ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՍԱՆ ՍԵՎՐԻՆ
Անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կողմից կոալիցիոն հուշագիրը Սեւրի պայմանագրի հետ համեմատելու երեկվա հայտարարությանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգեւորվել թուրքական կողմի պնդումներից, թե Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չէ՝ համեմատելով այն կոալիցիոն հուշագրի հետ: Աբսուրդ է ազգային գերկարեւոր փաստաթղթերը ներքաղաքական զարգացումների հետ համեմատելը: Հուսով եմ, որ նշված հայտարարությունը «դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է եւ որեւէ կապ չունի ԲՀԿ պաշտոնական տեսակետի հետ»: Ասվածին իրենց հերթին հակադարձել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը՝ հարցնելով. «Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիտություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին: Ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սեւրի պայմանագրի հիմնադրույթներից»:

ԾԱՆՐ ԵՆ
Նախօրեին Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը դեռեւս գնահատվում է ծանր: Նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա: Մնացած 8 հոգու վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 7-ը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ: Նրանց առաջիկա օրերին դուրս կգրեն: Իսկ Դավիթաշենի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետեւանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Նրանցից մեկը, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, սալջարդ եւ կողոսկրերի կոտրվածքներ, երեկ ենթարկվել է  վիրահատության, քանի որ վնասվել է նաեւ վերջինիս փայծաղը:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
ՀՀԿ երեկվա ԳՄ նիստում որոշվել է, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ հաստատվել է նաեւ համագումարի օրակարգը, որում  լինելու է Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը: Անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացել, Շարմազանովն ասել է,  որ այդ խոսակցություններն  իրականության հետ կապ չունեն: Շարմազանովը նաեւ նշել է, որ ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել եւ չի քննարկվելու:

ԿԱՐՈՂ ԵՆ, ԲԱՅՑ ԿԹԱՆԿԱՑՆԵՆ
«Գազի թանկացումից հետո էլ Երեւանում երթուղայինները կարող են շահույթով աշխատել»,- համոզված է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` երթուղայիններով ուղեւորափոխադրումներում մեծ թվով չվերահսկվող եկամուտներ են լինում: «Մեր հաշվարկներն էականորեն տարբերվում են քաղաքապետարանի պաշտոնյաների ներկայացրածներից: Ըստ նրանց` մեկ միկրոավտոբուսի օրական եկամուտը կազմում է 3-4 հազար դրամ: Բայց մեր հաշվարկները բոլորովին այլ են: Եւ դրանք հաստատվում են հենց վարորդների կողմից. նրանք պատրաստ են ոչ միայն օրական 5-հազարական դրամ վճարել, այլեւ իրենց հաշվին հոգալ մեքենայի կարիքները: Այստեղից կարելի է հասկանալ, որ այս գործը շատ ավելի եկամտաբեր է»,-նշել է Պողոսյանը:




Լրահոս