ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Երեկ մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով եւ հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Ոստիկանները ծնողների թիկունքում պատնեշ են կազմել եւ սկսել հեռախոսազանգեր կատարել: Զանգերից հետո նրանք ծնողներին ուժով հեռացրել են դիմացի մայթ:
ՀԱՐՑ. Մինչեւ 1993թ. հանրակրթական դպրոցում եղել է ջոկատավարի հաստիք, որը հետո վերանվանվել է մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, իսկ 2010թ.՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Այժմ անձը դիմում է կենսաթոշակի համար համապատասխան մարմին, նրան պատասխանում են, որ Կառավարության ցանկում (ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 5-ին N665Ն որոշում, հավելված N6) մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ անվանումով մանկավարժական պաշտոն չկա: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպե՞ս լուծենք այս հարցը:
Նարինե Քաչանյան (49 տարեկան, ուսուցիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդ. 1-ին մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակը նշանակվում է դրա իրավունքը տվող պաշտոններում եւ մասնագիտություններով աշխատելու ընթացքում ձեռք բերված ստաժին համամասնորեն, իսկ 3-րդ մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ Կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Այդ ցանկում «ջոկատավար» պաշտոնը նշված է, իսկ «մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ» եւ «դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ» պաշտոնները նշված չեն, հետեւաբար այդ պաշտոններում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չեն կարող: «Մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ» եւ «դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ» պաշտոններում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում կարող է հաշվառվել միայն այն դեպքում, երբ այդ պաշտոններն ընդգրկվեն ՀՀ Կառավարության հաստատած վերոհիշյալ ցանկում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ համապատասխան ցուցակում ներառված «ջոկատավար» անվանումով մասնագիտությունը, որը նույնն է, ինչ «մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը» կամ «դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը», հաշվառվում է որպես ստաժ, պարզապես իշխանությունները ընկել են իրենց ձեռնտու բառախաղի հետեւից` ավելորդ գումարներ չվճարելու համար: Սա հարց է, որի լուծմանը արժի հետամուտ լինել անգամ դատական կարգով:
ՀԱՐՑ. Նախապես բանկի հետ ձեռք բերված համաձայնությունն անսպասելիորեն փոխվեց: Բանկի հետ կար պայմանավորվածություն, որի համաձայն ես պետք է վարկ վերցնեի դրամով, բայց բանկի աշխատակիցը ինձ տեղեկացրեց, որ վարկ ստանալու պայմանները փոխվել են, եւ առաջարկեց նույն չափի գումար վերցնել դոլարով: Խնդրում եմ ասեք՝ բանկը նման իրավունք ունի՞:
Մհեր Սաղաթելյան (32 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս պարագայում էական նշանակություն ունի այն, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերվել բանկի հետ: Բանկի աշխատակցի հետ վարկ ստանալու վերաբերյալ ձեռք բերված բանավոր համաձայնությունը չունի իրավական հիմք եւ կազմակերպության համար չի ստեղծում պարտավորվածություն, ուստի հետագայում դրանից հրաժարվելը չի կարող դիտարկվել որպես խախտում: Իսկ եթե դրամային վարկ ստանալու նպատակով հաճախորդի կողմից ներկայացվել է վարկային հայտ-դիմում, ապա ուսումնասիրության արդյունքում բանկը կարող է՝
– բավարարել վարկային հայտ-դիմումը կամ
– մերժել վարկի տրամադրումը՝ գրավոր ներկայացնելով մերժման հիմքերը:
Վերոհիշյալ երկու դեպքում էլ բանկը կարող է առաջարկել տվյալ ծառայության գործող ընդհանուր պայմանների շրջանակներում այլ պայմաններ եւս (այդ թվում՝ այլ արժույթով վարկի տրամադրման պայման):
ՀՀ Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես տարեվերջյան փոխարժեքային տատանումներից հետո Հայաստանում բանկերը բավականին խստացրել են վարկերի տրամադրման պայմանները, առավել եւս` դրամով: Ուստի, եթե մեզ դիմած քաղաքացին ունի որեւէ փաստաթղթավորված, գրավոր համաձայնություն` դրամային վարկ ստանալու վերաբերյալ, ապա այս դեպքում բանկը խախտել է պայմանավորվածությունը, եւ նա կարող է պահանջել կատարել ստանձնած պարտավորությունը, իսկ եթե խոսքն ընդամենը բանավոր համաձայնության մասին է, ապա ներկայիս փոփոխական ֆինանսատնտեսական իրավիճակում այն ոչինչ չարժի: