ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԸ (ՔԴԵԴ) ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՀԱՅՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր՝ 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների) եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մակագրությամբ:

Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:
Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը: ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, Կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:
Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է՝
1. լինի 23-ից մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար,
2. ունենա 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ եւ աշխատելիս լինի,
3. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի: Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն՝
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ) փակցված լուսանկարով,
2. ինքնակենսագրություն (CV),
3. երաշխավորագիր (պարտադիր կնքված) հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
4. հավաստագիր (պարտադիր կնքված) աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք միջոցառումների ու սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար,
5. աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ վերջին 3 տարվա պատճենը (2012-2015) աշխատանքային ստաժի նշումով: Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները: Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ եւ հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն: ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ, Ստրասբուրգ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ եւ ուսուցումն իրականացվում է անվճար: Բացի այդ, հայաստանյան եւ արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ եւ այլն) հոգում է Եվրոպայի խորհուրդը:
ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն 410 եվրոյի չափով մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրի իրականացմանը: Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ, անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հունիսի 3-5-ը, ժամը 12:00-ից 14:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am




Լրահոս