Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, «Տնփեսա» սիթքոմի ավարտից հետո աշխատելու է նոր նախագծերի վրա: Հումորիստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ հայ հասարակության համար ամենասուր հումորը, սովորաբար, սոցիալական եւ քաղաքական բնույթ ունի: Մկրտիչը կիսվել է նաեւ իր զավակների ապագային առնչվող մտահոգություններով` նկատելով, որ ինչքան էլ ինքը նրանց համար ապահովի կայուն կյանք, կան գործոններ, որոնք առավել որոշիչ են:
-Մկրտի՛չ, «Տնփեսա» սիթքոմի ավարտից հետո Ձեզ նոր նախագծում, անսպասելի կերպարում կտեսնե՞նք:
-Իհարկե, կտեսնեք. պատրաստվում են նոր նախագծեր, կան մի քանի գաղափարներ, որոնց վրա մտածում ենք եւ աշխատում: Ինքս փորձում եմ ամեն անգամ նոր կերպարով ներկայանալ, աշխատում եմ, որ հաջորդ կերպարս կտրուկ տարբերվի նախորդներից. եթե այդպես չլինի, աշխատանքի արդյունքը կդառնա անհետաքրքիր թե՛ ինձ համար, թե՛ հեռուստադիտողի:
-Սիթքոմում Անուշավան պապիկի կերպարը ոմանց կողմից շատ սիրվեց, ոմանց կողմից էլ` քննադատվեց. վերջիններս պատճառաբանում էին, թե կնամոլ պապիկի կերպարը կարող է դիտվել որպես անհարգալից վերաբերմունք տարեցների նկատմամբ: Ի՞նչ կասեք:
-Պապիկի այս կերպարը դարձավ հոգեհարազատ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, պատճառներից մեկն այն է, որ այն իր մեջ անիմացիոն էլեմենտներ հիշեցնող տարրեր էր պարունակում, եւ հեռուստադիտողին երբեմն կարող էր թվալ, թե ինքը մուլտֆիլմի հերոսի է դիտում: Ես նախկինում էլ բազմիցս խաղացել եմ պապիկների կերպարներ, բայց այս սիթքոմում ինձ հաջողվեց ստեղծել պապիկի նոր կերպար: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ մարդիկ տարբեր են: Կնամոլությունն իմ կերպարին բնորոշող ամենավառ գծերից մեկն էր: Համաձայն եմ, որ գուցե որոշ դեպքերում կնամեծարության չափաբաժինը մեծ է եղել, բայց մենք ոչ մի սահման չենք անցել եւ ոչ ոքի չենք վիրավորել:
-Լավ, իսկ առաջիկայում գեղարվեստական ֆիլմերում Ձեզ կտեսնե՞նք:
-Այո, հիմա «Շարմ» ընկերությունը նկարահանում է ֆիլմ, որին մասնակցություն ունեմ նաեւ ես, բացի այդ` լինելու է եւս մեկ ֆիլմ, որի շրջանակում կերտելու եմ գլխավոր հերոսի կերպարը, նաեւ հանդես եմ գալու որպես պրոդյուսեր: Շատ եմ ուզում ուժերս կենտրոնացնել եւ լրջորեն զբաղվել նոր աշխատանքներով:
-Իսկ մեր քաղաքական դաշտում կա՞ն երեւույթներ կամ կերպարներ, որոնց կուզենաք ինչ-որ կերպ անդրադառնալ:
-Մեր երկիրը «հարուստ» է թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական բնույթի նման երեւույթներով, որոնք ակտուալ են եւ, ցավոք սրտի, դեռ երկար տարիներ ակտուալ կմնան: Համենայն դեպս, հայ հասարակության համար ամենասուր, ակտուալ թեմաները սոցիալական եւ քաղաքական թեմաներն են:
-Բայց այդ բնույթի հումորները մի տեսակ նույնական չեն դարձե՞լ, երբեմն այնպիսի տպավորություն է, թե հումորիստներն անընդմեջ պտտվում են նույն թեմաների շուրջ:
-Եթե, օրինակ, քաղաքական դաշտը մեռած է, որեւէ թեմա մեկ-երկու անգամ արծարծելուց հետո այլեւս իմաստ չունի անդրադառնալ դրան, այլապես հետաքրքրությունը կորչում է, դու ինքդ քեզ սահմանափակում ես: Ուստի ինքս ամեն անգամ նոր բան ստեղծելիս հաճախ մտածում եմ այս մասին եւ անում եմ հնարավորը` չկրկնվելու համար:
-Դուք երկու զավակ ունեք, նրանց ապագայի հետ կապված ո՞րն է Ձեր առաջնային մտահոգությունը:
-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նրանք ապրեն ապահով երկրում: Յուրաքանչյուր երկրում էլ կարող ես հանդիպել խնդիրների, բայց երբ քո սեփական երկրում պրիմիտիվ հարցերի լուծումը 180 աստիճանով տարբերվում է մյուս երկրներում ընդունված լուծման եղանակներից, կամ երբ զգում ես, որ կայունության կարիք ունես, մտածում ես` վաղը քո երեխաները ինչ պետք է անեն… Իհարկե, փորձում ես ուժերիդ ներածին չափով անել հնարավորը, որ նրանք իրենց ապահով զգան, բայց, ամեն դեպքում, կան ավելի որոշիչ գործոններ, որոնք Չինական պատի պես խոյացել են մեր առջեւ, եւ փոխանակ, ինչպես մյուս երկրներում է լինում, այդ պատը փլվի, այն ավելի է մեծանում…
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ «ԳԻՇԵՐՎԱՆ»
«Թանգարանային գիշեր-2015» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում մայիսի 16-ին անցկացվելիք միջոցառումներն այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ակցիան, որին միանալու են Հայաստանի բոլոր 110 թանգարանները, այս տարի կրում է «Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագիրը: «Ժողովուրդ»-ը մի քանի թանգարաններից հետաքրքրվել է, թե ինչ անակնկալներ են պատրաստել այցելուների համար եւ ինչ ծրագրերով են ներկայանալու միջոցառմանը:
Երեւանի պատմության թանգարանի փոխտնօրեն Գեւորգ Օրբելյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք նախատեսել են «Հիշում եմ եւ պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդես, որի նպատակը մինչեւ 1915 թվականը եւ դրանից հետո Երեւանը ներկայացնելն է` գաղթականների ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետեւանքները վերացնելու, Երեւանի վերակառուցման եւ վերածննդի համատեքստում: Նույն օրը թանգարանում տեղի է ունենալու նաեւ Ցեղասպանությունը վերապրած կիլիկիացի Զարմինե Վասիլյանի հուշերի գրքի շնորհանդեսը:
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի միջոցառումների համակարգող Արուսյակ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նախատեսել են ներկայացնել «Հիշողության պատուհաններ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն, որի շրջանակում անդրադարձ է կատարվելու մեր հայրենիքի արեւմտյան հատվածի, մասնավորապես` Կ.Պոլսի մշակութային կյանքին` 19-րդ դարից մինչեւ Ցեղասպանությունը: Ժամանակավոր ցուցադրությունում ներկայացվելիք նյութերը կա՛մ քիչ են ցուցադրվել, կա՛մ առհասարակ չեն ցուցադրվել: Թանգարանում տեսաշարի միջոցով ներկայացվելու են 1894-1923 թթ. գրված Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին հայ եւ օտարազգի անվանի գործիչների պատասխան-արձագանքները: Կայանալու են նաեւ մի շարք այլ միջոցառումներ:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք ծրագրել են ներկայանալ երկու ցուցահանդեսով. մեկը վերաբերում է Ցեղասպանության տարիներին Թումանյանի ընտանիքի գործունեությանը, իսկ մյուսը ներառում է Վանում 1918-ին զոհված Թումանյանի որդու` Արտավազդ Թումանյանի նկարչական աշխատանքները, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Հայաստանի բոլոր թանգարաններն անվճար կգործեն մինչեւ կեսգիշեր:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ»
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի անձնակազմը լրագրողներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» խորագրով կինոցուցադրությունների ծրագրի մանրամասները: Այս տարվա փետրվարին մեկնարկած ծրագրի շրջանակներում կինոցուցադրություններ են կազմակերպվել 6 երկրների 12 քաղաքներում` Բելառուս, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լիտվա, Թուրքիա: Բոլոր այս երկրներում ցուցադրվել են ֆիլմեր, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին:
Կազմակերպիչները որպես ծրագրի գլխավոր ձեռքբերում նշել են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունը Ստամբուլի միջազգային կինոփառատոնում: «Այլեւս երբեք» ծրագրի առաջին փուլը կտեւի մինչեւ «Ոսկե ծիրան-2015»-ի մեկնարկը, իսկ երկրորդ փուլը կսկսվի օգոստոս ամսին:
VARDA-Ն ԱՄՈՒՍՆԱՆՈ՞ՒՄ Է
Հայտնի մերկապարուհի VARDA-ն` Վարդանուշ Մարտիրոսյանը, հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել, որի միջոցով իսկական իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում: Իր լուսանկարի տակ նա գրել է. «Սա էլ այսպես. գլխավոր փորձ»: Բացի այդ` նա եւս մեկ լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Էյֆելյան աշտարակը: Չի բացառվում, որ այժմ VARDA-ն Փարիզում է եւ, գուցե, պատրաստվում է հենց այնտեղ էլ ամուսնանալ:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿՏԱՎԸ
Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը (O տարբերակը) Christie՚s աճուրդային տան կողմից Նյու Յորքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 179,4 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դա ամենախոշոր գումարն է, որը երբեւիցե աճուրդում վճարել են արվեստի գործի համար: Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր իմպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի դիմանկարի երեք ուրվանկար» կտավին: Այն 2013 թվականին Christie՚s-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել էր 142,4 մլն դոլարով: Կտավը գնած մարդու անունը չի հրապարակվում:
Նշենք, որ Պիկասոն «Ալժիրցի կանայք» անվանումով 15 կտավ է ստեղծել, որոնցից յուրաքանչյուրը նշված է լատինական այբուբենի տառերից մեկով` A-ից մինչեւ O: Այդ գործում նրան ոգեշնչել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի համանուն աշխատանքների շարքը: