Սլովակիայի խորհրդարանը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հանդես է եկել ներկայացված հայտարարությամբ.

Ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար դոկ. Աշոտ Գրիգորյանի ջանքերի շնորհիվ իրենց մասնակցությունը բերեցին նաև սլովակ քաղաքական գործիչներ: Հայաստանում ներկա տարբեր երկների նախագահների կողքին Սլովակիան պաշտոնապես ներկայացրեց Պավոլ Հրուշովսկին: Նա իր ստորագրությամբ հաստատած Սլովակիայի պառլամենտի այն նախագահն էր, ով 2004 թվականին նույն պառլամենտի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել:

Պարոն Հրուշովսկին բազմակի անգամներ այցելել է Հայաստան, սակայն վերջին այցելությունը նա համարում է պատմական, քանի որ Էջմիածնում սրբացման արարողությունը նա համարում է եզակի և անմոռանալի:

Եվ դա էր պատճառը, որ մայիսի 5-ին Սլովակիայի պառլամենտում Պավոլ Հրուշովսկին իր ելույթով առաջարկեց ներկա պահին լռության րոպե հայտարարել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հարգելու համար: Առաջարկը  միաձայն  ընդունվեց և ի կատար ածվեց պառլամենտի մասնակիցների կողմից:

Ստորև ներկայացնում ենք Պավոլ Հրուշովսկու կարճատև, բայց ազնիվ և հուզիչ ելութը հարգանքի լռության րոպեից առաջ.

«Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ, գործընկերներ: Կցանկանայի Ձեզ խնդրել, որպեսզի լռության մեկ րոպեով հարգենք 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սլովակիայի Ազգային Խորհուրդը 2004 թվականին բանաձև է ընդունել, որով ճանաչել է այդ հանցանքը, մարդկության դեմ կատարված հանցանքը: Օսմանյան թուրքերը հայերին սպանել են ոչ միայն այն բանի համար, որ Հայ են եղել, այլ առաջին հերթին այն բանի համար, որ եղել են քրիստոնյաներ: Հայերի ճակատագիրը օրինակ է զանգվածային ջարդերի, էթնիկական զտման, տարհանման, ինչպես նաև ցեղասպանության, որը տեղի է ունեցել 20-րդ դարում  և այն տևական ցավ թողեց մասնավորապես հայերի, ինչպես նաև մեր բոլորի սրտերում: Ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություններս հայտնել պարոն նախագահ այն բանի համար, որ ես կարողացա Երևանում պաշտոնապես ներկայացնել Սլովակիայի Հանրապետությունը այս ողբերգական կոտորածի 100-ամյա  տարելիցին, ինչպես նաև Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար դոկտոր Աշոտ Գրիգորյանին` ճամփորդությունս դեպի Հայաստան բարձր մակարդակով կազմակերպելու համար… »:




Լրահոս