ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու: Ա. Աբրահամյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունը սատարելու է իշխող Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին: Արգամ Աբրահամյանից բացի` այս պահի դրությամբ առաջադրված է եւս մեկ թեկնածու` անկուսակցական Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովոն): Իսկ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Հավելենք, որ ներկայումս Արտաշատի քաղաքապետը ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանն է, որն այս անգամ չի առաջադրվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար նրանց տեսակետը ՀՀ վարչապետի որդու առաջադրման շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
-Պարո՛ն Նիկոյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու փաստին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչ է` այլ արժանի թեկնածու չկա՞ր ՀՀԿ-ում:
-Ես նորմալ եմ վերաբերվում այդ առաջադրմանը: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը: Դա իր իրավունքն է: Պետք է ընտրողը որոշում կայացնի, թե ով է արժանի այդ պաշտոնը զբաղեցնելու համար, որեւէ մեկն իրավունք չունի դրա մասին տեսակետ ներկայացնել, մինչեւ այդտեղի բնակիչներն իրենց ընտրությունը չկատարեն:
-Իսկ ինչո՞ւ են իշխանությունները պաշտոնները «ժառանգական» դարձրել, գրեթե բոլոր պաշտոնյաններն արդեն իրենց սուրբ պարտականությունն են համարում նաեւ սեփական ժառանգների համար համապատասխան աթոռներ ապահովելը:
-Ես համամիտ չեմ Ձեր հնչեցրած տեսակետի հետ: Յուրաքանչյուր անձի պաշտոնավարմանը պետք է մոտենալ հետեւյալ սկզբունքով՝ նրա կրթական մակարդակը համապատասխանում է, նրա աշխատասիրության կարողությունը, նվիրվածությունը, եթե այդ ամենը կա, ապա պետք չէ նայել, թե ինքը ում տղան է: Իսկ եթե չկա, ում տղան ուզում է լինի, պետք է ասել, որ այդ մակարդակին չի համապատասխանում: Այսինքն՝ դնել մեկ սկզբունք ու այդ սկզբունքով առաջնորդվել, ոչ թե նայել, թե նա ում տղան է եւ այլն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, Արտաշատի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանությունը որոշեց նրա թեկնածությունը սատարել, մի՞թե այլ արժանի թեկնածու չկա:
-Հայաստանում, ըստ էության, ֆեոդալական պայմաններ են ստեղծվում, ու կարծես թե կարճ ժամանակ հետո, եթե այսպես շարունակվի, այս երկիրը ոչ օֆիցյալ բդեշխությունների կբաժանվի, ամեն մի մարզ իր բդեշխը կունենա, ու ժառանգաբար այդ տիտղոսները կփոխանցվեն: Այդ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նաեւ օլիգարխներ են եւ նման քայլերի են դիմում, որովհետեւ բոլորին քաջ հայտնի է, որ նրանք մտածում են իրենց հարստության մասին: Իրենք շատ լավ գիտեն, որ հարստությունը պահպանվում ու ավելանում է բացառապես պաշտոնատար լծակների օգտագործման շնորհիվ ուստի եւ նման քայլերի են գնում:
-Իշխանությունները հայտարարում են, որ Արտաշատ քաղաքի բնակիչները կորոշեն՝ արդյո՞ք Արգամ Աբրահամյանը…
-Իսկ մինչեւ հիմա իշխանություններն այնպես են արել, որ ընտրություններով քաղաքացիները որոշե՞ն, որ հիմա էլ արտաշատցին պետք է որոշի՞: Ինչպես ՀՀ-ի մյուս վայրերում է որոշում կայացվում, նույն ձեւով էլ որոշում կկայացվի Արտաշատի ընտրությունների ժամանակ, այդ ե՞րբ են քաղաքուցու տեսակետը լսել, որ հիմա պետք է լսեն: Պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում Հովիկ Աբրահամյանի որդին էլ կունենա այն քաղաքական «կյանքը», ինչ-որ իր հայրն է ունեցել՝ քաղաքապետ, մարզպետ, նախարար… վարչապետ կլինի, թե չի լինի, դա չեմ կարող ասել, բայց այդքանը կարող է երաշխավորված լինել: Այս պահին մենք Հովիկ Աբրահամյանի որդու մասին ենք խոսում, բայց ՀՀ-ն, կարծես թե, այդ ֆեոդալական շրջապտույտի մեջ է մտել՝ խնամիական կապեր, փեսաներ, որդիներ եւ այլն: Կարող են նշել, թե բուշերի կամ քլինթոնների ընտանիքները ինչպես են ԱՄՆ-ում նախագահում, բայց խնդիրն այն է, որ նրանք օլիգարխներ չեն, կարողություն ունեն, բայց իրենց նման կարողություն ԱՄՆ-ում հազար հոգի ունի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իրողությանը:
-Ցանկացած քաղաքացի Սահմանադրությամբ իրավունք ունի առաջադրվելու, մեր հանձնաժողովներին տրված է մեկ հանձնարարական` կլինի Արտաշատում, կլինի որեւէ այլ համայնքում, պետք է ամեն ինչ անել՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովվելու համար: Այստեղ կարեւորը անձը չէ, այստեղ կարեւոր է, թե ինչպես կկարողանան իրականացնել քաղաքի ղեկավարումը, պետք է քաղաքապետի աշխատանքից գոհ լինի ՀՀ քաղաքացին:
ԵՏՄ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ-ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՆ
ԵՏՄ կոլեգիայի անդամ-նախարարները` Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը եւ ԵՏՀ կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը երեկ հանդիպել են ՀՀ Կառավարության անդամներին եւ գործարար շրջանակներին: Իրենց հանդիպումների եւ քննարկումների մասին նրանք երեկ պատմեցին լրագրողներին:
Անդրեյ Սլեպնյովը տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Հայաստանի բիզնես շրջանակների, Կառավարության ներկայացուցիչների հետ եւ բուռն քննարկումներ ունեցել: Նա նաեւ հայտնեց, որ մայիսի 8-ին ԵՏՄ երկրների նախագահները քննարկել են Վիետնամի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու հարցը` հույս հայտնելով, որ այն առաջիկայում կստորագրվի:
«Սա ազատ առեւտրի առաջին համաձայնագիրն է, որը ԵՏՄ-ն պատրաստվում է ստորագրել: Դիտարկել ենք այդ համաձայնագրի բոլոր մանրամասները, որոնք ներառում են թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ոլորտները»,- տեղեկացրեց Սլեպնյովը: ԵՏՄ պաշտոնյան նշեց, որ իրենք քննարկել են Չինաստանի հետ համագործակցության հեռանկարները, քանի որ Չինաստանը մեծ գործընկեր է ԵՏՄ երկրների համար: Ուշադրության կենտրոնում է նաեւ Իրանի հետ համագործակցության խորացման հարցը: «Մենք քննարկեցինք նոր առեւտրային համաձայնագրի հնարավորությունը Իրանի հետ: Իրանը ցուցաբերել է նախաձեռնություն, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հույս ունենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, որ ֆինանսական խնդիրների պատճառով հայ արտադրողները չեն կարողանում ապրանք արտահանել դեպի ՌԴ: Անդրեյ Սլեպնյովը նկատեց, որ այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ռուսաստանում եւ ԵՏՄ-ում, չեն կարող չազդել առեւտրի վրա. «Լուրջ աշխատանք է սպասվում, ճգնաժամ է: Միությունը լավն է, հնարավորություններ տալիս է, բայց խնդիրները պետք է լուծել»,- եզրափակեց ԵՏՄ պաշտոնյան:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՀԻՄԱ ԷԼ ԿՈԹԵՑԻՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում կազմակերպվել է երեւանաբնակ կոթեցիների մեծ հանդիպում, որի պատվավոր հյուրը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը եւ նրա տիկինը` առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը: Ի դեպ, վերջինս նույնպես ծագումով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից է: Այդ հանդիպման ժամանակ կոթեցիները որոշել են բարեգործական հիմնադրամ ստեղծել, որի միջոցով գումար կհավաքվի եւ կօգտագործվի կոթեցիներին օգնելու նպատակով: Բնականաբար, նորաստեղծ հիմնադրամի նախագահ ընտրվել է Սերյան Օհանյանը: Ի դեպ, տարբեր գյուղերի եւ տարածաշրջանների բնակիչներին որեւէ պաշտոնյայի շուրջ հավաքելը, որը սովորաբար իրականացվում է հայրենակցական միությունների, հիմնադրամների միջոցով, վերջին 15 տարիներին Հայաստանում դարձել է տարածված երեւույթ: Որպես կանոն, նման միավորումները ստեղծվում են՝ հետագայում դրանք ընտրությունների ժամանակ օգտագործելու համար:
ԱՆՎՏԱՆԳ ԵԼԱԿՈՎ
Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիսկ նավահանգիստ է տեղափոխվել շուրջ 6 տոննա վարակված ելակ: Պարզվել է, որ Թուրքիայից բերված ելակում ռուս փորձագետները հայտնաբերել են Ռուսաստանում արգելված արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսներ անունը կրող նյութը: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ մեր հանրապետություն այս տարվա ապրիլի 21-ին 1 տոննա 800 կիլոգրամ ելակ է ներմուծվել: Սակայն այն ոչ միայն Թուրքիայից է ներմուծվել, այլ նաեւ Հունաստանից եւ Իսպանիայից: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին ասացին, որ ներմուծված ելակը պարտադիր ենթարկվում է բուսասանիտարական փորձաքննության, եւ որեւէ խնդրահարույց նյութ չի հայտնաբերվել:
ՍԽԱԼՎԵԼ ԷՐ
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկություն էր հրապարակել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախագահների վերջին` մայիսի 8-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումից հետո լուրեր տարածվեցին առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ադրբեջանին եւս ընդգրկել ԵՏՄ կազմում: Բայց պարզվում է` ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հարցը` պահանջելով ստիպել Հայաստանին հանձնել որոշ տարածքներ: «Ժողովուրդ»-ը փորձել էր տեղեկությունը ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից, որը հայտարարել էր, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Նման տխմար տեղեկությունները սատարողները սադրիչներ են»,- ասել էր ԱԳՆ խոսնակը: Երեկ Տ. Բալայանը «ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վրիպակ է եղել, եւ «սատարողներ» բառի փոխարեն պետք է լինի «տարածողներ»: