Ռեփեր ՀԱՄՈՆ կարծես մոռացել է, որ ինքը ռեփեր է, սկսել է ակտիվ նկարահանվել սերիալներում` «Բանակում», «Քաղաքում», նաեւ խաղալ թատրոնում: Փաստորեն, դերասանի մասնագիտությունը նրան հոգեհարազատ դարձավ: Սակայն, ինչպես Համոն ասաց, իրեն հարազատ է ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ դերասանությունը, քանի որ իր կինը` Լիլի Էլբակյանը, դերասանուհի եւ ռեժիսոր է: Ինքն էլ, շփվելով այդ բնագավառի մարդկանց հետ, սկսել է սիրել այդ գործը` չունենալով համապատասխան կրթություն:
-Դերասան դառնալու համար պետք է կարողանաս կերպարի մեջ մտնել, կարեւոր է նաեւ իմանալ մասնագիտությունը, թեորիան կարդալ: Չես կարող ծնվել ու ասել` ես դերասան եմ:
-Այս կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք ծանոթանալ Ձեր ասած թեորիային, վերջապես, ի՞նչ է դերասանությունը:
-Սերիալը, կինոն լրիվ տարբերվում են թատրոնից: Հասցրել եմ 3 դեր խաղալ թատրոնում: Այնտեղ խնդիրն է հասցնել մարդկանց, որոնք նստած են, իսկ սերիալում խնդիրը տալիս է ռեժիսորը, որն էկրանից այն կողմ չի երեւում: Ու տեսախցիկի հետ աշխատելն էլ շատ դժվար է, հնարավոր է՝ մի քիչ սխալ շարժվես, միմիկան այն չանես, իսկ թատրոնում դու մտնում ես այդ կերպարի մեջ ու «ստոպ»-եր չկան: Հարյուր անգամ ավելի հետաքրքիր է թատրոնում աշխատելը: Շատ նկարահանվելով էլ փորձ ես ձեռք բերում, կան դերասաններ, որ քեզ օգնում են, խաղընկեր են:
-Վստահ եմ, որ թատրոնում էլ Ձեր աները` Արմեն Էլբակյանը, ու զոքանչը` Աննա Էլբակյանը, այդ առումով Ձեր խաղընկերներն են:
-Այո՛, 2 ներկայացման մեջ այդպես է ստացվել, ես նրանց հետ եմ խաղում: Ինձ աջակցում են ե՛ւ պարոն Էլբակյանը, ե՛ւ Աննա Էլբակյանը, նաեւ Լիկան ու էլի այլ դերասաններ: Մինչ թատրոնում խաղալը ես խաղացել եմ Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում, հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ ծանոթացել եմ Լիլիի հետ: Կարծում եմ՝ շուտով այդ ֆիլմը դուրս կգա: Այնտեղ էլ ինձ օգնեցին, սկսեցի կարդալ, ուսումնասիրել, հարցնել, հետո էլ ինձ հրավիրեցին «Բանակում» սերիալ, որն ինձ մոտ սկզբում լավ չէր ստացվում, չեմ էլ կարծում, որ հիմա շատ լավ է ստացվում, բայց տեսախցիկի հետ աշխատելը պետք է դերասանին, որովհետեւ միայն թատրոնով չի սահմանափակվում:
-Դուք Ձեզ նաեւ կողքից եք նայում ու ինքներդ էլ նշեցիք, որ այդքան լավ չի ստացվում, այդ դեպքում ինչո՞ւ եք շարունակում նկարահանվել: Գումա՞րն է պատճառը:
-Լավ չէր ստացվում այն ժամանակ, հիմա այնքանով է լավ ստացվում, որ կարողանում եմ դերս ճիշտ մատուցել:
-Նկարահանվում եք, խաղում եք, իսկ ռեփն ի՞նչ եղավ:
-Ռեփը կա, բայց հանրության համար չեմ անում, որովհետեւ հասկանում եմ, որ գոյություն ունի պիռատ: Եթե ես ինչ-որ բանի մեջ գումար եմ դնում, գիշերները չեմ քնում, տեսահոլովակ եմ նկարում, մի խոսքով՝ փող եմ ծախսում, բնական է, որ պետք է նաեւ փող աշխատեմ, տուն պահեմ: Բայց եթե ինչ-որ պիռատ ձայնագրում է իմ CD-ն ու այն վաճառում 200 դրամով, ոչ մեկ էլ օրիգինալի համար ավելի շատ գումար չի տա, նրան ավելի հարմար է 200 դրամով գնի ու մեքենայի մեջ ունենա այդ երգը: Հիմա ժամանակ չունեմ աննպատակ գումար ծախսել: Անում եմ երգեր ինձ լսողների համար ու գցում ինտերնետ: Ես ռասկռուտկայի կարիք էլ չունեմ, իմ ասելիքն ու բողոքն ունեմ այս աշխարհի մասին:
-Ինչի՞ դեմ է Ձեր բողոքը:
-Ես ասում եմ մարդկանց՝ փոխվենք, բայց չեմ ասում՝ ամեն ինչ զզվելի է, այստեղ չի կարելի ապրել: Հայաստանում կարելի է լավ ապրել ու շատ լավ ապրել, կարելի է քաղաքը սիրել, ու սիրում ենք: Վերջերս կայքերում կարդում եմ, որ կարող է կռիվ սկսվի, առաջինը ես կգնամ ու այս պետության համար կռիվ կտամ, բայց իմ բողոքի մեջ ասում եմ՝ պետք է բոլորը գնան: Ու եթե դու հիմա աշխատում ես 50 հազար դրամ, չի նշանակում, որ Երեւանը ու էս երկրում ապրող մարդիկ շատ վատն են: Ես 3 տեղ եմ աշխատում ու կուզեմ չորրորդ տեղն էլ աշխատել, բայց չբողոքեմ, որ չեմ կարողանում իմ տունը նորմալ պահել կամ երեխաս ինչ-որ բանի կարիք ունի: Ամեն ինչ էլ հնարավոր է: Երեւանն աշխարհի ամենալավ քաղաքն է, թող ոչ մեկ չմտածի, որ ինքը շատ բան է արել, ու իրեն չեն գնահատել:
«ԵՍ ՌԱՍԿՌՈՒՏԿԱՅԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ