Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքից (Գավառ) ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը` Եվրոստանի Արայիկը, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ընտրվելուց հետո չի այցելել Գավառ եւ չի հետաքրքրվել բնակիչների խնդիրներով: Տեղեկացանք, որ եթե անգամ նա այս ընթացքում հազվադեպ գնացել է իր ընտրատարածք, ապա միայն երեկոյան ժամերին: Այս առիթով զրուցեցինք պատգամավորի հետ:
-Պարո՛ն Բադեյան, Դուք պատգամավոր եք ընտրվել Գեղարքունիքի մարզից (Գավառ), սակայն ընտրվելուց հետո ընդհանրապես չեք գնացել այնտեղ, ի՞նչն է պատճառը:
-Ո՞վ է ասում, որ չեմ գնում, վերջին անգամ եղել եմ երեկ չէ մյուս օրը (մի քանի օր առաջ-Ք. Մ.):
-Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ բնակիչները բողոքում են:
-Վստահ եմ, որ ձեզ այդ մասին ասել է մեկ կամ երկու հոգի: Իսկ ես, բնականաբար, ամեն մեկի հետ առանձին-առանձին չեմ կարող հանդիպել: Այնտեղ ես ունեմ իմ գրասենյակը, ու բոլորն իրենց դիմումները տանում թողնում են իմ գրասենյակում:
-Աշխատանքային այցելությո՞ւն էր Գավառ, թե՞…
-Իհարկե, աշխատանքային:
-Եւ այդպիսի աշխատանքային այցելություններ հաճա՞խ են լինում:
-Առնվազն երկու շաբաթը մեկ:
-Ի՞նչ հարցեր էիք կարգավորում Ձեր վերջին այցելության ժամանակ:
-Դե եղել եմ այնտեղ եկեղեցու վերականգնման խնդիրներով:
-Ո՞ր եկեղեցու:
-Գավառ քաղաքի միջի եկեղեցու հետ կապված խնդրով, եւ հետո էլ քննարկել ենք Գավառի թատրոնի շենքի վերականգնման ու վերակառուցման հարցը: Այդ հարցը մենք քննարկել ենք մարզպետի ու փոխմարզպետերի հետ:
-Դուք Ձեր միջոցներով եւ սեփական նախաձեռնությա՞մբ եք ցանկանում լուծել այդ երկու խնդիրները:
-Իհարկե:
-Բայց Գավառում, այս խնդիրներից բացի, կա եւս մեկ կարեւոր խնդիր: Քաղաքի հրապարակն արդեն երկար ժամանակ է՝ չի բարեկարգվում, եւ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում:
-Բայց ես տեսել եմ, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են:
-Այդ աշխատանքները մեկ դադարեցնում են, մեկ սկսում, եւ ինչ-որ բան այն չէ:
-Դե կարող է դադարեցնում են եւ հետո էլի սկսում, բայց ակնհայտ է, որ աշխատանքներ արվում են: Եւ հետո, ես տեղյակ չեմ, թե ինչն է պատճառը, որ այդքան երկար է տեւում կամ ձգձգվում:
-Որպես Գավառ քաղաքից ընտրված պատգամավոր՝ ո՞ր խնդիրն է Ձեզ ավելի շատ անհանգստացնում, որ առկա է այնտեղ:
-Գործազրկությունը:
-Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:
-Ամեն ինչ էլ անում եմ: Դա հեռախոսով ասելու բան չէ: Ու նաեւ ասեմ, որ դուք այդ բամբասանքներն ու ասեկոսեները մի՛ լսեք: Եթե այդ մեկը, որ ձեզ ասել է, թե ինձ չի տեսել, ջհանդամ թե չի տեսել:
ԱՅԴ ՄԵԿԸ ՋՀԱՆԴԱՄ ԹԵ ՉԻ ՏԵՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ