Այնպես չէ, որ դուք գողանում եք, մենք էլ էշ ենք. Գուրգեն Արսենյանը` էլէներգիայի թանկացման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխող Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում օրակարգային հարց դարձնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը:

-Պարո՛ն Արսենյան, Դուք եւս հորդորեցիք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին չանջատել պատգամավորների խոսափողները, երբ վերջիններս բարձրաձայնում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, սակայն ապարդյուն: Իշխող Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ հարցը չքննարկվի ու ԱԺ օրակարգ «չբերվի»: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝ ի՞նչն է նրանց մտահոգում, չե՞ն կարողանալու հիմնավորել այդ թանկացումը:

-Իշխանությունը ցանկանում է հարցը քննարկել, բայց ասում է՝ ոչ հիմա: Դե, Գալուստ Սահակյանը միայն իշխանություն չի ներկայացնում, պառլամենտի նիստ էր, ինքն էլ փորձում էր այն բերել իր համար հասկանալի ֆորմատի: Իսկ մտավախությունն էլ այն է, որ սպասվում է կյանքի էական թանկացում ու, բնականաբար, իշխանությունն էլ դրա համար մտահոգություն ունի: Ընդդիմությունը չի դրա պատասխանատուն, պատասխանատուն իշխանությունն է, դրա համար էլ իրենք անհանգիստ են:

-Իսկ ի՞նչ է փոխվելու, եթե այդ հարցը օրենսդիրները քննարկեն, արդյո՞ք դա կասեցնելու է էլեկտրաէներգիայի թանկացումը:

-Ոչ մի բան էլ չի փոխվելու: Ուղղակի այդ քննարկման ֆորմուլան ու ֆորմատը պետք է ուրիշ ձեւ ու ուրիշ տեղ լինի ու պատկան մարմինների միջոցով, որովհետեւ այնտեղ համատարած կողոպուտ է, համատարած գողություն է, ու այնտեղ գործում է կազմակերպված հանցագործ խմբավորում: Դա իմ կողմից տասնյակ անգամ հնչեցրած թեզ է: Գողանում են, իրենց տները լավ պահում են, իրենց կապիտալները ավելացնում են, հիմնարկը հասցնում են սննակության եզրին, որպեսզի հետո էլ գան` ասեն, ժողովո՛ւրդ, եկե՛ք, այս պարտքերը փակե՛ք, սենց չի լինում: Քանի որ բնական մենաշնորհի մասին է խոսքը, որ մեկին անես, մյուսին ասես… շատ պարզ սխեմա է, ու հիմա պետք չէ ինչ-որ բաներ փնտրել այդտեղ՝ տնտեսվարման փայլուն կամ վատ դրսեւորումներ, պարզ սխեմա է, իսկ դրա շուրջ ամեն ինչ պլանավորվում ու իրագործվում է:

-Դուք ի՞նչ ակնկալիքներ ուենք այդ քննարկումներից ու պատկան մարմինների հիմնավորումներից:

-Քանի որ այդ հարցի հետ կապված պատասխանները ես գիտեմ, դրա համար չեմ պատկերացնում, որ իրենք պետք է գան այստեղ եւ մեզ բացատրեն ինչ-որ բաներ, որոնք մեզ համար նորություն կամ շոկ կլինեն: Պարզապես գողանում են, այդ մարդիկ ֆունկցիոնալ նպատակ ունեն` գողոնալ, որովհետեւ վերահսկողությունը շատ կասկածելի մակարդակում է գտնվում, ու այդ մարդիկ հանգիստ նստած գողանում են ու տարիներով պարտքեր են կուտակում: Իսկ ՀՀ-ում ձեւավորված ավանդույթ կա՝ այդ գողացողներից ոչ ոք չի հայտնվում բանտում կամ չի վերադարձնում իր գողացածը:

-Այսինքն՝ ըստ Ձեզ` անկախ որեւէ քննարկումից կամ բարձրաձայնումից, միեւնույն է` սակագնի թանկացումն անխուսափելի՞ է:

-Այլ ճանապարհ չունենք. կա՛մ իրենք իրենց տանից իրենց գողացածը պետք է բերեն, կա՛մ էլ ժողովրդին պետք է ասեն՝ եկե՛ք, մեր գողացածը փակե՛ք: Բնականաբար, երկրորդն իրենց համար շատ ավելի նախընտրելի է: Մենք բարձրաձայնում ենք դրա մասին, որովհետեւ մենք ժողովրդի կողմից լիազորություն ստացած մարդ ենք: Մենք, ի վերջո, պետք է ասենք` մենք տեսնում ենք, որ դուք գողանում եք, այնպես չէ, որ դուք գողանում եք, մենք էլ էշ ենք, չէ, մենք տեսնում ենք, որ դուք գողանում եք, եւ դրա մասին ասում ենք:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս