ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այս մասին APA գործակալությանը  հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մոտ օրերին պլանավորում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ բարձր մակարդակով շփումներ կազմակերպել: Առավել հավանական է, որ նախարարների միջեւ հանդիպումը կկազմակերպվի Փարիզում:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ սա հերթական հանդիպումն է քննարկում անցկացնելու համա՞ր, թե՞ քայլ է՝ սայլը տեղից շարժելու նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Թեկուզ ես ինձ էլ գիտակ չեմ համարում քաղաքականության ասպարեզում, բայց կարծում եմ՝ սա հերթական հանդիպումն է: Գուցե իրենց կողմից ցանկություն կա սայլը տեղից շարժելու, բայց, ինչպես գիտենք, հարցի լուծումը հիմնականում կախված է երկու պետությունների փոխհամաձայնության գալուց: Մի տարբերակ էլ կա՝ պետությունների կողմից ճնշում գործադրելը:

ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ
 երաժիշտ, երգահան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մեծ վերապահում ունեմ, որ այդ սայլը հօգուտ հայությանը տեղից շարժվի, որովհետեւ այս վերջին 17 տարին մենք պահանջատեր չենք, այլ ամեն քայլափոխի ասում ենք, որ ուզում ենք խաղաղություն եւ չենք ուզում պատերազմ: Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք զիջումների: Եթե մենք ասում ենք, որ պատրաստ ենք զիջումների, ապա դիմացի կողմն ամեն ինչ կանի, որ այդ զիջումներն առավելագույն լինեն: Այս հանդիպումները մի քանի նպատակներ ունեն. առաջինն այն է, որ ուզում են ստեղծել տպավորություն, թե աշխատանքներ են արվում, եւ երկրորդ՝ այդ ձեւական կողմը միշտ կա՝ շոու է: Եթե պարզ խոսեմ, ապա մենք այս հարցը պատերազմի դաշտում լուծել ենք, ու մնում է, որ հիմա մեր դիվանագիտությունն այնքան ճկուն եւ զորեղ լինի, որ այդ դե ֆակտո հաղթանակը սարքի դե յուրե, այլ ոչ թե խոսի փոխզիջումների մասին, ի՞նչը փոխզիջել: Այս առումով ասեմ, որ մեր դիվանագիտությունը բացասական եմ գնահատում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ
կառավարման փորձագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրեթե համոզված եմ, որ որեւէ տեղաշարժի մասին խոսք լինել չի կարող՝ այս հանդիպումն ընդամենը միջնորդներին չմերժելու կամ նրանց չվիրավորելու քայլ է, բայց երկու կողմերն էլ այնքան պրիտենզիաներ են հավաքել, որ այս պահին որեւէ տեղաշարժ ակնկալել չի կարելի: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում առաջիկայում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ ղարաբաղյան խնդրի հետ կապված՝ այս նախընտրական շրջանում եւս սպասելիքները ճիշտ չեն: Սա «քաղաքավարական» հանդիպում է: Գոնե այս պահին սայլի տեղաշարժի մասին պետք է մոռանանք:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
գրականագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս