ԻՆՉՊԵ՞Ս ԱՊԱԿԱՆԵԼ ԴԱՇՏԸ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հին Հռոմում կիրառվում էր «հաց եւ տեսարաններ» հայտնի մեթոդը, որպեսզի հասարակական դժգոհությունը իրական խնդիրներից շեղվեր: Այդպես ավելի հեշտ էր կառավարել եւ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հղի են պայթյունավտանգ իրավիճակների հեռանկարով:

Հայաստանի իշխանական դաշտը սպասարկող PR-շիկները պարբերաբար կիրառում են հնամենի այս մեթոդը՝ ամենակարեւոր պահերին տարբեր հետաքրքրաշարժ տեսարաններ բեմադրելով: Եւ այդ ճանապարհին բազում մարդկանց ճակատագրեր են խեղվում: Սակայն մեծ խաղերի մեջ մարդկային ճակատագիրը, ցավոք, փոքր նշանակություն ունեցող երեւույթ է:
Եւ, ահա, վերջին շրջանում Հայաստանում կարծես թե փոխվել են հին մեթոդները, եւ մեծ թափ է հավաքում «թրոլինգ» հասկացությունը: Նախ նշենք, որ «թրոլինգ» տերմինը առաջացել է վիրտուալ աշխարհի մասնակիցների ժարգոնից: Ու երբ բառացի թարգմանում ենք անգլերենից, ստացվում է «կարթով ձուկ եմ բռնում»: Եթե առավել ընդհանրական բնութագրենք, ապա ստացվում է վիրտուալ հաղորդակցման ռեսուրսներում սադրիչ հաղորդագրությունների տեղադրման գործընթաց, որը նպատակ ունի կոնֆլիկտային իրավիճակ ձեւավորել: Սա կարող է դրսեւորվել ամենատարբեր ձեւերով՝ սկսած չճշտված լուրերի հրապարակումներից, որոնք տարբեր սրության մեկնաբանություններ են ստանում, վերջացրած միտումնավոր արհեստական հերոսներ ստեղծելով, որպեսզի հասարակական ուշադրությունը շեղվի:
Ըստ համացանցային բացատրության՝ «թրոլինգին մոտ հասկացություն է գայթակղելը, սադրելն ու հրահրելը, այսինքն՝ գիտակցված խաբեությունը, զրպարտությունը, վեճի հրահրումը: Այն կարող է արտահայտվել ագրեսիվ, ծաղրական ու վիրավորական վարքագծով: Օգտագործվում է ինչպես անհատականացված մասնակիցների կողմից, ովքեր շահագրգռված են շատ ավելի ճանաչված, հանրային, ցնցող լինել, այնպես էլ անանուն օգտատերերի կողմից, որոնց ինքնությունը հնարավոր չէ բացահայտել»:
Հիմա փորձենք տեսությունն ու պրակտիկան համադրել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական, քարոզչական դաշտում: Քանի որ մեր երկրում տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, նույնիսկ այն աստիճան, որ Հայաստանն այսօր, ըստ պաշտոնական թվերի, ապրում է «հետ գցած փողերով», ուստի անհրաժեշտ է հնարավոր պայթյունը թույլ չտալու համար ինչ-որ գործընթացներ սկսել: Եւ այնպես սկսել, որ դա չունենա հանկարծ քաղաքական երանգ, որպեսզի քաղաքական կուսակցությունները ոտքի չկանգնեն, եւ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Բանն այն է, որ դեռեւս կան քաղաքական դաշտում դերակատարներ, որոնք ուղղակի կախման մեջ չեն իշխանություններից:
Եւ այսպես, հասարակական-քաղաքական հարթակ բերվեց, օրինակ, մի տաքսու վարորդ, որին անգամ եթերաժամ տրվեց, եւ նա կարճ ժամանակում այնպիսի մասսայականություն վայելեց, որ դժվար էր նույնիսկ այն կանխատեսելու մասին մտածել: Ինչո՞ւ հենց տաքսու վարորդ: Թերեւս դժվար չէ հասկանալ, որ տաքսու վարորդների միջոցով է ինֆորմացիան ամենաարագը տարածվում քաղաքում կամ երկրում: Եւ երկրորդ՝ այդ քայլով փորձ արվեց քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ապացուցել, որ մասսայականություն վայելելը, լսելի դառնալը այնքան էլ բարդ բան չէ, ուստի մենք այլեւս քաղաքական գործիչների կարիք չունենք: Այսինքն՝ տարբեր ոլորտներում կան կամ կծնվեն լիդերներ, որոնք կարող են գործընթացներ առաջ տանել: Եւ սա արվեց հենց համացանցային թրոլինգի միջոցով: Ամենատարբեր օգտատերեր սկսած ծաղրանքից, վերջացրած կոշտ վիրավորական արտահայտություններով ու լուրերով քննարկեցին տաքսու վարորդի կերպարը: Իշխանական որոշ լրատվամիջոցներ էլ նույնիսկ տաքսու վարորդի կենսագրության մանրամասներով նյութեր հրապարակեցին՝ թաքուն ծաղրելով նրա կերպարը:
Ու այս գործընթացը, որ թվում է, թե ինքնաբուխ է, իրականում օգտագործվեց ինֆորմացիոն դաշտի դերակատարների կողմից եւ մատուցվեց ցանկալի արդյունքին հասնելու համար: Իսկ ցանկալի արդյունքն այն էր, որ քաղաքական ու հասարակական դաշտը ապականվի, չլինի գեթ մեկը, որին թեկուզ քիչ, բայց վստահեն: Եւ այս մթնոլորտում հնարովի կերպարներն արագ իրենց տեղն են գտնում: Ահա թե ինչպես են Հայաստանում վերահսկողության տակ պահում քաղաքական ու հասարակական դաշտը, մինչեւ հստակ հրահանգ լինի ապագա ծրագրերի առնչությամբ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը երեկ բավական կոշտ հայտարարություն է տարածել, որը հետեւյալ կերպ է սկսվում. «Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է: Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում` երեւույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» եւ Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից եւ ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել եւ պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ»: Հայտարարությունում անդրադարձ կա նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ծանր ֆինանսական վիճակին, որը, ըստ հեղինակների, ոչ ճիշտ մենեջմենթի եւ չարդարացված մեծ կորուստների հետեւանք է: Իսկ ինչ վերաբերում է «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելու լուրերին. «ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում` գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող է ուսումնասիրել` հասկանալու` որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը, եւ որոշելու` գնել այն, թե ոչ»: Ակնհայտ է, որ Կարապետյանների համբերության բաժակը լցվել է, եւ նրանք որոշել են բոլոր հարցերի պատասխանը միանգամից տալ: Իհարկե, այս պահին ՀԷՑ-ը գնելու հնարավորությունը բացառելով՝ տեքստն այնպես է ձեւակերպված, որ ապագայի համար նման հեռանկարը չբացառվի:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ-ում պետք է կազմակերպվեն խորհրդարանական լսումներ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ լսումները կանցկացվեն լիագումար նիստերի դահլիճում: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ կոչ արեց ՀՀԿ-ականներին հորդորել Կառավարությանը, որպեսզի փոխնախարարների կամ վարչության պետերի մակարդակով չներկայանան քննարկումներին: «ԱԺ պլանկեն լավ իջացրել ենք: ԱԺ-ն աշխատում է Կառավարության հետ, ես պատգամավոր եմ եւ պահանջում եմ նախարարի ներկայություն: Թող գա իր թիմով»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսի 25-ին խորհրդարանում պատրաստվում են սկսվել 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Բյուջեի կատարողականը նախ պետք է քննարկվի ԱԺ բոլոր հանձնաժողովներում, որից հետո այն կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգում:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: ԱԺ նախագահը նշել է, որ պետք է զարգացնել երկու երկրների քաղաքական շփումները՝ ընդգծելով հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

 

ՄՏԱՀՈԳԻՉ Է
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող N զորամաս կատարած այցելության ընթացքում նշել է, որ հրադադարի հաստատումից 21 տարի անց էլ պատերազմը դեռեւս չի ավարտվել: Նա անդրադարձել է նաեւ ռուսաստանյան զենքի մատակարարմանը ադրբեջանական կողմին՝ ասելով, որ դա իսկապես մտահոգիչ է, սակայն «հոգեբանորեն չի ընկճում հայ զինվորին»: Փաստորեն, Սեյրան Օհանյանն արել է Սերժ Սարգսյանին հակասող հայտարարություն: Հիշեցնենք, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ Ս. Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե այս հարցում ամենամեծ վնասն այն է, որ հայ զինվորը տեսնում է, որ իր դեմ կրակում են ռուսական զենքից:

 

ՎՊ-ԻՆ ԳՈՎԵԼ ԵՆ
ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը երեկ անդրադարձել է ապրիլի 30-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցին, որում դրական գնահատականներ կան ՎՊ-ի մասին: Ըստ զեկույցի` «Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, եւ չնայած պալատի գործնական անկախությունը մնում է միջին մակարդակի վրա, բայց բարձր են թափանցիկության, հաշվետվողականության եւ օրինավորության աստիճանները»: Նշենք, որ զեկույցում դիտարկված է 13 պետական հաստատությունների աշխատանքը:

 

ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՊԸ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները անկեղծ էին, քննարկվել են Ուկրաինան, Իրանը, Սիրիան։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Twitter-ի իր միկրոբլոգում։ «Կարեւոր է պահպանել կապը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ, երբ մենք աշխատում ենք գլոբալ արդիական խնդիրների վրա»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:




Լրահոս