ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած արտակարգ պատահարը  հարուցել է հանրության դժգոհությունը: Շինարարական խոտանով կառուցվող կիսակառույց շենքի փլուզումը դարձել է 9 մարդու դժբախտության պատճառ: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած մի խումբ տարեց քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում նախ այն բանից, որ Խանջյան փողոցի Վարդան Մամիկոնյանի արձանին հարող, երբեմնի կուսական  անտառի նմանվող զբոսայգու հաստաբուն, սաղարթախիտ ծառերը հատվեցին, եւ դրանց արանքում հայտնվեց տարօրինակ կառուցվածքով, ոչ հայատառ, հսկայական «JOSE»  սրճարանը:
«Ծառերի բնաջնջումը հասնում է մինչեւ Շախմատի տուն, ապա՝ շարունակվում վերեւ: Ջոսերը,  հին հռոմները եւ այլ թաքուն-թաքուն կառուցվող կախարդական շինությունները խոսում են դրանց տերերի գերհզոր լինելու մասին: Իսկ մեզ արգելվում է մեր բակի այգում՝  ծառի հովին, երկար կանգնելն անգամ,-դժգոհեց նախկին ինժեներ Թորգոմ Դոնոյանը եւ հավելեց,-այս մարդկանց Սեւանի շրջանի Դդմաշենից բերել բանեցնում էին: Հիմա փորձանք է պատահել, ու բոլորս ցավում ենք կատարվածի համար, նույնիսկ փորձում ենք մեր հնարավորության չափով օգտակար լինել, բայց…»:
Մեզ այցելած քաղաքացիներին անհանգստացնում է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի այն հայտարարությունը, որ դժբախտ պատահարների դեպքում բոլոր ծախսերը հոգում է պետությունը, իսկ գործատուն կարող է միայն լրացուցիչ օգնություն ցուցաբերել:
«Դժբախտ պատահարի դեպքում մենք պարտավոր ենք տուժածին բուժել, եւ դրա համար պետությունը գումարներ նախատեսում է»,-ասել է Դումանյանը:
«Նախարարն ուզում է օգնել, թող դա անի իր անձնական միջոցների, այլ ոչ պետության հաշվին: Փաստորեն, պետպատվերի շրջանակները գործում են եւ շարունակում են գործել միայն որոշ մարդկանց համար: Ինչո՞ւ պիտի պետությունը ստանձնի այդ հոգսը, իսկ ո՞ւր է «JOSE»-ի միլիարդատեր սեփականատեր Հարություն Փամբուկյանը: Թող նա էլ պարտավորություն կրի հոգալու խեղճ բանվորների բուժման ծախսերը, ինչի՞, փող չունի՞: Հաստատ կունենա, այլապես չենք կարծում, որ անվճարունակ մեկը կարողանար քաղաքի սրտում թամանյանական անարատ օղակաձեւ այգին հատեր ու քաղաքի կենտրոնն ամայացնելով՝ բազմահարկ շենք կառուցեր»,-վրդովված ասացին մեր զրուցակիցները:  
Նրանց մտահոգում է նաեւ այն հանգամանքը, թե ինչու են պատկան մարմինները լռում եւ շտապ կարգով չեն ստիպում անօրինական շինության տիրոջը զբաղվել բանվորների բուժման հարցերով:
«Այսօր ի՞նչն է պատճառը, որ այդպես ոգեւորված օգնում են հարուստ անտառաքանդներին եւ նրանց փոխարեն տուժած բանվորներին բուժում իմ, քո, մյուս հաշմանդամի կամ տարեց մարդու համար նախատեսված պետպատվերի շրջանակներում»,-իրենց բողոքը եզրափակեցին ավագ սերնդի ներկայացուցիչները:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս