ՍԱՊԾ-ն դիտարկում է կատարել բորբոսնած յոգուրտի հայտնաբերման դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը պարզաբանում է ներկայացրել քաղաքացու կողմից սուպերմարկետում գնած բորբոսնած յոգուրտի վերաբերյալ.

«Բորբոսնած յոգուրտ գնելու վերաբերյալ համացանցում տեղեկատվությունը տեսնելուց հետո ինքներս ենք կապ հաստատել քաղաքացու հետ և անհրաժեշտ տվյալները ձեռքբերելուց հետո «Ֆրուտտիս» յոգուրտի դիտարկում կատարել Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում և «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահեստում:

Թեև դիտարկման արդյունքում պահման պայմանների, մակնշման անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (տեղում բացվել են յոգուրտի տուփեր) և «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ի կողմից տրամադրվել են յոգուրտի որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթեր՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից և «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ի պահեստից 2015 թվականի մայիսի 13-ին իրականացվել է յոգուրտի հսկիչ գնում` թողնելով պահեստային նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ: Արդյունքները կհրապարակենք լրացուցիչ. մանրէաբանական լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ է 7 օր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է իր լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր միջոցառումները:

Խախտումներ նկատելու դեպքում խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին 206040 հեռախոսահամարով»:




Լրահոս