Որքան մեծ է խնդիրը, այնքան խոշոր է փաթեթավորված նվերը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանցի հոկեիստները եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով կանադացիներին, աշխարհի առաջնությունում նվաճեցին արծաթը: Ոչ ոք չի սիրում պարտվել, բայց դա սպորտ է, որը, ինչպես և ամբողջ կյանքը, չի կարող բաղկացած լինել ծիծիայն հաղթանակներից: Այն, ինչ հետևեց եզրափակիչ խաղին, չափազանց տգեղ էր. Ռուսաստանի հավաքականի խաղացողների մեծ մասը մինչև վերջ չմնաց պարգևատրման արարողությանը և լքեց մարզադաշտը, երբ պիտի հանձնեին ոսկե մեդալները ու հնչեր Կանադայի օրհներգը:

Պարտության դեպքում դարդ անելը կամ չանելը հոյակապ ցուցիչ է, որի շնորհիվ կարելի է իմանալ՝ գործ ունենք հաջողա՞կ, թե՞ անհաջողակ մարդու [ազգի] հետ:

Արժանապատվորեն, բաց ճակատով պարտությունն ընդունելը նշանակում է ճանապարհ հարթել հետագա հաղթանակների համար: Պարտության դեպքում ամբողջ աշխարհին մեղադրելը, անարդարությունից և «դաղալությունից» բողոքելը նշանակում է մշտապես պարտված մնալ: Դրա հաջորդ քայլերն են սեփական թանկագին անձի հանդեպ անսահման խղճահարությունը և զոհի կերպարի մեջ մտնելը: Իսկ անհաջողակը, «զոհը» միշտ փնտրում է իր նման «զոհերին»՝ «նեղացածների դաշինք» ստեղծելու և պարտությունների մասին անվերջանալի խոսակցություններ վարելու տողատակով: Այսպես ասած, բացասական փ՛որձի փոխանակում:

Գուցե դա տարօրինակ հնչի, բայց իմ համոզմամբ՝ մեծ հաշվով, պարտություններ, անհաջողություններ չկան, կան փորձություններ, որոնց համար պետք է շնորհակալ լինել, քանի որ դրանք դասեր քաղելու հնարավորություն են: Ինչպես ասում են՝ երբ Աստված ձեզ նվեր է ուղարկում, նա սովորաբար փաթեթավորում է այն որպես խնդիր: Որքան մեծ է խնդիրը, այնքան խոշոր է փաթեթավորված նվերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս