ԽԶՄԱԼՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը վերջերս հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az-ին` քննադատելով Հայաստանի իշխանություններին եւ խոսելով երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի մասին: Հայ հասարակության մի ստվար զանգված քննադատաբար է մոտենում կինոռեժիսորի այդ քայլին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, իհարկե, Դուք եք ընտրում` որ լրատվամիջոցի հետ զրուցել եւ որի հետ ոչ, սակայն արդյո՞ք ճիշտ եք համարում հարցազրույց տալը թշնամական երկրի կայքին, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայ գործունեությամբ:
-Ես խոսել եմ լրագրողի, ոչ թե թշնամի երկրի հետ. այդ թշնամի երկրում կան բազմաթիվ մարդիկ, եւ եթե մենք մեզ քաղաքակիրթ եւ գոնե ներքուստ ազատ մարդիկ ենք համարում, ապա պետք է այնքան խիզախություն ունենանք, որ չփորձենք խաբել ինքներս մեզ եւ ստեր փչել ուրիշներին: Մենք ապրում ենք բավական փոքր, թափանցիկ աշխարհում, որտեղ մեր ներքին խոսակցությունները` լինեն դրանք հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, հայտնի են ամբողջ աշխարհին: Այդ երիտասարդ լրագրողն ինձ դիմեց համացանցով, խնդրեց պատասխանել մի քանի հարցերի, իսկ ես չասացի մի բան, որ չէի ասի որեւէ լրագրողի, պատասխանատու եմ իմ բոլոր խոսքերի համար: Իսկ այն տրամաբանությունը, թե թշնամուն կամ թշնամի երկրի լրագրողի չպետք է ասել, այն ինչ ճշմարտությունն է, դա ծիծաղելի է եւ դա քաղքենիություն է: Ես չեմ հետեւում ադրբեջանական կայքերին, ես պատասխանել եմ կոնկրետ հարցերի եւ ստուգել եմ, որ իմ պատասխանները լինեն կոռեկտ:
-Բայց արդյո՞ք ճիշտ է ընտանիքի ներքին խնդիրները կիսել մեկի հետ, ով դրանից միայն հրճվանքի մեջ կընկնի եւ առիթը բաց չի թողնի եւս մեկ անգամ քար նետելու քեզ վրա:
-Գիտեք` ես պետական կամ զինվորական գաղտնիքներ չեմ բացահայտել. ես կարծիքս եմ հայտնել: Հատուկ կուզեի շեշտել այն, որ հարցազրույցի վերջում հարցրել են ինձ` հնարավոր է, արդյոք, մեր ազգերը մտերմանան, ես ասել եմ, որ մենք երկուսս էլ նույն հիվանդության, նույն ստրկության, նույն անազատության մեջ ենք, անկեղծ եւ շիտակ քննարկել ենք մեր հարցերը: Ընկերությունը, բարիդրացիությունը հնարավոր է միայն ազատների, այլ ոչ ստրուկների միջեւ: Այսինքն՝ այն, որ Դուք ճշմարտացիորեն անվանեցիք մեր երկրի «ներքին խնդիրներ», դրանք միանգամայն նույնն են նաեւ այդ երկրի համար, եւ հասկանալով դա՝ մենք իրականում ոչ թե թշնամություն, այլ գուցե ճիշտ հակառակը` համակրանք ենք առաջացնում իրար նկատմամբ: Կարծում եմ, որ մարդկանց նպատակն է նաեւ փորձել այդ թշնամությունից մի քայլ վեր բարձրանալ եւ փորձել գտնել, թե ինչն է մեզ միավորում, իսկ մեզ միավորում է, ցավոք, մեր բռնատիրությունը, եւ գոնե եթե մենք կարող ենք այդ մասին ազատ խոսել մեր երկրում, դա արդեն կարեւոր ուղերձ է ընթերցողների համար: Եվ հետո` նրանք հասկանում են, որ մենք եւ իրենք նույն խնդրի առջեւ ենք կանգնած, եւ կա հզոր ուժ, որի շահերից է այս թշնամանքի պահպանումը` ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ հայ-ադրբեջանական: Ճշմարտությունն ասելն ավելի կարեւոր է, քան որեւէ քաղքենիական նկատառում:
-Իսկ ինչո՞ւ ադրբեջանցի լրագրողին չեք մատնանշել իրենց երկրի խայտառակ խնդիրները:
-Նախ` ես պատասխանել եմ հարցերի, որոնք տրված էին, երկրորդ` կարելի է խոսել ուրիշ երկրի խնդիրների մասին, եթե դու դրանք գիտես. իրենք գիտեն այդ խնդիրները, մենք գիտենք մեր խնդիրները: Ասել հա, մի աչքս չի տեսնում, բայց քո երկու աչքն էլ ծուռ է, այդպիսի տրամաբանությամբ առաջնորդվելը, մեղմ ասած, տարօրինակ է:
-Ի վերջո, ադրբեջանական կայքին տված Ձեր հարցազրույցը մեզ ի՞նչ օգուտ կտա:
-Ես չեմ առաջնորդվում օգուտ քաղելու սկզբունքով. շահի առումով, գուցե, ոչ մի, իսկ մեծ իմաստով օգուտն այն է, որ մարդիկ իրար մեջ խոսում են, մարդիկ ոչ թե որպես թշնամի, այլ որպես մարդ են ճանաչում իրար եւ կիսվում են իրենց ցավերով: Եթե հիվանդ մարդը գիտի, որ ինքը հիվանդ է, նա արդեն մի քայլ է անում դեպի առողջություն: Անկեղծությունը ոչ թե օգուտ է, այլ արժեք:
-Եվ վերջում` Ձեր հարցազրույցը քննադատողներին ի՞նչ կասեք:
-Եթե ես սուտ ասեի, ես պատասխան կտայի դրա համար, եթե ես ասում եմ ճիշտը, եւ ինձ մեղադրում են ճիշտ խոսելու մեջ, ես ափսոսանք եմ զգում, որ առկա է նման նեղմտություն եւ քաղքենիություն մեր հասարակության մի մասի մոտ:

 

 

 
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ

Ինչպես արդեն հայտնել ենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի թանկացման հայտով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պահանջելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Առաջիկա թանկացման մասին լուրերը հասարակության շրջանում բողոքի ալիք են բարձրացրել: Իրենց դժգոհությունը հայտնելուց զերծ չեն մնում նաեւ արվեստագետները:

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի խոսքով` ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդի, որոշ քաղաքական, տնտեսական գործիչների ընդվզումը դրական արդյունք չի տալիս. որոշողներն ընդամենը մի քանի հոգի են. «էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի արտագաղթի էլ ավելի մեծ տեմպերի, չքավորության եւ հուսահատության: Ես պարզապես խոսքեր չեմ գտնում նկարագրելու, թե մարդկային ագահությունն ինչ սահմաններ կարող է ունենալ: Մի՞թե նման որոշում կայացնելու մասին մտածողներն այս աստիճան չեն սիրում մեզ բոլորիս եւ իրենց հայրենիքը, նույնիսկ թշնամին ունակ չէ այս աստիճան անտեսել ժողովրդին: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում` դատարկել Հայաստանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասանուհին:
Նրա համոզմամբ` որպեսզի հասարակությունը միաբանվի խնդրի շուրջ, կարիք ունի առաջնորդի, այլապես բողոքի ալիքը շատ արագ կմարի. «Բոլոր լիդերները կա՛մ «վերանում են», կա՛մ պայքարի կեսից ետ են դառնում: Ես կարծում եմ, որ այս ամենն իր վերջը կունենա, բայց արդյո՞ք մինչեւ վերջին հասնելը մեր վերջը չի գա…»,-ափսոսանքով նշեց դերասանուհին:
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ էլեկտրաէներգիայի թանակցումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի, որի հետեւանքով կգրանցվեն այլ թանկացումներ եւս, իսկ մեր ժողովուրդը դրան պատրաստ չէ. «Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրները պատրաստ չեն թանկացումների, ուր մնաց մեր երկիրը պատրաստ լինի: Ճիշտն ասած` արդեն շուրջ մեկ շաբաթ է` գյուղացուց մինչեւ քաղաքացի, բանվորից մինչեւ արվեստագետ անհանգստացած ենք եւ ելք չենք տեսնում… Փորձը ցույց է տվել, որ սոցիալական ընդվզումը նման պարագաներում արդյունք չի տալիս: Խնդիրը բարդ է, եւ ես դժվարանում եմ որեւէ «դեղատոմս» առաջարկել»,-եզրափակեց նկարիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ ԷԳՈՅԱՆԻՆ
Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար Կանադայի բարձրագույն պարգեւի է արժանացել: Ինչպես նշում է asbarez.com-ը, Էգոյանից զատ այդ պարգեւին է արժանացել եւս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը: Աղբյուրը մանրամասնում է, որ պարգեւից զատ մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգեւատրման արարողությունը կայանալու է մայիսի 29-ին, Օտտավայում:

 

ԱԼԵԳՐՈՎԱՅԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԱՁՈՐ
Ռուսական «ЭГ» կայքը գտել է ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի արցախցի հարազատներին, ովքեր ապրում են Արցախի Վարդաձոր գյուղում: Պարզվում է` երգչուհին, ով մարտին այցելել էր Հայաստան, տեղյակ չէ իր արցախցի ազգականների մասին:
«Երբ նա ութ տարի առաջ համերգ էր տվել Շուշիում, երեխաներս այնտեղ էին, բայց չեն համարձակվել ետնաբեմում հանդիպել նրա հետ: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Իրինան այցելեր իր հարազատ գյուղ, որտեղ ապրում են նրա հեռավոր ազգականները: Հիանալի բնություն, թարմ օդ, լեռներ… Նայում ես եւ ցանկանում հավերժ ապրել այստեղ: Նա այստեղ միանգամից թագուհի կդառնա»,-երգչուհու բարեկամ Ելենա Սարգսյանի խոսքերը մեջբերել է «ЭГ»-ն:
Ելենա Սարգսյանը նշել է, որ իրենք մտահոգվում են Ալեգրովայի առողջական խնդիրներով եւ անգամ աղոթում են երգչուհու համար:

 

ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը հիվանդանոցում է: Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար Bravo.am-ը խոսել է դերասանուհու հետ, ով նշել է, որ իր հետ ամեն բան կարգին է. «Հոգատար բուժաշխատողների շնորհիվ այժմ ինձ լավ եմ զգում»,-ասել է նա:
Դերասանուհին հայտնել է, որ հիվանդանոցում գտնվելու պատճառը սրտի հերթական հետազոտություններն են, եւ հույս ունի մինչեւ շաբաթվա վերջ վերադառնալ տուն:
«Ժողովուրդ»-ը առողջություն է մաղթում Ժ. Ավետիսյանին:




Լրահոս