ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ president.am-ի

Երեկ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը: Իր ելույթում Ս. Սարգսյանը նշել է. «Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը եւ ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն»:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե հայրը երեխայի ալիմենտը վճարելու ընթացքում զրկվում է աշխատանքից եւ չի կարողանում վճարել, ապա նման դեպքերում ի՞նչ միջոցներով է կատարվում ալիմենտային պարտավորությունը:

Մխիթար Մարկոսյան (38 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61.1. հոդվածի համաձայն՝
«Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչեւ 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով եւ պարբերականությամբ:
Եթե մինչեւ կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին»:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե քաղաքացին չի կարողանում վճարել ալիմենտը, այդ դեպքում ալիմենտը բռնագանձվում է պարտապանի, տվյալ դեպքում՝ ալիմենտ վճարողի գույքից սահմանված չափով եւ պարբերականությամբ: Այս համատեքստում մտահոգիչ են ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության 2014 թվականին հրապարակած զեկույցի տվյալները, որոնց համաձայն՝ հետխորհրդային տարածքում գործազրկության մակարդակով առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը՝ 18,6 տոկոս ցուցանիշով: Ըստ վերջինիս տվյալների՝ մինչեւ 2018 թվականը այն կաճի՝ հասնելով 19 տոկոսի, իսկ յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին կլինի գործազուրկ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ՝ պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում պետական գրանցում չի արվել:

Հայկ Պետրոսյան (36 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայկ Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումը կատարվում է անվճար:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան

«ԺՈՂՈՎՈԻՐԴ». Պատասխանը հակիրճ, բայց սպառիչ է: Մնում է ավելացնել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվում է 1000 դրամ: Իսկ, օրինակ, գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի եւ մինչեւ 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների եւ այլ անշարժ գույքի համար պետվճարը կազմում է 10.000 դրամ, կամ հասարակական եւ արտադրական նշանակության այլ անշարժ գույքի համար՝ 40.000 դրամ:




Լրահոս