
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ մեկնարկած դռնփակ նիստում քննարկելու է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագիծը: Զեկուցողը հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն է:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, սա հանձնաժողովի կողմից քննության առնված առաջին դիմումն է: Քաղաքացին խնդրել էր քննել հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ իր եւ ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի ընթացքում պատգամավորի վարքագիծը, մասնավորապես, նրա կողմից էթիկայի կանոնները խախտելու հարցը եւ կայացնել համապատասխան որոշում:
Հոկտեմբերի 16-ի նիստում հանձնաժողովը լսել է նաեւ Գասպարիի դիմումի, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Ս.Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը:
Նիստին հրավիրված էին եւ՛ դիմումատուն, եւ՛ պատգամավոր Ալեքսանյանը, սակայն եկել է միայն Գասպարին: