ԾԵԾԵԼՈՎ, ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՎ ԴՐԴԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ որոշ զորամասերում ամենաթողությունը շարունակվում է, հենակետերում կատարվում են նոր հանցագործություններ: Դրանցից մեկն էլ պայմանագրային զինծառայող, շարքային 42-ամյա Յուրի Օսիպյանին ինքնասպանության փորձի հասցնելու դեպքն է:  
Գործով անցնող ամբաստանյալները ինը հոգի են, տուժողը՝ մեկը, որը կարծես նաեւ մեղադրյալի կարգավիճակ ունի: 2012թ. ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, տեղի ունեցած դեպքը՝ Յուրի Օսիպյանի ինքնասպանության փորձը, երկու նախաբան ունի, երկուսն էլ՝ վաշտի հրամանատար Գեւորգ Բեգիջանյանի հրամանատարության ներքո գտնվող հենակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների կողմից: Դրանցից առաջինը տեղի է ունեցել դեպքից 2 ամիս առաջ՝ փետրվարին. մարտական հերթապահության մեջ՝ հենակետում գտնվող տղաներն ալկոհոլ են օգտագործել, եւ ինչ-որ հարցի շուրջ վեճ ու ծեծկռտուք է ծագել հենակետի դիտորդներ, շարքային Յուրի Օսիպյանի եւ սերժանտ Գեղամ Ազոյանի միջեւ: Այդ վիճաբանությանը միջամտել է պայմանագրային զինծառայող 42-ամյա դիտորդ Սերոբ Կարապետյանը եւ ձեռքերով հարվածել Օսիպյանին: Միջադեպը մի պահ կանխել են «Նարեկ-12» հենակետի ավագ Հակոբ Սարոյանը եւ նրա օգնական Հայկ Քարամանյանը: Սակայն միջադեպի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Սերոբը մտել է գետնատնակ եւ շարունակել վեճը Օսիպյանի հետ, քաշքշել եւ հարվածներ հասցրել նրան: Օսիպյանը միջադեպից անմիջապես հետո զինաբուրգից վերցրել է ինքնաձիգը եւ փամփշտատուփով վազել դուրս: Սերոբը հասել է նրան եւ զենքը ձեռքից վերցնելու համար մի քանի անգամ հարվածել:
Այս միջադեպի մասին հենակետերի պատասխանատու Գ. Բեգիջանյանը չի զեկուցել վերադաս հրամանատարներին, եւ մարտական հերթապահության կանոնները խախտողները չեն պատժվել: Ավելին, տեղեկանալով, որ խնդիր կա Գեղամի եւ Յուրիի միջեւ, զինծառայողների խելամիտ բաշխում չի արել եւ արդեն ապրիլին վերոնշյալ երկու անձանց մարտական հերթապահության է նշանակել նույն «Նարեկ-12» հենակետում: Եւ ահա ապրիլի 9-ին կրկին խմելու առիթ է եղել. «Նարեկ-11» հենակետի ավագ, պայմանագրային զինծառայող Արթուր Փամբուկյանի կանչով իրենց մարտական հերթապահությունը թողել եւ այնտեղ են եկել հարեւան երկու հենակետերի՝ «Նարեկ-12»-ի եւ «Նարեկ-14»-ի զինծառայողները՝ Փամբուկյանի օգնականի երեխաների կնունքը նշելու: Ներկա  է եղել նաեւ այդ երեք հենակետերի պատասխանատու Գ. Բեգիջանյանը եւ տեսել, որ այնտեղ են գնացել «Նարեկ-12» հենակետի ավագ, պայմանագրային զինծառայող Հակոբ Սարոյանը, նրա օգնական Հայկ Քարամանյանը, ապա  Բեգիջանյանի  գիտությամբ կանչվել է նաեւ Յուրի Օսիպյանը` փետրվար ամսին տեղի ունեցած վիճաբանության հարցերը պարզելու նպատակով: Գ. Բեգիջանյանը որեւէ միջոց չի ձեռնարկել կատարվածի մասին վերադասին հայտնելու ուղղությամբ, չի կանխել հենակետերում տիրող մարտական ծառայության կրման խախտումները: Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Նարեկ-12» հենակետ ժամանած Արթուր Փամբուկյանը, նույն հենակետի դիտորդ Գագիկ Հակոբյանը, «Նարեկ-14» հենակետի ավագ, պայմանագրային զինծառայող Գոռ Դումոյանը եւ նրա օգնական Նվեր Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Բեգիջանյանի ներկայությամբ հայհոյելու առիթով ծեծի են ենթարկել Գեղամ Ազոյանին եւ Յուրի Օսիպյանին` նրանց միջեւ նախկինում տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում: Դրանից 12 ժամ անց՝ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, Օսիպյանը դեռեւս քննությամբ չպարզված նպատակով որովայնի շրջանում ինքն իրեն պատճառել է թափանցող մարմնական վնասվածք: Այս ամենից հետո Գ. Բեգիջանյանը կրկին դրսեւորել է ծառայողական անգործություն եւ կատարվածի մասին չի հայտնել վերադաս հրամանատարությանը` իր գործողություններով առաջացնելով էական վնաս:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ այս հանցագործությունների շարանի առաջին դրվագի մեղավորներին, որոնց մեջ մտնում է նաեւ նշյալ հենակետերի պատասխանատու Գեւորգ Բեգիջանյանը, շատ մեղմ մեղադրանքներ են առաջադրվել, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ Սերոբ Կարապետյանը գրավով ազատ է արձակվել: Կալանավորել եւ համեմատաբար ավելի ծանր մեղադրանքներ են առաջադրել Արթուր Փամբուկյանին, Գոռ Դումոյանին, Գագիկ Հակոբյանին եւ Նվեր Հովհաննիսյանին՝ մարտական հերթապահության կանոնները եւ զինծառայողների փոխհարաբերությունները խախտելու (կրկնակի դրվագով) համար: Սակայն 9 ամբաստանյալներից եւ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել ինքնասպանության դրդելու համար: Մինչդեռ սա շատ լուրջ հանցագործություն է, որի գլխավոր պատասխանատուները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ եւ ոչ թե ազատ արձակվեն եւ բաց թողնվեն նույն զորամասի նույն հենակետեր՝ «հանցագործություններ հրահրելու» եւ թաքցնելու:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս