“Հրապարակը” գրում է, թե մինչ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը երեկ շտապում էր լրագրողներին հավատացնել, թե սիբիրյան խոցի բռնկումներ չկան, եւ իր ղեկավարած կառույցն անթերի է աշխատել է, մենք ժամեր անց ահազանգ ստացանք, որ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում վերջին օրերին դարձյալ կովեր են սատկել:
Ահազանգողներն իրենց զարմանքն էին հայտնում Բաղյանի հավաստիացումների հետ կապված: Նշենք, որ նույն Գրիշա Բաղյանը դեռեւս օրեր առաջ, երբ նոր-նոր շշուկներ էին տարածվել սիբիրախտի ի հայտ գալու հետ կապված, մեզ հետ հեռախոսազրույցում վրդովված ասաց, թե իրենք իրենց գործն անթերի կատարել են, հիվանդ կով չունեն, իսկ տվյալ հիվանդությունը կարող է գյուղացուն անցնել հողից, ջրից եւ այլն:
Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ սիբիրախտի աղբյուր է եղել միսը, իսկ այդ ամենն առաջացել է Բաղյանենց թերացումների՝ կովերին պատշաճ չպատվաստելու հետեւանքով:
Ուշագրավն այն է, որ երեկվա ահազանգը հաստատվեց նաեւ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույցից՝ Սննդի անվտանգության ծառայությունից: Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջին մի քանի օրերին եղել է անկում: Իսկ թե ինչու էր անասունների գծով կուրատոր Բաղյանն այն թաքուն պահում, հայտնի չէ: