ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ճարահատյալ հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որպեսզի գոնե աշխատանքի գնալիս Սերժ Սարգսյանը տեսնի եւ լսի իրենց: Բայց, ինչպես միշտ, այս անգամ էլ նրանց հույսերը չարդարացան: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն ամեն օրվա նման այսօր էլ անցավ առանց կանգնելու: Հասկանալի է, որ Ս. Սարգսյանի գրաֆիկը րոպե առ րոպե պլանավորված է, սակայն 10 րոպեով ծրագրից շեղվելը երկրի տնտեսությանն ու բնականոն զարգացմանը դժվար թե խոչընդոտեր:
ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոտրանսպորտային միջոց, որը ընդհանրապես չեմ վարում: Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք պարտադիր պետք է ԱՊՊԱ պայմանագիր կնքեմ, թե ոչ:
Իսահակ Մելիքյան (48 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Դուք չեք վարում Ձեր ավտոտրանսպորտային միջոցը եւ չեք ցանկանում կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա պետք է ոստիկանության համապատասխան մարմիններում ժամանակավորապես հաշվառումից հանեք այն: Հակառակ պարագայում Դուք պարտավոր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Ի դեպ, տեղեկացնենք, որ՝
-առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում 50.000 ՀՀ դրամի չափով (2014 թվականի հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամի չափով):
-ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր տասն օրվա համար 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի քան 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամ):
Ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա թե ինչպիսի կլորիկ գումարներ պետք է վատնեն այն վարորդները, որոնք կփորձեն շրջանցել օրենքը: Չնայած սահմանված տուգանքների չափերը, մեղմ ասած, անտրամաբանական են, եւ դրանց փոփոխման համար երկար ժամանակ է, ինչ ավտովարորդներն ու նրանց շահերի պաշտպանները պայքարում են, այդուհանդերձ, ավելի լավ է` ժամանակին կատարել բոլոր մուծումները` խուսափելու համար նման աստղաբաշխական տուգանքներից:
ՀԱՐՑ. Հայրենական մեծ պատերազմի թիկունքի մասնակիցները ողջ աշխարհում վետերանների հետ հավասար իրավունքներ ունեն, եւ նրանց կենսաթոշակը նույնպես բավականին մեծ է: Խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ Հայաստանում նրանց կենսաթոշակները չեն բարձրացվում: Եվ, ընդհանրապես, որքա՞ն է այսօր կազմում ՀՀ-ում վետերանների կենսաթոշակը:
Ավետիս Մխիթարյան (89 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված լինելու դեպքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում) աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժ հաշվարկվում է սկսած 14 տարեկանից:
Տեղեկացնում ենք նաեւ, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրված անձինք օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունքից:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ կատեգորիայի անձանց համար լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ Կառավարության կողմից տարվող սոցիալական քաղաքականությունը միտված է արտոնությունները կենսաթոշակների պարբերական բարձրացմամբ փոխարինելուն, որի նպատակը սոցիալական արդարության սկզբունքն է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ պետությունը բավարարվում է միայն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին քաղաքային ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունք ընձեռելով: Սա, իհարկե, չափազանց քիչ է ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ արցախյան ազատամարտի մասնակիցների համար: Որքան էլ որ սուղ լինեն պետական միջոցները, կարծում ենք, որ Հայաստանի Կառավարությունը պարտավոր է ապահովել մեր վետերանների արժանավայել ծերությունը: