«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկվանից Կառավարության դիմաց նստացույց են սկսել, որը, ինչպես հայտարարվել է, տեւելու է երկու օր: Ճարահատյալ այդ քայլով նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են վճարել իրենց աշխատավարձի կուտակված պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտը»: Պահանջատեր նաիրիտցիները շուրջ 1700 հոգի են, թեեւ ոչ բոլորն են մասնակցում ակցիային: Իսկ ինչո՞ւ բանը հասավ նստացույցին: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանության ներկայացուցիչների թողտվությամբ գործարանը հասցրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր կուտակել. տարբեր գնահատականների համաձայն՝ «Նաիրիտի» պարտքերը կազմում են 250-ից մինչեւ 300 մլն դոլար: Ի դեպ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս հայտարարել էր, որ «Նաիրիտի» վերագործարկման համար հենց այդքան` մինչեւ 300 մլն դոլար է հարկավոր: Սակայն նա միեւնույն ժամանակ ասել էր, թե համոզված չեն, որ եթե վերագործարկեն, արդյո՞ք արտադրանքը մրցունակ կլինի, եւ կկարողանան իրացնել: Այս կերպ նա, թերեւս, փորձել էր արդարացնել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը անցած տարի խոստանում էր անհրաժեշտ ներդրումներ կատարել եւ վերագործարկել «Նաիրիտը», սակայն այս տարվա սկզբից այդ հայտարարությունները մոռացության մատնվեցին եւ ուղարկվեցին պատմության գիրկը: Իսկ այսօր արդեն, չնայած ՀՀ իշխանությունները չեն խոստովանում, սակայն նկատելի է, որ նրանց միակ ծրագիրը «Նաիրիտի» գույքը գրավի տակից հանելն ու վաճառելն է, որպեսզի աշխատավարձերի պարտքը մարեն: Դրանից հետո նաիրիտցիներն այլեւս բողոքելու պատճառ չեն ունենա, եւ երբեմնի գիգանտն այլեւս աննկատ մաս-մաս կվաճառեն, կգնա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Մեզ հաջողվեց պարզել, որ Տիգրանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո` մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ մարզպետի վարորդի որդուն եւս ծանուցագիր է ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է: Ի դեպ, ՀՀ ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, որ մայիսի 2-ի կռվի մի քանի մասնակիցներ հանրապետությունից բացակայում են, բայց առանց կոնկրետ անունների:
Այսօր ՀՀ ԱԺ-ում պետք է տեղի ունենան «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Մի քանի օր առաջ ընդդիմադիր պատգամավորները պահանջել էին, որ լսումներին անպայման մասնակցի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Սակայն, պարզվում է, Գագիկ Բեգլարյանն այս անգամ էլ խորհրդարան չի ներկայանա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կապի եւ տրանսպորտի նախարարությունից պարզել, թե ով է ԱԺ-ում մասնակցելու լսումներին: «Խորհրդարանում կլինի փոխնախարար Արթուր Առաքելյանը, քանի որ այս ժամանակահատվածում աշխատանքային պարտավորությունները նա է կատարում»,- ասացին ՏԿՆ-ից: Ի դեպ, լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ արտաքին գործերի մշտական հանձնաժողովները: Որոշվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալ նախարարությունից, քանի որ վերջերս այդ հարցը մամուլում շատ է քննարկվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտում նշել է, որ առաջիկա մեկ տարում` 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2016 թվականի հունիսը ներառյալ, էլէներգիայի վնասները կազմելու են 83 մլն 542 հազար 400 կՎտ: Նշված վնասներից 41 մլն 413 հազար 800 կՎտ-ը ՀԷՑ-ը նախատեսում է, որ պետք է լինի 6 (10) կՎտ լարման էլէներգիայի դեպքում: Իսկ 0,38 կՎտ լարման, այսինքն՝ սպառողներիս մատակարարվող էլէներգիայի կորուստները, ըստ ՀԷՑ-ի, գալիք տարում կազմելու են 42 մլն 128 հազար 600 կՎտ: 6(10) կՎտ լարման դեպքում ՀԷՑ-ը առաջարկում է նոր սակագին սահմանել՝ 1 կՎտ/ժ-ը 55,93 դրամ, իսկ 0,38 կՎտ/ժ-ի դեպքում՝ 58,93 դրամ: Երբ, ըստ այդ սակագների, կորուստները հաշվարկում ենք, ապա ստացվում է՝ ՀԷՑ-ը գալիք տարում նախատեսում է «կորցնել» 4 միլիադ 798 մլն 911 հազար դրամ: Իհարկե, կարելի էր այս թիվն անտեսել, բայց ողջ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը ցանկանում է այդ գումարը ետ ստանալ սպառողներիցս: Այսինքն՝ իրենք «կորցնեն», մենք վճարենք:
ԱՆԸՆԴԴԻՄԱԴԻՐ
Ազատության հրապարակում հավաքված մի խումբ ակտիվիստներ երեկ իրենց բողոքի ձայնն էին փորձում հասցնել իշխանություններին` էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման կապակցությամբ: Ակտիվիստների խումբը, ցավոք, մեծ չէր, եւ դրանում բացակայում էին հանրությանը հայտնի քաղաքական դեմքերը: Մի իրողություն, որը պիտի որ տարօրինակ համարվեր պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որի իշխանությունները տարին մեկ, անհեթեթ հիմնավորումներով, երեսուն տոկոսով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագինը:
Հայաստանում, սակայն, դա տարօրինակ չի դիտվում, քանզի մեր քաղաքական ուժերը, չգիտես ինչու, չեն սիրում սոցիալական խնդիրների համար պայքարել: Ո՛չ էլեներգիայի անցած տարվա թանկացումների ժամանակ, ո՛չ կուտակային կենսաթոշակային համակարգի, ո՛չ էլ դրանից առաջ մայրաքաղաքի տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում քաղաքական ուժերն ու գործիչները տեսանելի դերակատարություն չունեցան: Բոլոր այս դեպքերում հանրությունն ինքնակազմակերպվեց եւ տարավ իր համակարգված պայքարը: Ընդ որում, կոնկրետ տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում հաջողություն գրանցվեց հենց այն պատճառով, որ այդ շարժումը ապաքաղաքականացված էր: Իսկ, ահա, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն, ի վերջո, չհասավ իր նպատակին, քանի որ ինչ-որ մի փուլից սկսած` այն քաղաքականացվեց եւ ծառայեցվեց այս կամ այն ուժի շահերին:
Այն, որ Հայաստանում քաղաքական ուժերն ապրում են բացառապես իրենց նեղ շահերով, վաղուց արդեն գաղտնիք չէ: Սակայն հատկապես քաղաքական դաշտի ներկայիս ամայության պայմաններում թվում էր, թե իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը սոցիալական այս խնդիրը պետք է օգտագործեին իրենց քաղաքական ռեանիմացիայի համար եւ փորձեին մոբիլիզացնել արդեն իրապես անելանելի վիճակի մեջ հայտնվող հանրությանը: Սակայն մենք տեսնում ենք, որ այս օրերին ո՛չ հին, ո՛չ առավել եւս հնամաշ եւ ո՛չ էլ նորաստեղծ քաղաքական ուժերը չեն խոսում էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մեկը ամիսներ անց հանկարծ հիշել է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, եւ հիմա, այսպես ասած, «քաղբանտարկյալների» թեմայի մեջ է, մյուսը երկու ամսով վերցրած «թայմ աութի» ավարտից հետո մտածում է, թե հիմա ինչ հարմար պատճառ ներկայացնի սեփական անգործության հիմնավորման համար, երրորդը շատ լավ գիտակցում է, որ հանրությունն իրեն որպես ընդդիմություն չի ընկալում եւ այլեւս երբեք չի էլ ընկալելու, իսկ չորրորդն էլ փետրվարի կեսերից շարունակվող կլինիկական մահվան ցիկլից դուրս չի գալիս:
Եվ այս իրավիճակում դժվար է ասել` հանրության վրդովմունքը Հայաստանը ֆեոդալապետության վերածող իշխանական օլիգարխների հանդե՞պ է ավելի մեծ, թե՞ իրեն հերթական անգամ դավաճանող եւ հուսախաբ անող ընդդիմադիր «փրկիչների»: