
Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրվել է ևս մեկ թեկնածու` անկուսակցական Էդվին Թադևոսյանը:
Նշենք, որ Էդվին Թադևոսյանը, մամուլի հրապարակումների համաձայն, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռն է: Նա նախորդ տարվա մայիսի 22-ին Աբովյանի տարածաշրջանի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել էր: Միջադեպը տեղի էր ունեցել Ծառուկյանի մորաքրոջ թոռների` հիշյալ Էդիկ Թադևոսյանի և Վարդան Հարությունյանի միջև: Գործարար հարցերի շուրջ համաձայնության չգալով, նրանցից մեկը կրակել է մյուսի ոտքին: Ոստիկանության հրապարակած տեղեկությունների համաձայն, կրակողը եղել էր Էդվին Թադևոսյանը, ով իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց էր արձակել:
Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այնուհետև, Է. Թադևոսյանը և Վ. Հարությունյանը ստորագրությամբ ազատ էին արձակվել: