ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԵՆԸ ՍՈՒՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում որեւէ գյուղ չի «փակվելու»:

-Պարո՛ն Երիցյան, մայիսի 17-ին Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի համայնքներում տեղական հանրաքվե է անցկացվելու` համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված: Ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում, ըստ Ձեզ` համայնքները կողմ կքվեարկե՞ն:
-Ես եղել եմ բոլոր այն մարզերում, համայնքներում, որտեղ հանրաքվե է լինելու, ինձ հետ եղել են բոլոր մարզպետները, որոնց հետ այս ժամանակահատվածում զրուցել ենք, ներկայացրել այն ծրագիրը, որը կյանքի է կոչվելու: Նշեմ, որ դրական արձագանքներ ենք ստացել: Բայց ամեն դեպքում լինելու է հանրաքվեն, որից հետո կամփոփենք արդյունքները ու կտեղեկացնենք, թե իրականում ինչ կարողացանք անել: Այժմ խոսել ինչ-որ ակնկալիքների մասին, ես իրատեսական չեմ համարում:
-Քաղաքական որոշ ուժեր հայտարարում են, որ բոլորի համար անհասկանալի է, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու այդ օրը ու դրանից հետո, նշվում է, թե գյուղացիների համար եւս անհասկանալի է ստեղծված իրավիճակը:
-Անհասկանալի որեւէ բան ես այստեղ չեմ տեսնում, գյուղացին ասելու է այո կամ ոչ, դա սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ նշված է նաեւ, որ այդ հանրաքվեն խորհրդատվական նշանակություն ունի: Սա մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է, ու մենք պետք է այնպես անենք, որ գյուղացին հասկանա, թե իրականում ինչի համար է ինքն այդ քայլին գնում եւ ինչի համար է դա իրեն պետք: Իսկ ես կարծում եմ, որ այս ընթացքում գյուղացու հետ հանդիպելով, նրա հետ զրուցելով՝ հասկանալի է դարձել, որ ինքը եւս դա ուզում է: Ես շրջել եմ համայնքներով, բացատրել ու այնտեղ հասկացել են, թե ինչի համար է իրենց պետք համայնքների խոշորացումը: Մենք նաեւ կարողանում ենք միջազգային կազմակերպություններից գումարներ բերել՝ այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ կառուցելու համար: Իսկ իմ հանդիպումներից հետո ես միայն դրական դիրքորոշում եմ տեսել: Մեր մասնագետներն են այնտեղ եղել, մասնագիտական ձեւով ներկայացրել իրավիճակը, մեզ մոտ ամենօրյա աշխատանքներ են տարվել, ինչի համար էլ կարողացել ենք ներկայացնել, թե մենք ինչ ենք ցանկանում անել:
-Այնուամենայնիվ, տեսակետ կա, որ այս ծրագրի իրականացման համար ՀՀ-ն միջազգային կառույցներից մեծ գումարներ է ստացել, եւ դրա դիմաց պարտավոր է իրականացնել այս ծրագիրը՝ զոհաբերելով գյուղերը, գնալով անգամ դրանց մի մասի «փակմանը»:
-Մենք գյուղ չենք փակում, այլ գյուղերը զարգացնում ենք: 866 գյուղական համայնքներ ունենք, որոնցից որոշ մասը կմնա որպես բնակավայր, իսկ որոշներն էլ կմնան համայնք. գյուղերը մնալու են, դպրոցներն ու մյուս հաստատությունները զարգանալու են: Սրանից ավելի վատ չի կարող լինել, Դուք գյուղեր գնացեք ու զրուցեք գյուղացու հետ, տեղեկացեք գյուղացու հոգսերի մասին, ու կտեսնենք, թե որն է վատը՝ մեր առաջարկածը, թե այս իրավիճակը: Եթե ինչ-որ այլ առաջարկություններ կան, ապա մենք կարող ենք իրենց հետ հանդիպել, զրուցել, քննարկել: Ամբողջ աշխարհն է գնում խոշորացման, մենք շատ երկար տարիներ է ուսումնասիրում ենք այս ծրագիրը, ժամանակն է, որ դեպի առաջ քայլ անենք:
-ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, ներկայացնելով համայնքների խոշորացման հետ կապված իր դիրքորոշումը, նշել է, որ այն լուրջ վտանգ է պարունակում ազգային անվտանգության համար, քանի որ ծրագրի իրագործումը նպաստելու է բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը: Մյուս խորհրդարանական ուժերը եւս նույն կերպ են բնութագրել այս ծրագիրը: Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք ԱԺ խմբակցությունների հետ, եւ արդյո՞ք տեղին չեն նրանց մտավախությունները:
-Չեմ խոսել իրենց հետ, բայց ասեմ հետեւյալը՝ որպես տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, որպես Երիցյան Արմեն չեմ հարգի, եթե ես գնամ ու ինչ-որ սուտ ասեմ, ես ինքս ինձ չեմ հարգի եթե գյուղացիներին խաբեմ: Ես երբեք նման բան չեմ անի, ես ուսումնասիրել եմ ու գտել եմ, որ դա ճիշտ է, իմ գործընկերների հետ քննարկել ենք բազմիցս: Զեկուցվել է այդ ամենի մասին ՀՀ վարչապետին, երկրի նախագահին, ու սա ճիշտ ուղղություն է: Չեմ կարծում, որ որեւէ մի հայ կգտնվի, որն այնպես կանի, որ գյուղերի համար վատ լինի: Ինչո՞ւ չպետք է ընդգրկենք միջազգային կառույցներին այս ամենում, եթե մարդիկ գումարներ են տալիս, իսկ դրանք վարկային միջոցներ չեն, մարդիկ ասում են՝ թող ձեր համայնքները առաջ գնան, ու մենք էլ դրանում ձեզ կօգնենք: Մենք ասե՞նք՝ ոչ, ասենք՝ չէ, մենք այնքան հարուստ ենք, որ ձեր փողերը պետք չեն՞: Ես կարծում եմ, որ սա լավագույն ծրագրերից մեկը կարող է լինել:
-Որքա՞ն գումար է տրամադրվել համայնքների խոշորացման համար, արդյո՞ք այդ գումարների պատճառով եք որոշել այս ծրագիրը կյանքի կոչել:
-(Ծիծաղում է, Ս. Գ) Վերջին ժամանակահատվածում ինչ-որ ֆանտաստիկ բաներ եմ լսում համայնքների խոշորացման հետ կապված, մարդիկ առանց հասկանալու ինչ է դա, ուղղակի հայտարարություններ են անում: Չկա նման բան, ծրագիրը 14 համայնքների համար է, մոտ 3-5 տարվա կտրվածքով են գումարներ տրամադրում: Իսկ դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, Դուք տեսեք՝ քանի համայնքներ են, իսկ գումարն էլ կհասնի մի քանի միլիոն դոլարի, դրանք նորմալ են, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով: Պետք չէ ինչ-որ բաներ նկարագրել, որն իրականում չկա, մարդիկ պարապությունից լեգենդներ են հյուսում: Մենք պետք է կարողանանք շատ գումարներ բերել, որպեսզի կյանքի կոչենք այդ ամբողջ ծրագրերը: Հանուն գումարի ինչ-որ բան անելն ի՞նչ է, ես էլ եմ հայ, ես էլ ունեմ բալիկներ, որոնք ինձ հարցնելու են, թե ինչ եղավ ի վերջո: Ես՝ որպես հայ տղամարդ, թասիբ ունեմ, այնպես չէ, որ մի սուտ որոշում կայացրեցին, Երիցյան Արմենն էլ գնաց դա կատարելու: Երկրի նախագահն էլ թույլ չի տա, որ ինչ-որ մի ծրագիր իրականացնենք, որն արդյունավետ չէ:

 

 

 

 
ԲՀԿ-Ն ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ «ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ» ԱԺ

ԲՀԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ` երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:

-Տիկի՛ն Զոհրաբյան, գերատեսչությունների ղեկավարների հետ ԲՀԿ խմբակցության հանդիպումները շարունակակա՞ն են լինելու:
-Այո՛, այս հանդիպումների նպատակն այն է, որ հարցերը, որոնք այսօր հուզում են հանրությանը, մենք պարզաբանենք ոլորտի պատասխանատուների հետ եւ մեր մարզային հանդիպումների ժամանակ հանրությանը ներկայացնենք բոլոր այն հարցերը, որոնք մենք ստանում ենք մեր տարածքային կառույցներից: Օրինակ՝ հարց է հնչում գյուղմթերման հետ կապված, որն առաջիկայում ծագելու է, բազմաթիվ մթերողներ արդեն հայտարարել են, որ իրենք նախորդ տարիների չափ չեն կարող մթերում իրականացնել: Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնք հնարավորություն չի լինում հնչեցնել Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ու մենք որոշել ենք ոլորտային նախարարներին, Կառավարությանն առընթեր մարմիններին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՏՄՊՊՀ-ին, բոլորին հերթով հրավիրել խմբակցություն` քննարկելու այն խնդիրները, որոնց վերաբերյալ մենք ստանում ենք հարցադրումներ ոչ միայն մեր տարածքային կառույցներից, այլ նաեւ շարքային քաղաքացիներից:
-Իսկ ո՞ր հարցն է ԲՀԿ-ի համար այսօր առաջնային:
-Հիմա օրակարգում շատ կարեւոր խնդիր կա՝ համայնքների խոշորացման հետ կապված, որի մասին խիստ իրարամերժ տեսակետներ կան: Երբ օրեր առաջ ես Գյումրիում էի, հանդիպում էի տարածքային կառույցի ակտիվի հետ, այդ ժամանակ ինձ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք համայքների խոշորացման հետ կապված պարզաբանումներ էին ակնկալում: Դրա համար ես զրուցել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ, ու քանի որ կոնկրետ համայնքների խոշորացման խնդրով զբաղվում է փոխնախարար Վաչե Տերտերյանը, պայմանավորվեցինք, որ պարոն Տերտերյանը հավանաբար ուրբաթ օրը կլինի խմբակցությունում, որպեսզի կարողանանք պարզաբանումներ ստանալ: Հրավիրելու ենք նաեւ ՀՀ արդարադատության նախարարին, քանի որ այդ ոլորտում եւս բազմաթիվ խնդիրներ կան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է, որ 1 մլրդ 129 մլն 567 հազ. դրամ եւ 127 հազար 173 դոլար գումար ունի: Տեղեկացնենք, որ նա՝ որպես պատգամավոր, անցած տարի ստացել է 3 մլն 47 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ Սարգսյանը 2 միլիոն 646 հազար դրամի եւ 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց: Թե ինչն է նա վարձով տվել, պարզ չէ: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես է պատգամավոր Սարգսյանի կինը` Էլվինա Սարգսյանը, տարեկան ստանալով 759 հազար դրամ աշխատավարձ՝ 2014-ին ունեցել 2 մլն 470 հազար դրամ եւ 462 հազար 180 դոլար գումար: Պարզվում է` պատգամավորի տիկինը պարտքով տված գումարներից էլ է եկամուտ ստանում: Նա 518 եվրո եւ 518 հազար դրամ էլ փոխառությունից է եկամուտ ստացել: Արտակ Սարգսյանի կինը, պարզվում է, 2014-ին ինչ-որ մեկից 283 հազար դոլար նվեր է ստացել, բայց գաղտնիք է պահում: Այսինքն՝ ամուսինը պատգամավորություն է անում, իսկ կինը նվերներ ստանում, իսկ նրանց պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետն էլ «կողքից աշխատում է»: Ընտանեկան վատ բիզնես չէ:

 

ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Ինչպես հայտնի է՝ 2015թ մարտի 31-ին Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի կինը` Լարիսա Աղաբեկյանը, բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: «Ի վերջո, ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ո՞վ եւ ինչո՞ւ է սպանում, եւ ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը, եւ ե՞րբ պետք է վերանա այս անվստահության եւ անպատժելության մթնոլորտը»,- իր նամակում նշել էր տիկինը: «Բայց որեւէ արձագանք չեղավ, եւ ամեն ինչ այդպես էլ մնաց»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց Լարիսա Աղաբեկյանը: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանին 2013թ ապրիլի 2-ին սպանել էին հենց գյուղապետարանի դիմաց, եւ մինչ օրս գործը բացահայտված չէ: Ըստ Լարիսա Աղաբեկյանի՝ եթե ցանկություն ունենային, ապա իր ամուսնու սպանությունը կբացահայտվեր:

 

ՆՈՐԻՑ ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ 1700 աշխատակից այսօր պատրաստվում է ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնել: Նրանց բողոքի ակցիաները շարունակվում են արդեն վեց ամիս` պահանջելով իրենց աշխատավարձի պարտքերի մարում եւ «Նաիրիտի» վերագործարկում: Սակայն մինչ օրս էական արդյունքի դեռ չեն հասել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ, որտեղ ներկայացնում էր 2014 թվականին կատարած աշխատանքները, հայտարարեց, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ է 250-350 մլն դոլար, սակայն դրա հետ մեկտեղ վերջնական համոզվածություն չկա` արտադրանքը կլինի՞ մրցունակ, թե՞ ոչ: Ըստ նրա՝ առաջիկա օրերին «Նաիրիտ»-ի գույքի գրավի հարցը կլուծվի, եւ այն գրավից կհանվի:




Լրահոս