ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱԳԱՂԱՅԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: Ըստ ԱՎԾ-ի՝ սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը:

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1.9 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 1.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 4.6 տոկոս: Իսկ, ահա, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 4.8 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 4.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 7.0 տոկոս:
Ըստ ԱՎԾ-ի՝ մեր հանրապետությունում այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձկնամթերքի, ձվի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի ապրանքախմբերի գնանկումով: Նշենք, որ միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կաղամբի 0.8, սնկի 4.5, ճակնդեղի 6, գազարի 10, լոլիկի 10.8, կանաչ պղպեղի 15.9 տոկոս գնաճ: Ձկնամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել. այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 11, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 5.3 տոկոս գնանկում: Հավկիթի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել. այստեղ 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գինը 0.9 տոկոսով նվազել է, իսկ 2015 թվականի մարտի համեմատ՝ 4.4 տոկոսով:
Թեեւ վերջին մի քանի ամիսներին քաղաքացիները պարբերաբար դժգոհում են շաքարավազի բարձր գնից, այնուամենայնիվ, ԱՎԾ-ի տվյալներով՝ շաքարավազի հանրապետական միջին գինը, այս տարվա մարտի համեմատ, 3 տոկոսով նվազել է: Սակայն 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, այն 4.5 տոկոսով աճել է:
Մարդու համար ամենակարեւոր, առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացամթերքի շուկայում 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 7.3 տոկոս գնաճ, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնանկում: ԱՎԾ-ի այս վերջին արձանագրումը, զարմանալիորեն, նկատելի չէ հանրապետության խանութներում եւ սուպերմարկետներում: Բացի այս, պարզվում է, որ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է նաեւ բլղուրի 1.5, բրնձի 1.7, լոբու 1.7, ոսպի 1.8, սիսեռի 1.9 տոկոս գնաճ: Մսամթերքի շուկայում նույնպես այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գրանցվել է 6.9 տոկոս գնաճ, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 0.7 տոկոս գնանկում:
Տեղեկացնենք, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է կիսաապխտած երշիկի 4.0, հավի բդի 3.9, խոզի մսի 3.7, տավարի փափկամսի 2.6, տավարի մսի պահածոյի 2.6, բարձր տեսակի ապխտած երշիկի 2.1, խոզապուխտի 1.6, նրբերշիկի 1.4, այլ մսեղենի 1.3, բաստուրմայի 0.8 տոկոս գնանկում: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների ներկայացմամբ` նշված ապրանքատեսակների գնանկման պատճառը թույլ առեւտուրն է: Միաժամանակ, ոչխարի մսի եւ թռչնամսի գներն աճել են 0.1 եւ 2.5 տոկոսով:
Կաթնամթերքի շուկայում 2015 թվականի ապրիլին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 7.8 տոկոս գնաճ: Սակայն ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա մարտի համեմատ գրանցվել է 0.7 տոկոս գնանկում:
Մրգի շուկայում այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 23.7, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 3.3 տոկոս գնաճ: Մասնավորապես տանձի գինը 8.3 տոկոսով, նարնջինը 11.5-ով, նռանը 14.1-ով, խնձորինը 19.1-ով աճել է: Մայրաքաղաք Երեւանում մրգի գները, ընդհանուր առմամբ, 3.4 տոկոսով աճել են: Հրուշակեղենի շուկայում նույնպես այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է արձանագրվել. այն կազմում է 17.5 տոկոս: Իսկ 2015 թվականի մարտի համեմատ գրանցվել է 0.8 տոկոս գնաճ:
Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում եւս գնաճ է արձանագրվել` կազմելով 1 տոկոս: Աճել են նաեւ տեքստիլեղենի, կահույքի, գեղահարդարման ապրանքների, գորգեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, շինանյութերի գները:
«Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ի հրապարակած տվյալների շուրջ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով հայտարարեց, որ ինքը երբեւիցե վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին չի վստահել: «Իրենք գների ինդեքսի այդ զամբյուղը հաշվում են իրենց համար մատչելի, հարմար գների տեսանկյունից, ապրանքատեսակների կտրվածքով: Բոլոր դեպքերում, բնականաբար, ստացված թվերը չեն արտացոլում այն իրական վիճակները, որոնք մենք ունենք կյանքում: Այս առումով զավեշտալի է, երբ քաղաքացին պարզապես չի կարողանում ամենահասարակ ապրանքատեսակների կտրվածքով գնումներն իրականացնել: Կյանքը նայեք»,- հորդորեց Բոստանջյանն՝ ընդգծելով, որ մենք ունենք բնակչության խոցելի շատ մեծ շերտ: Նրա խոսքերով, երկրի իշխանությունները փորձում են ամեն կերպ մեզ սնել այնպիսի թվերով, որոնք երբեւիցե հավատ չեն ներշնչում: «Ժողովուրդ»-ը տնտեսագետից հետաքրքրվեց՝ առաջիկայում մեր երկրի տնտեսությունում ինչպիսի՞ զարգացումներ կարելի է ակնկալել: Ի պատասխան՝ Բոստանջյանն ասաց. «Զարգացումների մասին ամաչում եմ խոսել: Հիմա մեր երկրի տնտեսությունը գտնվում է խորը, մահացու, դագաղային լռության մեջ: Երկրի ղեկավարները մի՞թե չեն կարողանում դա հասկանալ, թե՞ ձեռքները լվացել են այս երկրից: Եւ այս վիճակում սպասել մի հրաշքի, առնվազն միամտություն կլինի»:

 

 

 

 
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՄԲ ՑԵՄԵՆՏԻ ԳԻՆՆ ԷԼ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կթանկանա նաեւ Հայաստանում արտադրվող ցեմենտի գինը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Հրազդան» ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե էլէներգիայի սակագնի թանկացումն ինչպես կանդրադառնա ընկերության գործունեության վրա: «Էլեկտրաէներգիայի թանկացմամբ ցեմենտի ինքնարժեքի գինն էլ կբարձրանա: Հաստատ ցեմենտի գինը կվերանայենք: Այլ կերպ հնարավոր չէ»,- փոխանցեց գործարանի տնօրենը: Նշենք, որ գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ այն նորից կսկսի արտադրանք թողարկել, հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ ապրիլի սկզբին գործարանի տնօրենը հանրային խորհրդի նախագահին խնդրել էր համապատասխան մարմիններին առաջարկել տրամադրել ժամանակացույց պարտքերի մարման համար, քանի որ ներկա պահին ընկերությունը հնարավություն չունի մարելու այդ գումարները: Այս մասով տնօրենն ասաց. «Էլեկտրաէներգիայի վարձը մարում ենք եւ ոչ մի խնդիր չունենք: Միայն հարկային պարտավորությունների մասով խնդիրներ կան, որոնք էլ ժամանակի ընթացքում կկարգավորվեն»:
Իսկ թե որքան են կազմում գործարանի հարկային մարմնին ունեցած պարտքը, Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը իրավասու չէ նման տեղեկություն տալու: «Մենք «ՎՏԲ Հայաստան» բանկի կառավարման տակ ենք աշխատում: Ես իրավունք չունեմ ինֆորմացիա տալ»,- լրացրեց տնօրենը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այս ընկերության դեմ երկու դատական հայց է ներկայացվել՝ խոշոր չափի գումար բռնագանձելու պահանջով: Ընդ որում, դատարանը բավարարել է հայցվորներից մեկի` «Գազպրոմ Արմենիա»-ի միջնորդությունը՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու վերաբերյալ: Արդյունքում 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամի չափով արգելանք է դրվել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄՏԱՓՈԽՎԵԼ Է
Դիլիջանը եւ հարակից 6 գյուղերը` Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, համայնքների խոշորացման ծրագրով պետք է միավորվեն, դառնան մեկ համայնք: Մայիսի 17-ին այդ նպատակով 7 համայնքներում պետք կայանան տեղական հանրաքվեներ: Ադրբեջանից փախստականներով բնակեցված, 289 բնակիչ ունեցող Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանն ու իրենց գյուղը Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն:
Սակայն հիմա Իջեւանից 30, իսկ Դիլիջանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանքի գյուղապետը փոխել է իր դիրքորոշումը եւ խնդրի վերաբերյալ այլ կարծիք ունի: 2001 թվականից ՀՀԿ անդամ, արդեն մեկ տարի Աղավնավանքը ղեկավարող Վ. Գրիգորյանն ասում է, որ իրենց համայնքի տարեկան բյուջեն 5 միլիոն 100 հազար դրամ է, որը բավարարում է գյուղապետարանի աշխատակիցներին աշխատավարձ վճարելուն: Նրա խոսքերով՝ պլանավորված է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքում ներդրումներ են լինելու, եւ գյուղի հիմնախնդիրները լուծվելու են:
Աղավանավանքի համար հատկապես կարեւոր է խմելու ջրի հիմնահարցի լուծումը: Վ. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե համայնքների խոշորացումից հետո իրենց գյուղում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով եւ ի՞նչքան ֆինանսական ներդրումներ են կատարվելու: Նա ասաց, որ դա իրեն հայտնի չէ, եւ հավելեց՝ «հո օդում չե՞ն ասում»: Խոսքը վերաբերում էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ այլ պաշտոնյաների հավաստիացումներին, որ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների բարելավում է լինելու, եւ աշխատատեղեր են ստեղծվելու: Մեր հարցին, թե համայնքների խոշորացումից հետո ինքը ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու, չէ որ 2014թ. համագյուղացիների վստահության քվեն ստանալով՝ ինքը 4 տարի պետք է պաշտոնավարի որպես համայնքի ղեկավար, Աղավնավանքի գյուղապետն ասաց, որ միավորումից հետո երեւի կաշխատի որպես համայնքի վարչական ներկայացուցիչ:
Իսկ Դիլիջանից 9 կմ հեռավորությամբ գտնվող Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանն էլ ասաց, որ համայնքների խոշորացաման վերաբերյալ իր կարծիքը չի պարտադրում համագյուղացիներին, թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Նա նաեւ նկատեց, որ Հայաստանի անկախացումից հետո պաշտոնյաները շատ խոստումներ են տվել, ապա դրանց մասին մոռացել: Արդյունքում` ժողովուրդը թերահավատ է դարձել թե՛ այդ խոստումների, թե՛ դրանք տվողների հանդեպ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս