ՈՐՏԵ՞Ղ Է ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑՈՎ ՀԻՎԱՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում մսամթերքի բոլոր խանութները դեռ շարունակում են փակ մնալ: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հայտնաբերված է սիբիրյան խոցով մեկ հիվանդ: Սակայն Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը եւ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին,  որ այդ հիվանդի մասին որեւէ տեղեկություն չունեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է սիբիրախտի դեմ անասնահամաճարակային միջոցառումների եւ վերահսկողական աշխատանքների իրականացումը: Օրեր առաջ ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտարարել էր. «Մենք իրականացրինք անհապաղ միջոցառումներ` ընդհուպ մինչեւ մարդկանց սառնարաններից հնարավոր ախտահարված մսի մնացորդների բացահայտումն ու ոչնչացումը»: Նրա տեղեկացմամբ` Ծովակ համայնքի բնակիչներից հավաքվել եւ այրման եղանակով ոչնչացվել են վարակված խոշոր եղջերավոր կենդանիների կաշվեմորթը եւ մսեղիքը: Համայնքում հայտնաբերվել էր սիբիրախտով վարակված երկու խոշոր եղջերավոր անասուն:
Իսկ ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ վարակված կենդանու կաշվեմորթն ու մսեղիքը հայտնաբերվել է հենց սիբիրյան խոցով հիվանդի տնից. «Հայտարարված կարանտինը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ 100 տոկոսով համոզված լինենք, որ ամեն ինչ կարգին է: Մինչեւ վերջին օրն ու ժամը իրականացնելու ենք ստուգումներ»:
Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 5 հոգի հիվանդանոցում բուժվում են: «Իրենք լավ են զգում իրենց: Ոչ մի լուրջ բան չկա: Ա՛յ ցավդ տանեմ, բոլորն էլ ասում են՝ սիբիրյան խոցով հիվանդ կա, բայց որտե՞ղ է նա, ո՞ւր է այդ հիվանդը: Հիվանդներ ունեցել ենք, բոլորը դուրս են գրվել, մնացել են ընդամենը 5 հոգի: Հիվանդները նույնիսկ ջերմություն, քրտինք, դող չեն ունեցել, ուղղակի ապահովության համար մի քանի օր ավելի ենք պահում նրանց: Ոչ մի նշան չի համապատասխանում այդ տարածված հիվանդությանը»,-հավաստիացրեց Վ. Կարապետյանը` նշելով, որ այդ 5 հոգին շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
Նա նշեց, որ որոշակի նմանություն կա սիբիրյան խոցի վերքերի եւ իրենց դիմած մարդկանց ունեցած վերքերի միջեւ. «Հիմա չենք կարող հստակ ասել, մինչեւ լաբորատոր հետազոտության արդյունքների հրապարակվելը: Եթե այս հիվանդներն ունենային սիբիրյան խոց, ապա նրանց 4 օր չէինք պահի այստեղ, այլ ավելի շատ: Հնարավոր է, որ վերքերի առկայությունը մեկ այլ ինֆեկցիայի տեսակ լինի: Դե գյուղի ժողովուրդ են, մի քիչ էլ վախեցել են տարածված տեղեկություններից: Ում ձեռքին մի փոքր վերք էլ լինի, վազում են Մարտունու հիվանդանոց: Ախր չեք պատկերացնում, թե ինչ է այստեղ կատարվում»:
Ծովակի եւ Վանեւանի համայնքապետերից տեղեկացանք, որ կասկածվող հիվանդները երեկ կրկին հետազոտվել են:
«Դե ասում են, որ մեր գյուղից մեկի մոտ կա, բայց գուցե եւ ճիշտ չէ այդ տեղեկությունը: Ինձ պաշտոնապես չեն ասել, թե էս մարդը ձեր գյուղից է ու սիբիրյան խոցով հիվանդ է կամ բժշկական հսկողության տակ է գտնվում: Անկեղծ ասած` ինձ անուն չեն տալիս, թե ով է այդ հիվանդը, ասում են՝ մի հոգի կա, բայց ոչ ոք անուն չի տալիս: Մարդկանց ձեռքերին ընդամենը վերքեր են հայտնվել, բայց ո՛չ դող են ունեցել, ո՛չ էլ ջերմություն: Դե վերքեր կան, բայց ինձ թվում է՝ դրանք կենցաղային են»,-մեզ հետ զրույցում նկատեց Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վանեւան համայնքի բնակիչ Արտավազդ Ասլանյանի հետ, որը սիբիրյան խոց հիվանդության կասկածանքով մի քանի օր բուժում է ստացել Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում: «Դե մի հիվանդ անասուն ունեինք, մորթել էինք ու հարեւաններով կերել: Անասունը մորթեցի, բայց քերթելուց հետո քոր եկավ ու պզուկ առաջացավ,  հետո չորացավ անցավ: Ո՛չ տաքություն, ո՛չ դող չունեցա: Դրա համար հիվանդանոցում պառկեցի: Դե միշտ էլ անասուն մորթելուց հետո մեկ-մեկ լինում են նման բաներ, բայց որ էսօր բերին կապին սիբիրախտի հետ, զարմանում եմ: Հետո երկու անգամ եկան մեր տուն ու ախտահանեցին: Բայց կենդանիների անկում էլ չի եղել»,-պատմեց Արտավազդը:
Սիբիրյան խոցով հիվանդի մասին տեղեկություն ստանալու նպատակով զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ: «Հիվանդությունը ընթանում է շատ թեթեւ, երբեմն-երբեմն ջերմել է, հիմա ընդհանրապես չի ջերմում: Դրական տեղաշարժ ունի եւ առողջացման շեմին է: Նույնիսկ արդեն նրա դուրս գրման հարցն է դրված»,-ներկայացրեց նա:
Հարցին, թե որ հիվանդանոցում է պառկած հիվանդը, հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը պատասխանեց. «Պարտադրի չէ նշել, թե որ հիվանդանոցում է պառկած: Եւ անհրաժեշտություն էլ չկա համայնքապետերի հետ խոսել, նրանք պարտավոր չեն իմանալ այդ մասին, եւ չպետք է իմանային էլ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս