Ազգային ժողովում շարունակվում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Ելույթով հանդես եկավ արդարադատության նախկին նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Նա նշեց, թե շատ կարևոր է իրավունքի գերակայությունը, սակայն ընդգծեց, որ մինչ այժմ նախապատվությունը տրվել է օրենքի գերակայությանը: «Շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի իրավունքի գերակայությունն առաջնային դառնա: Բայց եթե իսկապես ունենք համակարգը զարգացնելու ցանկություն, պետք է սկսել հենց իրավունքի գերակայությունից», – նշեց նա:
Դանիելյանի խոսքով, Հայաստանում առկա է միջազգային նորմերը հայրենի օրենսդրությունում արտացոլելու խնդիր: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանում անգամ վիճարկում են հարցեր, որոնք միջազգային նորմերին են կրկնում:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Դանիելյանը նշեց, որ փորձելու են արմատական բարեփոխումներ անել, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրավական ոլորտի վրա ազդեցություն ունենալ:
«Փոփոխություններով փոքրաթիվ քաղաքական ուժերը ևս կարող են իրենց նախագծերը ներկայացնել, որոնք կընդունվեն ընդհանուր թվի 3/5-րդով, և սա նշանակում է, որ փոքրաթիվ ուժերի հետ պետք է հաշվի նստեն արդեն մեծաթիվ ուժերը: Դա վերաբերելու է նաև հանրաքվեին: Մինչ այժմ հանրաքվել հրավիրելու իրավունք ունի ԱԺ-ն, ՀՀ նախագահը և մասամբ կառավարությունը: Նոր հայեցակարգով այսպիսի նախաձեռնություն կտրվի նաև քաղաքացիական և փոքրաթիվ քաղաքական ուժերին», – հավելեց նա:
Անդրադառնալով օրենսդրական ակտեր մշակելու հարցին, նա ասաց, թե դրա համար միշտ էլ մասնագիտական ունակություններ են անհրաժեշտ: Նրա խոսքով, միշտ էլ գերատեսչական շահն ունենում է ողջամիտ ակնկալիքներ: «Խորհրդարանին կոչ կանեի քննարկելու մի տարբերակ, որ իրավական ակտերի մշակմամբ զբաղվեին մասնագիտական կենտրոնում, և այստեղ գերատեսչական շահերի չափը կմեղմվեր»,- եզրափակեց նա: