Երկրի իշխանությունները մասնավոր ընկերության շահը գերակա հանրայինի տակ պաշտպանելիս իրենք իրենց աչքն են հանում, ինչպես «Միլանո» խանութը քանդելու եւ դրա դիմաց փոխհատուցելու դեպքում. մեկ հարկի փոխհատուցումն են տվել, բայց երեք հարկի գույքահարկի փող են ուզում:
Խանութի հիմնադիր «Օլիմպ» կոոպերատիվի (Աբովյան 4 հասցեի տարածք) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը երեք ամիս առաջ դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերանայել արդեն քանդված խանութի դիմաց պետության վճարած փոխհատուցման պայմանները: Դրա համար հիմք էր հանդիսացել դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով մայրաքաղաքային իշխանություններն «Օլիմպ» կոոպերատիվից պետք է գանձեն շենքի երեք հարկի եւ հարակից տարածքի համար սահմանված եւ չվճարված խոշոր գույքահարկը: Հիշեցնենք, որ մինչ օրս պետությունը չի ընդունել այն փաստը, որ գործարարին պատկանող եւ իբր պետության ու հասարակության կարիքների համար «ԱՎՈ Ֆ.Մ.» ընկերությանն իրացված անշարժ գույքը բաղկացած է եղել երեք հարկից ու հարակից տարածքից: Պետությունը հրաժարվել է ընդունել այդ փաստը, եւ գործարարին փոխհատուցում է վճարվել ընդամենը մեկ հարկի համար: Իսկ հիմա դատավորները միանշանակ քաղաքապետարանի օգտին են որոշում կայացրել՝ ակամա ընդունելով, որ Հ. Ղուկասյանի գույքը բաղկացած է եղել երեք հարկից ու հողից:
«Օլիմպ»-ի հայցն այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում է: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում «ԱՎՈ Ֆ.Մ.»-ի շահերը դատարանում ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Մինչդեռ «Օլիմպ» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանի դիտարկմամբ՝ ճիշտ կլիներ, որ քաղաքապետարանը ներկայացներ ոչ թե մասնավոր ընկերության շահերը, այլ քաղաքացու՝ որպես երրորդ կողմ:
Դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 27-ը՝ կադաստրի վարած եւ այլ դատական գործում գտնվող փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար: Դրանք հավաստում են, որ Հ. Ղուկասյանի սեփականությունն իսկապես բաղկացած է եղել երեք հարկից եւ այն զբաղեցնող հողից, որի համար նա տարիներ շարունակ վճարել է գույքահարկ՝ չնայած 2005-ին տրված սեփականության վկայականում միայն մեկ հարկն է նշված եղել: Ստացվում է՝ գանձելիս շատ են ուզում, փոխհատուցելիս՝ անհամեմատ քիչ տալիս, բայց այս դեպքում պետք է տաս, որ ստանաս…
ԱՍՏՎԱԾ ՏՎՈՂԻՆ Է ՏԱԼԻՍ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ