Անիմաստ հայտարարություններ է անում, գնացեք, անցյալներդ փորփրեք, տեսեք`դուք ով եք եղել ձեր կյանքում. Հայկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Զարուհի Փոստանջյանի` Սուրիկ Խաչատրյանին վերաբերող ելույթից հետո խոսել էր Սյունիքի մարզից  ընտրված  պատգամավոր Հայկ Գրիգորյանը: «Չհամարձակվեք նման կերպ արտահայտվել Սուրիկ Խաչատրյանի հասցեին»,- նշել էր նա:

Այնուհետև լրագրողների հարցին, թե ինչո՞ւ որոշեց ստանձնել Սուրիկ Խաչատրյանի պաշտպանի դերը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ ստանձնել նրան պաշտպանելու դերը, ուղղակի այս պահին իմ գործընկերն արդեն անցավ թույլատրելիի սահմանը. իրեն դրել է դատավորի տեղ, անհիմն հայտարարություններ է անում մարդկանց հասցեին: Ահա, թե ինչու նրան կոչ արեցի` կոռեկտ մնա: Նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց չի հասկանում, որ այս պահին հետաքննություն է ընթանում: Եվ նա պարտավոր է հարգել հետաքննության արդյունքները, էլ չեմ ասում, որ ոտնահարում է անմեղության կանխավարկածը:

Նա անիմաստ հայտարարություններ է անում` թմրամիջոց, եսիմ ինչ… Գնացեք, անցյալներդ փորփրեք, տեսեք` դուք ով եք եղել ձեր կյանքում: Մարդիկ իրենց քաղաքական միավորները ցանկանում են կուտակել` ուրիշներին փնովելով: Որոշներն էլ այնքան են հմտացել, որ ձեռքներն են վերցրել քլունգն ու բիզը` անընդհատ բզահարելով մարդկանց գլուխը` մոռանալով, որ դա կարող է ունենալ բումերանգի էֆեկտ»:

Այն հարցին, թե  ինչո՞վ բացատրել, որ հենց Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի հետ են կապվում նման դեպքերը, նա պատասխանեց. «Չգիտեմ, ձեզ հարցրեք, էն մարդկանց հարցրեք, ում ձեռնտու է դեպքերն այսպես մեկնաբանելը»:




Լրահոս