«ՄԵՐ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ ԴԱ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորային մի շարք նախագծերի, այդ թվում` «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ սիթքոմի երկրորդ սեզոնի նկարահանումներն արդեն ավարտվել են, սեպտեմբերից կսկսվի երրորդ եթերաշրջանը: Նա պատմել է, թե իրենց անձնակազմն ինչ անակնկալ է պատրաստում ռուսաստանցի հանդիսատեսի համար: Դերասանն անդրադարձել է նաեւ կադրից դուրս, առօրյա կյանքում գրանցվող զվարճալի դեպքերին` հիշելով դրանցից ամենաուշագրավը:

-Գարի՛կ, ըստ Ձեզ՝ սիթքոմի ժանրը Հայաստանում կայացե՞լ է, այս առումով դեռեւս ի՞նչ բացեր եք տեսնում:
-Սիթքոմն, առհասարակ, անգլիական ֆորմատ է, իհարկե, այն Հայաստանում դեռեւս հաստատվելու խնդիր ունի, իսկ այդ գործընթացը մեծապես պայմանավորված է տվյալ ազգի մենթալիտետով: Եթե, օրինակ, վերցնենք ռուսական սիթքոմները, կտեսնենք, որ դրանցում հումորներն ավելի բաց են, խոսքը` ազատ, անգլիական սիթքոմներում կարող ենք հանդիպել համասեռամոլների կերպարների. նման շատ երեւույթներ կան, որոնց մենք անդրադառնալ չենք կարող, մեր մենթալիտետը դա մեզ թույլ չի տա: Փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովրդին հոգեհարազատ են քաղաքական, սոցիալական բնույթի հումորները եւ հումորի այն տեսակները, որոնք հիմնված են աֆերիզմի վրա:
-Վերջերս «Ֆուլ Հաուս»-ին հյուրընկալվել էր Գարիկ Մարտիրոսյանը. նրա հետ նկարահանումներն ինչպե՞ս անցան:
-Գարիկը Մենչի (Արմեն Պետրոսյան)` մեր հաղորդման պրոդյուսերի ընկերն է, վերջինիս խնդրանքով նա նկարահանվեց մեր նախագծում: Ի դեպ, սա առաջին անգամը չէր, որ նրա հետ աշխատում էինք. Գարիկն ավելի վաղ իր մանսակցությունն էր ունեցել նաեւ «Երե1» նախագծին: Նրա հետ աշխատելը, միանշանակ, հաճելի գործընթաց էր, Գարիկը շատ տաղանդավոր մարդ է, որից միշտ սովորելու բան կա:
-Վստահ ենք, որ հումորով լի է նաեւ Ձեր առօրյան. կադրից դուրս ի՞նչ հետաքրքիր, զվարճալի դեպքեր են գրանցվել, որոնց մասին կուզենաք պատմել:
-Սցենարը գրելու պրոցեսից մինչեւ նկարահանումների ընթացքը գրանցվում են մի շարք զվարճալի դեպքեր. հումորն ամենուր է: Օրինակ` կարող եմ ասել, որ իմ բոլոր կերպարների անունները մշտապես ուղեկցել են ինձ, այնպես որ, արդեն մի քանի անուն ունեմ (ծիծաղում է): Ինձ հետ առօրյայում տեղի ունեցած դեպքերից կառանձնացնեմ մեկը. հիշում եմ` մի օր սուպերմարկետում սովորականի պես առեւտուր էի անում, հանկարծ մոտեցավ մի կին, ջերմ բարեւեց, ասաց` ոնց ես բարեկամ, շատ երկար զրուցեցինք, մանրամասն պատասխանեցի նրա բոլոր հարցերին, բայց այդպես էլ չմտաբերեցի, թե նա ով է: Իսկ մեր զրույցի ավարտին այդ կինն ասաց` այնքան ենք Ձեզ դիտում հեռուստացույցով, որ մտել եք մեր տները, դարձել եք մեր բարեկամը: Այդ ժամանակ միայն հասկացա, որ նա ինձ հետ որեւէ արյունակցական կապ չուներ (ծիծաղում է):
-Գիտենք, որ լոռեցի եք, երբեւէ լոռեցու կերպար կմարմնավորե՞ք:
-Ծնողներս արմատներով Նոյեմբերյանից են, բայց ես Լոռիում եմ ծնվել, լոռեցիների հետ շփումս մեծ է, նրանք շատ հումորով մարդիկ են: Ամեն անգամ հանդիպումների ընթացքում այնքան շատ պատմություններ են պատմում, որ կարելի է դրանց հիման վրա ամբողջական սցենարներ գրել (ծիծաղում է): Կոնկրետ լոռեցու կերպարում ինքս ինձ դեռ չեմ փորձել, բայց եթե հարկ լինի, կարող եմ խոսել լոռվա բարբառով. այն ինձ շատ հոգեհարազատ է:
-Գարի՛կ, իսկ տանը Ձեր դերերը քննարկո՞ւմ եք, Ձեր կինը ամենից շատ Ձեր ո՞ր կերպարն է հավանում:
-Տանը քննարկումներ առանձնապես չեն լինում, այն կերպարների համար, որոնց Դուք «պատրաստի» տեսնում եք էկրաններից, ամիսներով գրվում են կենսագրություններ, կերտվում են «ճակատագրեր», այնպես որ քննարկումները բուռն են աշխատանքային միջավայրում: Իսկ իմ կերպարներից կինս շատ է սիրում Մակիչին եւ Հայրոյին:
-Եվ վերջում, «Ֆուլ Հաուս»-ի շրջանակներում ի՞նչ հետաքրքիր զարգացումներ կլինեն, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին:
-Սիթքոմի երկրորդ սեզոնի նկարահանումներն արդեն ավարտել ենք, սեպտեմբերից կսկսվի երրորդ եթերաշրջանը: Անակնկալ ունենք Ռուսաստանի մեր հանդիսատեսի համար. առաջիկայում պատրաստվում ենք «Ֆուլ Հաուս»-ի անձնակազմով համերգով հանդես գալ Ռուսաստանի 13 քաղաքներում, բեմում կներկայանանք այնպիսի իրավիճակներում, որոնք հնարավոր չէ տեսնել եթերում: Ի դեպ, ամիսներ առաջ մեր կազմով ելույթ ունեցանք ԱՄՆ-ում, որտեղ մեզ հրաշալի ընդունեցին, հուսով ենք` Ռուսաստանում եւս արձագանքները բուռն կլինեն:

 

 
ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ԿԻՊ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդամենը մի քանի օրից ամառ է, իսկ սեզոնի փոփոխությունը ենթադրում է նոր տրամադրություն, նոր գույներ եւ նորաձեւության նոր միտումներ: «Ժողովուրդ»-ը ոճաբան Արփինե Կոշտոյանից հետաքրքրվել է, թե որ թրենդներն են այս ամառ հավակնում դառնալ գերիշխող, եւ ինչպես պետք է ամռանը հագնվեն նորաձեւության իսկական սիրահարները:

Այսպիսով, ոճաբանի խոսքով` այս ամառվա գլխավոր թրենդներից են կիսաթափանցիկ կամ որեւէ նուրբ գործվածքից ժակետները (մաքսի կամ միդի): Ժակետների թեման շարունակում են ժիլետները: Եթե գարնան սկիզբն ազդարարվեց վերարկուանման ժակետներով, ապա ամռանը ակտուալ կլինեն շիֆոնից ժիլետները: Այս ամռանը նորաձեւ կլինեն նաեւ մի քանի պրինտների եւ գործվածքների միքսերը, որոնք կմատուցվեն էկլեկտիկ ոճում:
Ոճաբանը խորհուրդ է տալիս այս ամռանը մոռանալ կիպ զգեստների մասին. «Նորաձեւ կլինեն պարզ, ուղիղ, թույլ, մարմինը ոչ կիպ գրկող ձեւվածքները եւ թափանցիկ կտորները: Կիպ տաբատները եւս այլեւս նորաձեւ չեն. փոխարենը ակտուալ են թեթեւ կտորներից, լայնացող տաբատները, որոնք գեղեցիկ են նայվում կիսաթափանցիկ, մինիմալիստական ձեւվածքի, մեծ, լայն թեւերով վերնաշապիկների, բլուզների հետ: Դրանց վրայից կարելի է հագնել թավշե կամ թավշե դետալներով ժիլետներ»,-ասաց Ա. Կոշտոյանը:
Նրա խոսքով` այս ամռանն ակտուալ են լինելու նաեւ զամշից բախրամաներով պայուսակները եւ երկարաճիտ ամառային կոշիկները, որոնց վրա եւս կլինեն բախրամաներ: Ակտուալ կլինի նաեւ սպորտային կոշիկների` բոթասների համադրումը դասական միդի կիսաշրջազգեստների հետ:
Անդրադառնալով գույներին` ոճաբանը տեղեկացրեց, որ ամռանը նորաձեւ են լինելու բոլոր պաստելային երանգները եւ դրանց համադրությունները:
«Ամռանը որքան յուրօրինակ միքսեր անեք, այնքան լավ: Կարելի է հետաքրքիր համադրություններով ստանալ նոր լուքեր, պարզապես պետք է գտնել ամռանը բնորոշ տարրերն ու գույները, այդ դեպքում ամառային տրամադրությունն ու հոգեվիճակն ապահովված կլինեն»,- եզրափակեց ոճաբանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ
Հաղորդավարուհի Մերի Շահինյանը դեռեւս չի շտապում պատմել իր սիրո պատմությունը, բայց BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է, որ օրերս ամուսնության առաջարկ է ստացել:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի վարողի ընտրյալը գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանն է, ով օրերս Հայաստանում էր եւ այցի ժամանակ էլ Մերիին առաջարկել է իր կինը դառնալ:
Թեեւ զույգը հանդիպում է արդեն մեկ տարի, ամուսնության առաջարկն անակնկալ է եղել Մերիի համար: Առաջիկայում նախատեսված նշանադրության արարողությանը մասնակցելու համար Երեւան կժամանեն նաեւ փեսայի ծնողները:

 

ՍԿԱՆԴԱԼ ԿԱՆՆՈՒՄ
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի աշխատակիցները ծաղրել են 71-ամյա ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովին, ով բացել է Կաննի միջազգային կինոփառատոնը: ԺծԼ.ru-ի փոխանցմամբ` դերասանուհու ծաղրանկարը սկանդալ է առաջացրել: Արտասահմանյան լրատվամիջոցները քննադատել են ծաղրանկարը եւ նշել, որ աշխատակիցների հումորի զգացումը կասկած է հարուցում: Ֆրանսիացիների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին ամսագրի աշխատակիցների կողմից ներկայացվել է տձեւ խորանարդի տեսքով, իսկ նկարի ներքո եղել է վիրավորական արտահայտություն. «Կասկածելի փաթեթ Կրուազեթում»:
Դենյովը ձեւացրել է, թե չի վիրավորվել նկարից, սակայն, միեւնույն ժամանակ, նշել է. «Հուսով եմ, որ դա գոնե ծիծաղելի է, թեեւ պետք է խոստովանեմ, որ փաթեթի տեսքով իմ նկարը տհաճ է»:

 

ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈ՞ՒՆ
Ռոբի Ուիլյամսին եւ նրա կնոջը` Այդա Ֆիլդին, մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Երգչի նախկին օգնական Ջոել դե Բոնֆիլսը դիմել է դատարան: Ըստ նրա հայցադիմումի՝ Այդա Ֆիլդը մի քանի անգամ հանել է հագուստները իր ներկայությամբ, ինտիմ բնույթի հարցեր տվել եւ պատմել է իր ու ամուսնու` Ռոբի Ուիլյամսի սեռական կյանքի մասին: Ուիլյամսն այս գործում մեղադրյալ է, սակայն Բոնֆիլսը նրա դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրել: Զույգի նախկին օգնականը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում` 25 հազար դոլարի չափով: Ամուսիններն ապշած են այս մեղադրանքներից, սակայն մտադիր չեն հրապարակավ խոսել այդ մասին:




Լրահոս