ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ 4 ԴԵՄԸ ՎՃՌՈՐՈՇ ԵՂԱՎ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երեկ բուռն քննարկումներ էին: Օրակարգում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն էր: Հարակից զեկուցող, Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու երեք ՀՀԿ-ական պատգամավորներ դեմ քվեարկեցին նախագծին, եւ արդյունքում` ձայների երեք կողմ, չորս դեմ հարաբերակցությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Նախագծի հարակից զեկուցող էր նաեւ ՀՀ ֆինասների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, որը արագ ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ հեռացավ: «Կառավարությունը ողջունում է բանկային ոլորտում հնարավոր ոչ թափանցիկ գործելակերպի հետ կապված ռիսկերը կանխելու նախաձեռնությունը: Այսօր բոլոր բանկերի նկատմամբ սահմանված են գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության միանման պահանջներ՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից»,-ներկայացրեց Վ. Միրումյանը:
Ընդդիմադիր պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց. «Ես գտնում եմ, որ օրենքով մենք պետք է բանկերի մեծ մասին ժամանակ տանք, որպեսզի վերագրանցվեն եւ դառնան բաց բաժնետիրական ընկերություն»: Նշենք, որ Հ. Բագրատյանն իր այս նախագծով առաջարկում է բանկերը դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ, որպեսզի իր խոսքերով ասած` «կողքից կարողնան իրենց քիթը խոթել» բանկային գործընթացների մեջ` այդպիսով դրանք ավելի բաց ու հրապարակային դարձնելով հանրության համար: Բագրատյանն առաջարկում է նաեւ, որ բանկերի խնդիրները կարգավորելու եւ վիճակը կայունացնելու նպատակով Կենտրոնական բանկը չմիջամտի, քանի որ դա ճիշտ չէ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հ. Բագրատյանի՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը հանձնաժողովը մեկ անգամ արդեն հետաձգել էր, սա երկրորդ անգամն էր, որ Բագրատյանը ներկայացնում էր նախագիծը: Իսկ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ ասաց, որ պատրաստ են քննարկումներ սկսել օրենքի նախագծի հեղինակի հետ՝ նոր ստեղծվող բանկերը որպես բաց բաժնետիրական ընկերություն ձեւավորելու վերաբերյալ պահանջ սահմանելու շուրջ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ բարձրացված խնդիրն ընդունում է ե՛ւ Կառավարությունը, ե՛ւ Կենտրոնական բանկը. «Վաղ թե ուշ մենք պետք է անցնենք նրան, որ մեր բանկերը դառնան ԲԲԸ, քանի որ դա տալիս է բազմաթիվ առավելություններ»: Սակայն Գ. Մինասյանը անհասկանալի պատճառով որոշեց դեմ քվեարկել նախագծին: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանը: Դեմ քվեարկեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ժողովորդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի հետ, որը կողմ քվեարկեց նախագծին՝ համարելով, որ այն պետք է քննարկվի նաեւ ԱԺ քառօրյայի ժամանակ:
-Պարո՛ն Մինասյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Հ. Բագրատյանի ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, քանի որ, ըստ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների, դրա իրագործումը ժամանակավրեպ է, իսկ նախագիծն իր այս տեսքով ոչ լիարժեք եւ ոչ մասնագիտական է:
-Առհասարակ, ես կարծում եմ, որ որեւէ կազմակերպության, կազմաիրավական ձեւի, ինքնության հարցը բխում է այն գործունեության ոլորտից, որում այդ կազմակերպությունը պետք է աշխատի: Պատահական չէ, որ նախընտրությունը ֆինանսական շուկայում միշտ եղել են ավելի հրապարակային ընկերությունները, որովհետեւ ռիսկերը այստեղ բարձր են ու գործ ունեն հանրության փողերի հետ: Սա է պատճառը, որ հաճախ սահմանափակումներ են կիրառվում եւ պարտադրվում է, որ այդ ընկերությունը, նույնիսկ եթե չի ընտրել հրապարակային ընկերությանը բնորոշ կազմաիրավական ձեւը, միեւնույն է, լինի հնարավորինս հրապարակային, թափանցիկ, բաց: Իսկ այդ տեսակետից ակնհայտ է, որ եթե մենք ասում ենք, թե բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերություն, առաջին ելակետը ելնում է հենց դրանից, որ ինքը կամա թե ակամա պետք է գործի հրապարակային, բաց, այսինքն՝ այդպիսին լինի կազմաիրավական տեսակետից:
-Փաստորեն, ՀՀԿ-ականներն ու Կառավարության ներկայացուցիչները դեմ չեն արտահայտվում…
-Մեզ մոտ ձեւավորվել է որոշակի իրականություն, որը հետեւյալն է՝ անկախ նրանից, դա կլինի բաց բաժնետիրական ընկերություն թե փակ, ՍՊԸ թե կոոպերատիվ, եթե այս կազմակերպության մասնակիցները, շահառուները շահագրգռված չեն կապիտալում մասնակից դարձնել այլ մարդկանց, այլ սուբյեկտների, դա չեն անի: Ես ուզում եմ նաեւ երկրորդ տեսակետը ներկայացնել. արդյոք խնդիրը միայն կազմա-իրավական ձեւի մեջ է, ո՛չ, անշուշտ: Այն մարդկանց, այն սուբյեկտների մեջ է, որոնք ցանկություն են հայտնել այդ գործունեությամբ զբաղվել, ու արդյո՞ք իրենք պատրաստ են հանրությանը մասնակից դարձնել իրենց համատեղ բիզնեսին: Շանսը այսօր տրված է գործող օրենքով, որ իրենք կարող են վերակազմավորվել ԲԲԸ-ի: Այլ լրացուցիչ պահանջ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում: Ինձ համար դեռեւս անորոշ է մնում, թե մենք ինչ խնդիր կարող ենք լուծել, եթե պարտադրենք բաց դառնալ, այն դեպքում, երբ բացի համար սահմանված հրապարակային կանոնները չլինեն:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ հարցը պետք է մտնի ԱԺ օրակա՞րգ:
-Այո՛, ես կարծում եմ, որ այն պետք է օրակարգ մտնի, որովհետեւ այդ ժամանակ կներկայացվեն տեսակետներ, կքննարկվեն տարբեր մոտեցումներ… այնպես չէ, որ մենք այնպիսի ռիսկ ենք մտցնում շուկայում, որը կարող է ինչ-որ վտանգ ներկայացնել:

 

 

 

 

7 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԱՂԲԱՎԱՅՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ ԿՈՏԱՅՔՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի միջեւ ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով հայկական կողմին տրամադրվելու է 3.5 մլն դոլար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակագ իրավիճակների նախարար Վաչե Տերտերյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ առաջիկայում Կոտայքի մարզում նոր աղբավայր կստեղծվի: Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ից վերցնում է 3.5 մլն դոլարի վարկ:
Վաչե Տերտերյանը նշեց, որ «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ը նույնքան էլ դրամաշնորհ է տրամադրում՝ հավելելով, թե ընդհանուր ծրագրի արժեքը 7 մլն դոլար է: Փոխնախարարը նշեց, որ վարկառուն լինելու է Հայաստանը, բայց վարկը կսպասարկվի Կոտայքի 7 քաղաքների կողմից: Տերտերյանը վստահեցրեց նաեւ, որ աղբահանության գործող սակագների բարձրացում չի նախատեսվում, ավելին` ծրագրի արդյունքում մի քանի տասնյակ աշխատատեղեր կստեղծվեն, վարչարարությունը, աղբահանությունը կլավանա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ընդդիմացավ Վաչե Տերտերյանի հայտարարությանը՝ նշելով, թե նման չափի վարկի դիմաց ընդամենը աղբավայր է կառուցվելու, ինչն այդքան էլ իրատեսական չէ: Բագրատյանը փորձեց Տերտերյանից պարզել, թե հնարավոր չէ՞ր աղբավայրի կառուցման համար միայն դրամաշնորհ վերցնել, կամ էլ կազմակերպել նաեւ աղբի վերամշակումը: Վ. Տերտերյանն արձագանքեց` նշելով, որ այս ծրագրով վերամշակում չի կարող լինել, քանի որ լուրջ խնդիր կա համայնքների հետ, ռելիեֆը խիստ կտրտված է, ծախսածածկի հարց կա, եւ մոտիվացիա չկա առկա ծավալների պարագայում:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց աշխատել ժամանակակից տարբերակով՝ աղբը վերամշակել եւ ստանալ պարարտանյութ ու էներգիա: Նա ընդգծեց, որ այդ դեպքում անգամ հնարավոր կլինի բնակիչներին ազատել վարձավճարներից: Հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ՎԱՂԸ ԿԱՄ ՄՅՈՒՍ ՕՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ, որպեսզի մայիսի վերջերին վերսկսի իր չվերթները, ինչպես շաբաթներ առաջ ընկերությունը հայտարարել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը չվերթները վերսկսելու մասին ասաց. «Մենք դեռ նորություն չունենք, գումարը մի փոքր ուշանում է: Մայիսի վերջին արդեն ֆինանսավորումը կլինի, բայց չվերթները կսկսենք ավելի ուշ, որովհետեւ մայիսին չենք հասցնի»: Հիշեցնենք, որ երբ հոկտեմբերին ավիաընկերությունը դադարեցրեց չվերթները, հայտարարվեց, որ դեկտեմբերի 20-ից ուղեւորափոխադրումները կվերսկսեն: Սակայն չվերթները չվերսկսվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարվեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ առանց ազգային փոխադրողի:

 

 

ԹԱՔՈՒՆ Է ՊԱՀՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի՝ 2014 թվականի հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչ օրս չի հրապարակել, ուստի ենթադրվում է, որ այն չի ներկայացվել: Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանի գլխավոր առավելությունն ու արժանիքը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը լինելն է: Հիշեցնենք, որ Սարգսյանը պատգամավոր է դարձել 2012-ին, թիվ 1 ընտրատարածքից, որն իր մեջ ընդգրկում է Երեւանի Ավան թաղամասը: 2012-ին պատգամավոր դառնալիս Ռոբերտ Սարգսյանը հայտարարագրել է երեք հատ ավտոմեքենա՝ «Audi», «Mitsubishi Pajero» եւ «Վազ 2121» մակնիշների, ինչպես նաեւ՝ հինգ բնակելի տարածք, 4 հողամաս, մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Նա այն ժամանակ նաեւ հայտարարագրել է 10 հազար դոլար եւ 7 մլն դրամ դրամական միջոց:
«Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու չի հայտարարագրել իր ունեցվածքը, ի պատասխան՝ նա ասաց, որ դեռ մեկ ամիս առաջ է այն ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Մինչդեռ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հաշվետու ժամանակաշրջանի հաջորդող տարվա փետրվարի 15-ն է:

 

ՈՍԿԵՊԱՏ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը «Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»» ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել 100 հատ գերազանց ծառայության, ոսկուց եւ արծաթից պատրաստված կրծքանշան՝ իրենց տուփերով: Մեկ կրծքանշանի արժեքը 18 հազ. 500 դրամ է, իսկ տուփինը` 2 հազ. 500 դրամ: Ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 2 մլն 100 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից տեղեկացրին, որ տվյալ կրծքանշանները տրվել են կառույցի աշխատակիցներին:




Լրահոս