշի մարզային քննչական վարչությունն այդ նյութերի հիման վրա քննություն կատարելով, ըստ ամենայնի, քրեական գործ կհարուցի: Նախկինում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների վերաբերյալ Տավուշի մարզային քննչական վարչությունում 5 քրեական գործ էր քննվում, որոնց վարույթը միավորվել է: Բացի այդ՝ մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ գործը հարուցվեց անցյալ տարի, բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումներից հետո: Ա. Դավթյանը 2014թ. սեպտեմբերին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է, դրանից հետո մեկնել Բելառուս, որտեղ էլ գտնվում է ներկայումս:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»): 2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ խիստ պայքար, փայտով բեռնված բազմաթիվ ավտոմեքենաներ բերման ենթարկվեցին ոստիկանության արգելահրապարակ: Սակայն ոստիկանության այդ գործողություններից հետո Տավուշի մարզում ապօրինի անտառահատումները չեն նվազել:
Դիլիջանի ազգային պարկի տարածքը, որը հատուկ պահպանվող գոտի է, կարծես ծառերի հատատեղի է դարձել: Ի վերջո, ազգային պարկին հարող բնակավայրերում բոլորն էլ գիտեն, թե ո՞վ է զբաղվում փայտի բիզնեսով, եւ պետական պաշտոնյաներից ո՞վ է նրա «տանիքը»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրազդանում շատերը բողոքում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղից փողոցների էլեկտրական հենասյուների կապակցությամբ: Բանն այն է, որ հենասյուներն ահավոր վիճակում են՝ թեք ընկած, ծռված ու մաշված, իսկ հաղորդալարերն անցնում են բարձր ծառերի ճյուղերի վրայով:

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչուհի Անուշ Ավագյանը պատմեց, որ ամիսներ առաջ ճանապարհի եզրի հսկա ծառը, որի վրա փաթաթված էր էլեկտրալարը, ուժեղ քամուց կոտրվել է եւ գետին տապալվել. «Ինչ կլիներ, եթե տարածքում մարդ լիներ»,- վրդովվեց տիկին Անուշը:
Բնակիչներից մեկն էլ տեղին նկատեց. «Քաղաքապետարանն ամեն գարնան ու աշնան ծառեր է էտում, իսկ այդ ծառերին ուշադրություն չեն դարձնում, ասում են՝ էլեկտրալարերի հետ գործ չունենք»:
ՀԷՑ-ի Հրազդանի «Գեղամա» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Հովիկ Մանուկյանը չի հերքում, որ խնդիրն առկա է, իրենք էլ քաջատեղյակ են: «Խնդիրն ամենօրյա է, բայց հարցն այն է, որ ժամանակին առանց նախագծի որոշ մասնավոր սեփականատերեր խախտումներով էլեկտրական լարեր են անցկացրել: Դժբախտ պատահարների դեպքում ոչ թե մենք, այլ տվյալ սեփականատերն է պատասխանատու»,- զգուշացրեց գլխավոր ճարտարագետը՝ արդարանալով, թե իրենք որեւէ լծակ չունեն, որպեսզի ազդեն սեփականատերերի վրա:
Զրուցելով քաղաքապետարանի բնակֆոնդի շահագործման եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանի հետ՝ պարզեցինք, որ համայնքը պատասխանատու է միայն փողոցային լուսավորությունն ապահովող հենասյուների համար, հենց այդ նպատակով անգամ ստեղծվել է «Քաղլույս» ընկերությունը: «Մասնավոր կամ սեփական, ինչպես նաեւ բնակելի շենքերը սնուցող էլեկտրահաղորդալարերի համար պատասխանատու է միմիայն էլեկտրոցանցը»,-ավելացրեց բաժնի պետը:
Շ. Խաչատրյանի խոսքերով՝ բնակիչների բողոքն այս դեպքում պետք է հստակեցվի, եթե խնդրի պատասխանատուն իրենք են, պատրաստ են իրավիճակը շտկել:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս