Մոտկորի գյուղախմբի Քարինջ համայնքում քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտված է: «Անկյուն գումարած 3» ՀԸ լրագրող Մանե Խլոպուզյանը Քարինջից հայտնում է, որ ընտրական տեղամասը փակվել է սահմանված ժամին՝ 20:00-ին: Քարինջում գրանցված 479 ընտրողից խոշորացման հանրաքվեին մասնակցել է 205 մարդ: Արդեն հայտնի է, որ Քարինջում խոշորացմանն «այո» է ասել 113 մարդ, 83-ը դեմ են քվեարկել այս գործընթացին: Անվավեր է համարվել 9 քվեաթերթիկ:
Մոտկորի գյուղախմբի համայնքներում խոշորացման վերաբերյալ հանրաքվեն ավարտված է: Սահմանված ժամին՝ 20:00-ին, փակվել են ընտրական բոլոր տեղամասերը: Այժմ քվեաթերթիկների հաշվվման գործընթացն է կատարվում: Թումանյան քաղաքում գրանցված 1935 ընտրողներից հանրաքվեին մասնակցել է 634-ը: Թումանյանի ՏԸՀ նախագահ Գայանե Ճարոյանի փոխանցմամբ՝ քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: